Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 07-11-2018
«Երբ սպորտն ապրելակերպ է». բացվեց «ԻՆՍՊՈՐՏ» մարզաառողջարանային համալիրը
Նոյեմբերի 7-ին մայրաքաղաքում իր դռները բացեց «Նյութեքն» ՍՊԸ-ի կողմից կառուցված «ԻՆՍՊՈՐՏ» մարզաառողջարանային համալիրը:
Համալիրի բացման պատիվը վերապահվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին եւ ԵՊՀ շրջանավարտների միավորման նախագահ Արսեն Քարամյանին: 

Ժամանակակից մարզագույքով հագեցած նոր մարզաառողջարանային համալիրը լավագույնս ծառայելու է  առողջ ապրելակերպ նախընտրող հաճախորդների սպորտային առօրյայի կազմակերպման գործին: 

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այլ հյուրերի ուղեկցությամբ շրջեց համալիրում, ծանոթացավ հնարավորություններին, տեխնիկական հագեցվածությանը, ապա լրագրողների հետ զրույցում նշեց, որ  նմանաբնույթ յուրաքանչյուր համալիրի բացումը խթան է սպորտի, առողջ ապրելակերպի զարգացման համար:

Նախարարը փաստեց, որ «ԻՆՍՊՈՐՏ» մարզաառողջարանային համալիրն աչքի է ընկնում հարմարավետությամբ: Տեղաբաշխումը ճշգրիտ է կատարված, եւ դրական արդյունքներ, անշուշտ, կլինեն: 

«ԻՆՍՊՈՐՏ» մարզաառողջարանային համալիրի տնօրեն Դավիթ Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ համալիրը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր նախընտրում են առողջ ապրելակերպը. ««ԻՆՍՊՈՐՏ» մարզաառողջարանային համալիրի հիմնական «խոսքը»՝ կարգախոսը, հետեւյալն է. «Սպորտն ապրելակերպ է»:  Այսինքն՝ համալիրն այն մարդկանց համար է, ովքեր գնահատում ու կարեւորում են առողջ ապրելակերպը: Մենք առաջարկում ենք բավականին ճկուն փաթեթներ: Հաճախորդն իր ընտրությամբ կարող է օգտվել միայն լողավազանից կամ այցելել միայն ֆիթնես դահլիճ, ինչպես նաեւ ամբողջական փաթեթ ձեռք բերել: Դա իր ընտրությունն է»: 

Դավիթ Հայրապետյանը տեղեկացրեց, որ «ԻՆՍՊՈՐՏ»-ը կներկայացնի նաեւ իր արտադրանքը. «Ներկայացնելու ենք մարզահագուստ, մարզակոշիկներ, որոնք հենց «ԻՆՍՊՈՐՏ»-ի արտադրանքն են: Արդեն ունենք փորձնական օրինակներ: Մեր նպատակն է հետագայում ունենալ ավելի լայնածավալ արտադրանք ու զարգացնել «ԻՆՍՊՈՐՏ» բրենդը»:

Մարզաառողջարանային համալիրի տնօրենի խոսքով՝  առաջիկա տարիներին պլանավորվում է մարզաառողջարանային համալիրների ցանց ստեղծել: Այսինքն՝ ժամանակի ընթացքում նոր կենտրոններ կկառուցվեն: 

«ԻՆՍՊՈՐՏ»-ն իր գնային քաղաքականությունը մշակելիս հիմնվել է մի կարեւոր գործոնի վրա՝ հաճախորդներին ապահովել ծառայություններով՝ ըստ իրենց նախասիրությունների: Օրինակ՝ եթե կան մարդիկ, որոնք նախընտրում են միայն լողավազան այցելել, այդ դեպքում կարող են ձեռք բերել միայն լողավազանի փաթեթ: Հաճախորդը կարող է ընտրել ե՛ւ մեկ կամ մի քանի բաղադրիչներ, ե՛ւ ամբողջական փաթեթ, որը ներառում է 2 տեսակի սաունաներից, լողավազանից օգտվելու հնարավորություն, խմբային պարապմունքներ եւ այլն: Մեր նպատակն է այդկերպ սպորտը հասանելի դարձնել բոլորին: Մեծ ուշադրություն ենք դարձրել նաեւ հարմարավետությանը»,- նշեց համալիրի վաճառքի տնօրեն Սեդա Արշակյանը:  

Նա տեղեկացրեց, որ համալիրն առաջարկում է նաեւ ընտանեկան փաթեթներ: Բացի երեխաների համար նախատեսված պարապմունքներից՝ համալիրում գործում է նաեւ զարգացնող խաղերով հագեցած խաղասենյակ՝ նախատեսված ավելի փոքր տարիքի երեխաների համար, որոնք  2 ժամ անվճար կարող են մնալ խաղասրահում, մինչ ծնողները կմարզվեն: 

«ԻՆՍՊՈՐՏ» մարզաառողջարանային համալիրի կառուցապատման արժեքը կազմել է 1,72 մլդ ՀՀ դրամ:  Մարզահամալիրի թողունակությունը 1 ժամում կազմում է մինչեւ 150 մարդ: Կառուցապատված ընդհանուր մակերեսը 6400 քմ է:
 
Մարզահամալիրում գործում են լողավազան՝ հագեցած գերժամանակակից ֆիլտրման քառաստիճան համակարգով, ժամանակակից մարզասարքերով կահավորված ֆիթնեսի սրահ, յոգայի եւ սպորտային մարմնամարզության, խմբակային մարզումների սրահներ:

Պատկերասրահ՝ «ԻՆՍՊՈՐՏ» մարզաառողջարանային համալիրի բացման արարողությունը