Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Հարություն Ծատրյանի
Տեղադրվել է 14-11-2018
Հայաստանում Երիտասարդ եվրոպական դեսպանների ցանցն ընդլայնվում է
Նախորդ երեք տարիներին 44 հայ երիտասարդ արդեն ընդգրկվել է երիտասարդական ցանցում, որի անդամների թիվը հասնում է 478-ի՝ ներառելով ԵՄ Արեւելյան գործընկերության 6 երկրներ։



Եվրամիության Արեւելյան հարեւանության նախաձեռնության շրջանակում 2016 թ.-ին ստեղծվել է երիտասարդական խոշոր ցանց, որը ներառում է այդ տարածաշրջանի ակտիվ երիտասարդներին։ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախագծի շրջանակում 3-րդ անգամ անցկացվեց նոր անդամների հավաքագրում։ Արդյունքները հայտարարվեցին հոկտեմբերին. առաջին տարում 100, երկրորդ տարում 200 անդամ ունեցող Երիտասարդ եվրոպական դեսպաններ ցանցն արդեն ունի 478 անդամ։ Այս տարի Հայաստանից ընտրվել է ծրագրի 44 մասնակից։

Չնայած Հայաստանում Երիտասարդ եվրոպական դեսպաններ ցանցի անդամների մի մասն արդեն մի քանի տարվա փորձ ունի, սակայն հիմնական կորիզը կազմում են նորեկները։ Միմյանց հետ նոր ծանոթություն հաստատելու համար օրերս հանդիպում տեղի ունեցավ։ Նախաձեռնության կազմին ողջույնի խոսք ուներ ասելու Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Վերջինս կարեւորեց երիտասարդության մասնակցությունը Հայաստանում տեղի ունեցող արդի քաղաքական գործընթացներին՝ երիտասարդներին խրախուսելով չմոռանալ, որ երիտասարդությունը ոչ միայն լավ ապագայի երաշխիքն է, այլեւ ներկան է։



Դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդիպման ընթացքում ընդգծեց, որ նախաձեռնությունն ինքնին շատ հետաքրքիր է, քանի որ կլինի երկկողմանի դեսպանական առաքելություն. մի կողմից հայ երիտասարդները կներկայացնեն Հայաստանը՝ իրենց գործունեության միջոցով այլ երկրների երիտասարդների մոտ երկրի մասին լավ պատկեր ստեղծելով։ Բացի դրանից՝ տեսանելի կլինի, որ Հայաստանն ունի տաղանդավոր, ստեղծարար ու լայնախոհ երիտասարդներ, իսկ մյուս կողմից երիտասարդները կլինեն նաեւ Եվրոպայի դեսպանները՝ Հայաստանում ներկայացնելով Եվրոպան՝ հակադրվելով դիտավորյալ ու մոլորեցնող ապատեղեկատվությանը, Եվրոպայի, մասնավորապես Եվրամիության մասին աղավաղված պատկերացումներին:

«Հայ երիտասարդությունը շատ ակտիվ է։ Մենք տեսանք, թե ինչպիսի ակտիվ մասնակցություն էր երկրի երիտասարդությունը ցուցաբերում ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած հայտնի քաղաքական գործընթացներին։ Առջեւում անելիքները շատ են։ Որպես պատասխանատու քաղաքացիներ՝ երիտասարդներդ պետք է փորձեք ամրագրել ձեր ձեռքբերումները։ Խրախուսելի է, երբ սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ առաջադրվեն նաեւ մի շարք երիտասարդ թեկնածուներ»,- նշեց ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ Երիտասարդ եվրոպական դեսպաններ ցանցի անդամներին թույլ տալով իրենց հարցերն ուղղել տարբեր թեմաների վերաբերյալ։



Երիտասարդ եվրոպական դեսպաններին հետաքրքրում էր ինչպես ԵՄ տարածքում վիզաների ազատականացումը Հայաստանի քաղաքացիների համար, այնպես էլ կոռուպցիայի դեմ պայքարում Եվրամիության աջակցությունը նոր կառավարությանը։ Պյոտր Սվիտալսկին անկեղծորեն պատասխանեց իրեն ուղղված հարցերին՝ հույս հայտնելով, որ հետագայում այդպիսի հանդիպումները պարբերական բնույթ կկրեն. «Անցած տարի մենք հանդիպեցինք դեկտեմբերին, պայմանավորվեցինք նորից հանդիպել։ Ահա եւ իրականություն դարձավ անցյալ տարի ձեռք բերված պայմանավորվածությունը։ Կուզենայի՝ այսօրինակ հանդիպումներն առավել հաճախակի բնույթ ունենային»։

ԵՄ պատվիրակության ղեկավարը, նորանշանակ Երիտասարդ եվրոպական դեսպաններին ողջունելուց, հարցերին պատասխանելուց բացի, նաեւ վկայականներ հանձնեց երկրորդ փուլի այն շրջանավարտներին, որոնք շարունակելու են հետագայում եւս ակտիվ գործունեություն ծավալել նախաձեռնության կազմում։



Հատկանշական է, որ Երիտասարդ եվրոպական դեսպաններ երիտասարդական նախաձեռնությունը նպատակաուղղված է նպաստելու ԵՄ եւ Արեւելյան գործընկեր երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի երիտասարդների եւ երիտասարդական կազմակերպությունների միջեւ համագործակցությանը: Ցանցը հիմնականում առցանց հարթակ է, որտեղ երիտասարդ դեսպանները Եվրամիության մասին տեղեկատվություն ստանալու, իրենց գաղափարները տարածելու եւ փոխանակելու հնարավորություն ունեն:

Հայաստանի Երիտասարդ եվրոպական դեսպաններ նախաձեռնության կազմում ընդգրկված են տարբեր հետաքրքրությունների եւ մասնագիտությունների տեր 44 երիտասարդներ՝ ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետներից, ճարտարագետներից մինչեւ անգամ երիտասարդական աշխատողներ, քաղաքագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, բուհերի ուսանողներ, նույնիսկ կան ասպիրանտներ եւ դասախոսներ։ Սա հնարավորություն է տալիս անդամների ունեցած հետաքրքրությունների լայն ու բազմազան շրջանակը կիրառելի դարձնել արդեն ակտիվ գործողությունների ծրագիր մշակելիս։