Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 17-11-2018
Ի՞նչ ազդեցություն ունի մեդիայում ներկայացվող ագրեսիան
Ագրեսիան դրդապատճառային վարք է, որը հաճախ կարող է վնաս պատճառել մեկ այլ օբյեկտի կամ մարդկանց, ովքեր իրենց համար դեպրեսիա, անհարմարություն, լարվածություն (սթրես), ճնշված վիճակ են առաջացնում:

«Ագրեսիա» հասկացությունը գրականության մեջ օգտագործելով՝ որոշ հետազոտողներ հասկանում են ուժեղ ակտիվություն, ինքնահաստատման ձգտում: «Ագրեսիա» ասելով հասկանում են նաեւ թշնամության փաստեր, ջարդեր, այսինքն՝ գործողություններ, որոնք առաջացնում են կենդանի կամ անկենդան օբյեկտների քայքայում: Միեւնույն ժամանակ հեղինակներն առանձնացնում են «ագրեսիա» հասկացությունը որպես վարքի ձեւ եւ «ագրեսիվությունը» որպես անձի հոգեկան վիճակ: Ընդ որում՝ ագրեսիային բնորոշողը համարվում է վարքը, որը վնաս է հասցնում: Այդ վնասը կարող է լինել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի, օրինակ՝ բամբասանք տարածելը (աղբյուրը՝ Ագրեսիա): 

Ագրեսիայի հանդիպում ենք առօրյայում: Եվ, ինչպես ցանկացած երեւույթ, ագրեսիան եւս իր արտացոլումն է ստանում լրատվամիջոցներում: Հաճախ այն վերադառնում է դրա սպառողներին՝ ագրեսիվ «հմտություններ» սովորեցնելով: Կամ էլ հրապարակված ինֆորմացիան ագրեսիայի է դրդում: Eritasard.am-ի թղթակիցը հոգեբան Աննա Բադալյանից փորձել է պարզել, թե ինչ ազդեցություն է ունենում մարդկանց, հատկապես երիտասարդների վրա մեդիայով ներկայացվող ագրեսիան:

- Ի՞նչ ազդեցություն ունի մեդիան հասարակության վրա։

- Եթե հոգեբանական տեսանկյունից դիտարկենք, գոյություն ունեն մասնագիտություններ, կան երեւույթներ, որոնք համարվում են կրթող, դաստիարակող, այսինքն՝ նրանց գործառույթներից են գեղագիտական ճաշակ ձեւավորելը, կրթելն ու դաստիարակելը: Նույն կերպ մեդիան ոչ միայն ծառայում է որպես տեղեկատվության անփոխարինելի աղբյուր, այլեւ կրթում եւ դաստիարակում է: Դա է պատճառը, որ ոչ կոռեկտ, էթիկայի կանոնները չպահպանելով գրված լուրերը հասարակության մեջ ձեւավորում են ներքին եւ միջանձնային կոնֆլիկտներ, որոնք հաճախ կարող են հանգեցնել ագրեսիվ դրսեւորումների:

- Բռնության ցուցադրությունն ի՞նչ ազդեցություն է ունենում հատկապես երիտասարդների վրա։

- Երիտասարդների հետ կապված՝ տարիքային շեմը փոքր-ինչ վիճահարույց է, քանի որ երիտասարդ կարող ենք համարել նաեւ անչափահասներին, որոնք պատանեկության եւ երիտասարդության շեմին են: Նրանք իրենց կյանքում շատ կարեւոր փուլում՝ հուզահոգեբանական եւ ֆիզիոլոգիական հասունացման խաչմերուկում, երբ ունեն ինքնահաստատման, ինքնազարգացման, հոգեբանական հասունացման խնդիր, առճակատվում են նման երեւույթի հետ, եւ արդյունքում իրենք կարող են լինել բռնության (ֆիզիկական, հոգեբանական, սեռական) կրողը, նույնիսկ եթե իրենք դեմ են: Դա կարող է արտահայտվել տարբեր կերպ. մեկը կարող է լինել բռնարար, մյուսն ունենա խորը հոգեբանական տրավմաներ, կորցնի հետաքրքրությունը շրջապատի նկատմամբ, սոցիալական շփումները դառնան զրոյական, եւ առաջանան սոցիալական ֆոբիաներ:

- Անցումային փուլում լինե՞լն է նրանց ագրեսիայի թիրախ, խոցելի խումբ դարձնում։ 

- Իհարկե: Նրանք խոցելի խմբեր են համարվում: Այն երիտասարդները, ովքեր ունեցել են կայուն հոգեբանական հասունություն, չեն ունեցել ներքին միջանձնային կոնֆլիկտներ, նրանք կարող են այդ ամենն ուղղակի անտեսել, մերժել նմանատիպ երեւույթները, որովհետեւ ունեն հասուն, դրական օրինակ: Սակայն հաճախ լինում է, երբ մեկ ուրիշ երեւույթից մարդն ապատիկ վիճակում է հայտնվում: Ներքին հին կոնֆլիկտներն արթնանալով, նորը, հետաքրքիրը ճանաչելու, իմանալու մղումը կարող են կարծես թե հասուն, գիտակից, կայացած մարդուն գցել այդ սարդոստայնի մեջ:



- Ագրեսիայի կրկնօրինակումն ինչպե՞ս կարող է դրսեւորվել մասնավորապես հասակակիցների հետ շփման մեջ։

- Երբ խոսում ենք օրինակելի վարքային դրսեւորումների մասին, մենք նկատի ունենք, որ այդ ամենը դրականն է, լավն է, բարեկիրթն է, միջանձնային նորմալ հարաբերություններն են, բայց ստացվում է այնպես, որ որեւէ բան խրախուսվում է մեկ այլ ձեւով: Մարդը, որի համար դա նորություն է, կարող է անցնել այդ վարքային դրսեւորմանը, օրինակ՝ խոսքային ագրեսիայի: Ի դեպ, ագրեսիա պետք չէ դիտարկել միայն վարքայինը. այսօր մեդիայով կարծես գրական խոսքն էլ է վերացել, հատկապես՝ սերիալներում: Ինքնահաստատվող (հիմնականում բացասական) կերպարները երեխաների համար դառնում են օրինակելի: Երբ երեխան տեսնում է, որ մեծահասակը նայում է այդ սերիալը, երբ տեսնում է, որ շրջապատում տարածված է, իր համար չափանիշային կերպար է ստեղծվում: Ի վերջո, դա կարող է դառնալ իր վարքի դրսեւորումը: Կրկնօրինակումն ամենավատն է: Մյուս բացասական ազդեցությունն այն է, որ մարդը կարող է պարփակվել, ընկնել ընկճախտի մեջ, իր համար ամեն ինչ դառնա անհետաքրքիր, որովհետեւ չափանիշ դարձած այդ կերպարներն իր համար խորթ են. նա դառնում է հասարակությունից կտրված անհատ:

- Կա՞ ագրեսիա ցուցադրելու հատուկ նպատակ։

- Կարծում եմ, որ ցուցադրողները մտածում են՝ կա լսարան, դրա համար էլ ցուցադրում են: Նրանք սիրում են կրկնել, որ կա պահանջարկ, եւ ըստ պահանջարկի են շարժվում, բայց չէ՞ որ ցուցադրելով եւ խրախուսելով դրականը՝ կարելի է լսարանին զերծ պահել ագրեսիվ, անորակ հաղորդումներից եւ ֆիլմերից: 

- Կարծիք կա, որ բռնություն ցուցադրելով՝ ավելի հեշտ է դառնում մարդկանց կառավարելը, դա կարո՞ղ ենք համարել բռնություն ցուցադրելու դրդապատճառ։ 

- Բռնություն ցուցադրելով՝ մարդկանց կառավարելը հեշտ չէ, ընդհակառակը՝ բռնությամբ մեծացած մարդը կարող է այնպիսի պոռթկում ունենալ, որ անկառավարելի լինի: Ուղղակի նմանատիպ երեւույթներն անընդհատ լարվածության մեջ են պահում մարդկանց, կարծես մանիպուլյացիայի ձեւ են, որ մարդիկ կենտրոնանան միայն այդ երեւույթների վրա, որովհետեւ այդպիսի ֆիլմերն ու հաղորդումները հետաքրքրություն են առաջացնում. դիտողն անհամբերությամբ սպասում է, թե հետո ինչ կլինի, իսկ այդ «հետո»-ները կրկնվում են, եւ ստացվում է՝ նա ամբողջ օրը գամված է հեռուստացույցին, համացանցին եւ այն ամենին, ինչից այդ տեղեկատվությունը ստանում է:

- Ի՞նչ անել ագրեսիայի ազդեցության զոհը չդառնալու համար:

- Ագրեսիայի զոհը չդառնալու համար առաջին հերթին կարեւոր է մարդուն դաստիարակության, խոսքի, վարքի մեջ ուսուցանել գեղեցիկը, բարին, լավը: Յուրաքանչյուր ոք իր հոգեբանական հասունության շրջանում ունենում է ռեֆերենտ խումբ կամ էակ: Այդ ժամանակ եթե դրականը շատ լինի, եւ դա ուսանելի լինի անհատի համար, մարդու հուզական դաշտը կլցվի դրականով, բարությամբ, հանդուրժողականությամբ, սիրով, ջերմությամբ: Այդ դեպքում մարդու պոռթկումները կլինեն խենթ, իսկ եթե բացասական էներգիայով լցվի, մարդու պոռթկումները կլինեն ագրեսիվ: Եթե անհատն ունենա իր կարծրացած հոգեկերտվածքը, ագրեսիվ դրսեւորումներն իրեն խորթ կլինեն: Կրթող, դաստիարակող, ճաշակ ձեւավորող գործառույթներ ունի նաեւ մեդիան:

- Դեռահասների ծնողներն ինչպե՞ս վարվեն՝ իրենց զավակների շրջանում մեդիայով տարածվող ագրեսիայի ազդեցությունը նվազեցնելու համար: 

- Պետք չէ ամբողջապես արգելել մեդիայից օգտվելը, որովհետեւ դեռահասները տեղեկատվություն, միեւնույնն է, ստանում են: Այս պարագայում կարեւոր է ոչ այնքան ծնողների գործոնը, այլ պետական մտածողությունը, երիտասարդների, երեխաների համար շատ հաղորդումների առկայությունը, որոնցում յուրաքանչյուր պատանի կգտնի իրեն հատուկը, հետաքրքիրը: Բազմազանության շնորհիվ չենք սպանի երեխայի անհատականությունը: Երբ անհատականությունը կորչում է, մարդը դառնում է ագրեսիվ, վտիտ: