Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 06-11-2018
Քննարկվել են ուսանողական եւ աշակերտական խորհուրդների զարգացման սցենարները
Նոյեմբերի 5-ին Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը (ԿՔՆ) եւ «Ռեստարտ» ուսանողական քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել էին քննարկում «Երիտասարդական մասնակցության հարթակների զարգացման տեսլականը ՀՀ կրթական համակարգում» թեմայով:



Հանդիպումը վարում էր ԿՔՆ փորձագետ, կրթության սոցիոլոգ Մարինա Գալստյանը: Նա նախ ներկայացրեց ուսանողական եւ աշակերտական խորհուրդների գործունեությունը՝ շեշտելով, որ մեզանում դրանք շատ հաճախ ձեւական բնույթ են կրում կամ ծառայում են միանգամայն այլ նպատակների. «Ըստ հետազոտությունների՝ ուսանողական խորհուրդները հաճախ ծառայել են կուսակցական որոշակի շահերի կամ քաղաքական շահարկումների են ենթարկվել, ինչպես նաեւ հանդիսացել են կուսակցությունների երիտասարդական թեւերի ձեւավորման հարթակ: Իսկ դրանց փիլիսոփայությունը եւ ֆունկցիաները միանգամայն այլ են: Դրանք ուսանողների շահերը պաշտպանող մարմիններ են, ուսանողական ինքնակառավարման մեխանիզմներ»: 



Փորձագետի խոսքով՝ աշակերտական խորհուրդները եւս լիարժեք չեն իրականացրել իրենց գործառույթները: Դրանք փորձել են ծառայեցնել որպես դպրոցի ժողովրդավարացման հարթակներ. «Մինչդեռ իրականում «հայկական ժողովրդավարացում» է տեղի ունեցել: Օրինակ՝ աշակերտական խորհրդի նախագահի ընտրությանը ուսուցիչներն ակտիվ մասնակցություն են ունեցել: Եղել են դեպքեր, երբ հենց իրենք են առաջադրել որեւէ աշակերտի թեկնածությունը»: 

Խոսելով առկա խնդիրների մասին՝ Մարինա Գալստյանը ներկայացրեց նաեւ ուսանողական ու աշակերտական խորհուրդների զարգացման սցենարները՝ նշելով, որ քննարկման նպատակը ոչ միայն խնդիրները վեր հանելն է, այլեւ համատեղ ուժերով լուծման ուղիներ գտնելը: