Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 08-11-2018
Շրջանառության մեջ դրվեց 2 նոր նամականիշ
Նոյեմբերի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահի եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց ու շրջանառության մեջ դրվեց 2 նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակը» թեմային:
170 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Զարդարյանի «Գարուն» կտավը, իսկ 230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է Հովհաննես Զարդարյանի լուսանկարը՝ իր «Ձմեռային բնանկար» կտավի խորապատկերին: 



Նամականիշները տպագրվել են Կանադայի «Lowe Martin Group» տպագրատանը` յուրաքանչյուրը 30.000 տպաքանակով: Նամականիշների դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:



«Հայփոստ» ընկերության նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանի խոսքով` թողարկված նամականիշները մեր պատմության, մշակույթի յուրօրինակ դեսպաններն են: «Գարուն»-ն էլ կարող է դառնալ մեր մշակույթի ամենագունեղ «դեսպաններից» մեկը:



Նամականիշների մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, «Հայփոստ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը: