Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 16-11-2018
Էմիլ Կարատը՝ Մարիամ Մերաբովայի համերգի, անակնկալների ու Հայաստանում աշխատանքի մասին
Ճանաչված երգչուհի Մարիամ Մերաբովան հանդես կգա Հայաստանում «Երջանկության 100 ժամ» համերգային ծրագրով: Համերգային երեկոն կանցկացվի նոյեմբերի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Ձեզ ենք ներկայացնում հարցազրույց գլխավոր հայտնի շոումեն և համերգի պրոդյուսեր Էմիլ Կարատի հետ:

- Առաջին հերթին անդրադառնանք Մարիամ Մերաբովայի հայաստանյան համերգին: Տեղյակ ենք, որ դա սիրված երգչուհու առաջին այցը չէ Հայաստան: Ինչո՞վ է յուրահատուկ լինելու այս համերգը:

- Եթե խոսում ենք Մարիամի եւ նոյեմբերի 29-ի համերգի մասին, ապա ես առաջին հերթին պետք է ասեմ, որ միշտ իմացել եմ ու Մարիամին ասել եմ այն մասին, որ նա ունի մեծ երգացանկ ներկայացնելու հնարավորություն: Նա հիանալի կատարում է խորհրդային էստրադային երգերն ու լիրիկական, դրամատիկ ստեղծագործությունները, բալլադները: Դրանք կատարում է ուրույն, իրեն բնորոշ ձեւով, բայց նա շարունակում էր նվաճել ջազային կատարողական արվեստի բարձունքները: Այդ ժամանակ երգչուհու ստեղծագործական կյանքում հայտնվեցին այնպիսի վոկալ ու հեռուստատեսային նախագծեր, ինչպիսիք են «Голос»-ը, «Три аккорда»-ն եւ այլն: Երգչուհու կյանքը թելադրեց, որ նա պետք է ներկայացնի վառ եւ նոր երգացանկային ներկապնակ, որը դարձավ «Երջանկության 100 ժամ» ծրագրի հիմքը: Ծրագրի պրեմիերան տեղի ունեցավ Մոսկվայի Միությունների տանը: Ես մշտապես ցանկացել եմ, որ Երեւանում ունկնդրեն հենց այդպիսի Մերաբովայի: Կարծում եմ, որ ջազ երաժշտության եւ Մերաբովայի երկրպագուներն անտարբեր չեն մնա եւ կբացահայտեն բոլորովին այլ Մարիամի: 

- Որքա՞ն ժամանակ է՝ ճանաչում եք Մարիամին եւ ինչպե՞ս սկսեցիք համագործակցությունը:

- Մեր ծանոթությունը, ընկերությունն ու համագործակցությունը սկսվեցին 1995-ին: Արդեն 23 տարի ճանաչում ենք իրար: Մեր ընկերությունը հսկայական պատմություն ունի՝ լի լիարժեք փոխըմբռնումով: Ուրախ եմ, որ ես եւ իմ ընկերները կազմակերպում ենք  նրա համերգները մեր հայրենիքում:

- Տեղյակ եմ, որ տարբեր ձեւաչափերի միջոցառումներ եք կազմակերպում տարբեր երկրներում: Հե՞շտ է արդյոք աշխատել Հայաստանում: Եվ արդյոք Ձեզ դո՞ւր է գալիս այստեղ աշխատելը: 

- Միանշանակ պատասխան չունեմ: Նախագծերն ավարտվում են, եւ տարիներ շարունակ մնում են միայն հաճելի զգացողությունները: Պետք է ասեմ, որ Երեւանում ամեն ինչ ուրույն կերպ է: Դժվարություններ կան ամենուր: Երեւանում դրանք սպեցիֆիկ են, քանի որ, օրինակ, Հայաստանում չկան համերգային ռեժիսորներ: 

- Որքա՞ն համերգային ծրագրեր եք իրականացրել Ձեր գործունեության ընթացքում: Դրանցից քանի՞սն եք կյանքի կոչել Հայաստանում: 

- Իհարկե, չեմ հաշվել, բայց՝ երեւի մոտ 300: Հայաստանում այդքան էլ շատ չեն եղել հանդիսատեսի համար նախատեսված բաց ծրագրերը: Բաց նախագծերից կարող եմ առանձնացնել 2013-ի Երեւանյան երաժշտական շաբաթ փառատոնը, 2015-ի Մերաբովայի համերգային շրջագայությունը, Էռնա Յուզբաշյանի հոբելյանական շրջագայությունը: Մասնակցել եմ նաեւ Նարգիզի համերգի եւ «Սառույցի արքաները. Fashion on ice» նախագծի իրականացման աշխատանքներին: 

- Ի դեպ, Երեւանյան երաժշտական շաբաթ փառատոնի մասին: Նպատակ կա՞ այն եւս մեկ անգամ անցկացնել: 

- Փառատոնի գաղափարն ու ձեւաչափը շատ հաջողված եւ խոստումնալից էին: Սակայն մոտակա ժամանակներս այն իրականացնելու նպատակ չկա: Կարծում եմ, որ Երեւանում բազում միջոցառումներ են անցկացվում, եւ հանդիսատեսը չի «աղքատանա», եթե այն չկրկնենք: