Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 06-11-2018
«Հայաստանը փոքր երկիր է՝ մեծ սրտի տեր մարդկանցով». Արթուրո Սանդովալը Հայաստանում է
Նոյեմբերի 7-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում լեգենդար երաժիշտ, Գրեմմիի 10-ակի դափնեկիր, շեփորահար Արթուրո Սանդովալի եւ Հայաստանի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգով կմեկնարկի «Yerevan Jazz Fest 2018»-ը:
Կուբական, լատինական ջազի արքա, Գրեմմիի 10-ակի, Billboard Music Awards-ի 6-ակի եւ Էմմիի դափնեկիր Արթուրո Սանդովալն արդեն Հայաստանում է եւ նոյեմբերի 6-ին հանդիպել է լրագրողների հետ․ «Այն, ինչ արդեն հասցրել եմ տեսնել, ինձ դուր է եկել: Շատ գեղեցիկ քաղաք է Երեւանը: Ես զարմանում եմ, թե ինչու այսքան հետաձգվեց իմ այստեղ գալը. շուտ էի ցանկանում այցելել Հայաստան: Քիչ բան գիտեմ Հայաստանի մասին. գիտեմ, որ փոքր երկիր է՝ մեծ մարդկանցով, մեծ սրտի տեր մարդկանցով»: 

Արթուրո Սանդովալը նշեց, որ շեփորի համար գրված իր ամենասիրելի ստեղծագործության հեղինակը հայ է՝  կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը. «Տարիներ առաջ Լոս Անջելեսի հայկական համայնքի կողմից հրավեր ստացա, որպեսզի այդ ստեղծագործությունը նվագեմ կոմպոզիտորի համար: Դա իսկական մարտահրավեր էր: Ես ինձ հաջողակ եմ համարում, քանի որ կոմպոզիտորին դուր եկավ: Բացի դրանից՝ մենք ոչ միշտ ենք հնարավորություն ունենում կոմպոզիտորի ներկայությամբ նվագելու ստեղծագործությունը»: 

Տաղանդավոր երաժիշտը նաեւ նշեց, որ արդեն հասցրել է նկատել՝ հայ կանայք ամենագեղեցիկն են: 

Թե ինչպիսին կլինի համերգը, Սանդովալի խոսքով՝ կախված է հանդիսատեսից. «Ամեն ինչ հանդիսատեսի ձեռքերում է: Ամեն ինչ կախված է հանդիսատեսի արձագանքից: Եթե իմ երաժշտությունը նրանց դուր գա, միասին հիանալի ժամանակ կանցկացնենք»: 

Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը մանրամասներ ներկայացրեց «Yerevan Jazz Fest 2018»-ի շրջանակում կազմակերպվող համերգների մասին. «Այս տարի «Yerevan Jazz Fest»-ը մեծացրել է իր աշխարհագրությունը: Առաջին անգամ համերգ կունենանք Արցախի Հանրապետությունում՝ Շուշիում, ինչը, հուսով եմ, կդառնա ավանդույթ»: 

Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցն էլ, խոսելով առաջիկա համերգի մասին, նշեց. «Իրականություն է դառնում տարիների մեր երազանքը. փառահեղ, լեգենդար երաժիշտը որպես մենակատար հանդես կգա մեր նվագախմբի հետ: Նա իսկապես ունի իր հետքը ջազային համաշխարհային ժառանգության մեջ:  Արթուրո Սանդովալը կենդանի լեգենդ է»: 

Անվանի լրագրող, վերլուծաբան, երաժշտագետ Արմեն Մանուկյանը ներկայացրեց իր հեղինակած «Եվրոպական ջազի պատմություն» հանրագիտարանը, որն ամբողջական տեղեկատվություն է ամփոփում եվրոպական ջազի պատմության, երաժիշտների մասին: Գրքի մի գլուխը նվիրված է հայկական ջազին: 

Պատկերասրահ՝ Արթուրո Սանդովալը Երեւանում է