Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 19-11-2018
Արտյոմ Մարտիրոսյան. «Երազանքներն իրականանում են լեռներում»
Eritasard.am-ի «Հաջողության գրավականը» խորագրի ներքո շարունակում ենք ներկայացնել այն երիտասարդներին, որոնք իրենց մասնագիտական ոլորտներում հաջողությունների են հասել, ինչպես նաեւ առանձնանում են իրենց բազմակողմանի զարգացվածությամբ: Այս անգամ զրուցել ենք 29-ամյա լեռնագնաց, գիդ-ուղեկցող, «Արմլենդ» զբոսաշրջային ակումբի ղեկավար Արտյոմ Մարտիրոսյանի հետ:

Մասնագիտության հստակ ընտրություն

Դպրոցական տարիներին շատ էի սիրում աշխարհագրություն առարկան: Ունեմ ռուսական կրթություն, ինչպես նաեւ կյանքիս որոշ ժամանակահատվածն Ուկրաինայում եմ ապրել: Բնականաբար, ռուսերենին լավ տիրապետելն ու աշխարհագրության հանդեպ սերը նպաստեցին, որպեսզի կրթություն ստանալուս որոշման հարցում կանգ առնեմ տուրիզմի ոլորտի վրա, քանի որ միշտ սիրել եմ ճանապարհորդել, տեսարժան ու պատմական վայրեր այցելել: Որոշեցի ընդունվել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի տուրիզմի բաժին: Երբ արդեն 3-րդ կուրսում էի սովորում, սկսեցի մասնակցել արշավների եւ հասկացա, որ դա այն ոլորտն է, որտեղ ես ցանկանում եմ լինել, գործունեություն ծավալել: 

Լեռների հաղթահարում եւ ավելի բարձր գագաթների ձգտում…

Առաջին լեռը, որ բարձրացել եմ, Հատիսն է եղել: Այդ ժամանակ 20 տարեկան էի, 3-րդ կուրսի ուսանող, եւ, անկեղծ ասած, չէի պատկերացնում, թե ինչ է լեռնագնացությունը: Ընկերներիս առաջարկով որոշեցի բարձրանալ: Չնայած առաջին անգամ էր, սակայն կարողացա հաղթահարել եւ հասկացա, որ դա շարունակական բնույթ է կրելու, եւ ավելին՝ արդեն գլխումս լեռների անուններ էին պտտվում, եւ բարձրանալու ցանկություն կար: Դրանից մեկ ամիս անց հաղթահարեցի Արա լեռան բարձունքը: Զգացողություններն իրականում աննկարագրելի էին: Եվ հետաքրքիրն այն էր, որ ամեն օր այլ բարձունքներ հաղթահարելու ցանկությունը մեծանում էր: Եվ այդ ցանկությունը տարավ դեպի Արագածի բարձունք: Այդպիսով Արագածը դարձավ 3-րդ լեռը, որը ես բարձրացա: 



«Արմլենդ» զբոսաշրջային ակումբի հիմնումը...

Համալսարանն ավարտելուց հետո զորակոչվեցի բանակ: Ծառայությունից վերադառնալուց հետո հիմնեցի «Արմլենդ» զբոսաշրջային ակումբը: 2013 թվականին դրվեց «Արմլենդ» զբոսաշրջային ակումբի հիմքը, սակայն պաշտոնական բացումը 2014 թ. մարտի 9-ին տեղի ունեցավ ակումբի շրջանակում առաջին արշավի կազմակերպմամբ: Երբ ակումբի ստեղծման գաղափարն առաջացավ, իհարկե, մտավախություն կար, որ գուցե չհաջողվի: Ես բավականին երիտասարդ էի եւ գիտակցում էի, որ դա այն ոլորտն է, որտեղ բավականին փորձառու մարդիկ եւ կազմակերպություններ կան, ուստի առանց խոշոր ֆինանսական ներդրումների իհարկե բարդ էր առաջին քայլերն անելն ու ճանաչելի դառնալը: Սակայն 1 տարվա ընթացքում կատարած հսկայածավալ աշխատանքը փաստեց, որ մենք կարող ենք մեր ուրույն տեղն ունենալ դաշտում, եթե շարունակենք նույն ոգով, նույն նպատակասլացությամբ աշխատել: Մեկ տարվա ընթացքում մեր կատարած աշխատանքի որակի, անվտանգության ապահովման բարձր մակարդակով դարձանք ճանաչելի: Կարող եմ ասել, որ անցած տարիների ընթացքում մենք առաջընթաց ենք գրանցել, քանի որ մեծացել է այն մարդկանց թիվը, ովքեր դիմում են մեզ, մասնակցում մեր արշավներին: Ունենք նաեւ արշավականներ, ովքեր մշտապես մասնակցում են մեր արշավներին: Այդ ամենը ես կապում եմ մեր նվիրված աշխատանքի հետ:  

Արշավների աշխարհագրությունը...

Արշավները չեն սահմանափակվում միայն Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության տարածքներով: Բարձրացել ենք Կազբեկ լեռը՝ 3 անգամ (Վրաստան), Արարատը՝ 2 անգամ (Արեւմտյան Հայաստան, ներկայիս Թուրքիայի տարածք), Էլբրուսը (Եվրոպայի ամենաբարձր կետը): Առաջիկայում պլաններ կան Իրան գնալու՝ Դամավանդ (կամ Դամավենդ) լեռը բարձրանալու նպատակով: 

Քիչ բացահայտված վայրերը պակաս գրավիչ չեն...

Իրականում կան վայրեր, որոնք շատ գեղեցիկ են, սակայն շատերը չգիտեն դրանց մասին: Օրինակ՝ երկու տարի առաջ Իջեւանում մի շատ գեղեցիկ լեռ բացահայտեցինք՝ Սառցապատը: Այդ լեռը բարձրանալ ցանկացողների թիվը եւս շատ է: Հուսամ՝ ամեն տարի կշատանա: 



Գիդ-ուղեկցորդ, լուսանկարիչ...

Արշավների ժամանակ ես ինքս հանդես եմ գալիս որպես գիդ-ուղեկցորդ: Սովորաբար խմբում լինում է 2 գիդ, սակայն խմբի մեծությունից կախված՝ կարող են լինել նաեւ 4-5 հոգի: Գիդ-ուղեկցորդ լինելը երբեմն զուգորդվում է՝ լուսանկարչությամբ զբաղվելով: Սիրում եմ լուսանկարել թե՛ բնություն, թե՛ արշավների ընթացքը: Լուսանկարչությունը, կարելի է ասել, հոբբի է: Լուսանկարներս հաճախ տեղ են գտնում «Гора» ու Армения «Туристическая» ամսագրերում

Անվտանգության ապահովումը...

Լեռները բոլորի համար բաց են, եւ յուրաքանչյուր մարդ, ով իր ուժերի ու կարողությունների վրա վստահ է, ապա կարող է բարձրանալ: Սակայն, եթե կան անգամ փոքր առողջական խնդիրներ, ապա արշավի կազմակերպիչներին պետք է զգուշացնել: Կան չափանիշներ, եւ եթե տվյալ մարդու առողջական վիճակը չի ներում, որ նա մասնակցի տվյալ արշավին, ապա նա զգուշացվում է այդ մասին: Երբեք չպետք է ռիսկի դիմել: Արշավից առաջ համաձայնագիր է կնքվում, քանի որ մեզ համար առաջնայինն անվտանգության ապահովումն է: 

Օտարերկրացիների հետաքրքրությունները...

Արշավախմբերում շատ ենք ունենում օտարերկրացիներ, որոնք, իմանալով մեր եւ մեր արշավների մասին, միանում են մեզ: Առհասարակ օտարերկրացիները, որոնք տարբեր ծրագրերով Հայաստանում են լինում, միշտ իրենց հանգիստը կազմակերպում են՝ արշավներին մասնակցելով, տեսարժան եւ պատմական վայրերն ուսումնասիրելով: Նրանց մոտ այդ մշակույթը զարգացած է: Մեր նպատակը եւս արշավային մշակույթը Հայաստանում տարածելն է: Ես որեւէ երկիր մեկնելուց միշտ մտածում եմ այդ երկրների ամենաբարձր գագաթները բարձրանալու մասին: Եվ իհարկե իրականացնում եմ իմ այդ ցանկությունը:



Մրցույթներին մասնակցելն ու նոր բարձունքները հաղթահարելու կարեւորությունը...

 2013 թ. սեպտեմբերին Հայաստանում կայացավ «Skyrunning» միջազգային մրցույթը, որին մասնակցում էր մոտ 30-40 հոգի: Կարծում եմ՝ ես այդ ժամանակ բավականին լավ արդյունք ցուցաբերեցի` 3 ժամ 20 րոպեում կարողացա բարձրանալ եւ իջնել Արագածի հյուսիսային գագաթը՝ զբաղեցնելով 10-րդ տեղը: Սակայն, անկեղծ ասած, ես ուշադրությունս շատ չեմ սեւեռում մրցույթների վրա: Իհարկե, հաճելի է մասնակցել, լավ արդյունքներ գրանցել, սակայն ես առավել կարեւորում եմ նոր լեռնային ուղիներ բացահայտելը եւ դրանք դարձնել ավելի հասանելի բնության սիրահարներին և իհարկե զբոսաշրջիկներին։

Ամեն անգամ նոր գաղափարներ ու նպատակներ կան, որոնք արդեն կապվում են արտաքին շուկայի հետ: Ի վերջո, առաջ գնալու համար անհրաժեշտ է նաեւ արտաքին շուկայի հետ աշխատելը: Այս տարի արշավների քանակը կլորացնելու եւ 200-ի հասցնելու նպատակ կար, ընդ որում՝ որոշել էի, որ մինչեւ 30-ամյակս դա իրականացնեմ: 

Հոբբի՞, թե՞ բիզնես...

Շատերն այն կարծիքին են, որ տուրիզմի հանդեպ սերը մի օր վերածվում է բիզնեսի: Դրա մեջ ճշմարտություն կա, սակայն ես կարծում եմ, որ այն աշխատանքը, որով զբաղվում ես, պետք է սիրես, նվիրվես: Աշխատանքիդ լավագույն գնահատանքը, անխոս, քեզ ու քո կազմակերպությանը դիմող մարդիկ են, որոնք քեզ վստահում են, գիտեն, թե ինչպես ես աշխատում: Ակումբի հաջողությունը համարում եմ հենց յուրաքանչյուրի մասնակցությունն ու բարձր գնահատականը: 

Այլ նախասիրություններ...

Սիրում եմ ֆիլմեր դիտել, երաժշտություն լսել: Տարիներ առաջ դհոլ եմ նվագել: Փոքր տարիքում տարբեր սպորտաձեւերով եմ զբաղվել՝ ֆուտբոլ, բասկետբոլ, լող: Իհարկե այդ սպորտաձեւերը շատ են նպաստել իմ ֆիզիկական պատրաստվածության բարձրացմանը: 



Գործունեությունը բացառապես Հայաստանում ծավալելու մասին...

Ես ինձ միայն Հայաստանում եմ տեսնում, իսկ արտերկրում՝ միայն որպես ճանապարհորդ, լեռնագնաց, ով բարձունքներ հաղթահարելու նպատակ ունի: Հայաստանը բացառիկ երկիր է, որով զբոսաշրջիկները հետաքրքրված են, եւ ես կարծում եմ, որ կարող եմ իմ ներուժն ու գիտելիքներն օգտագործել նրանց հոսքը շատացնելու համար: Հայաստանն ինքնին գրավիչ երկիր է եւ անընդհատ բացահայտվելու կարիք ունի: 

Երազանքներն իրականանում են լեռներում...

Իրականում կարծում եմ, որ լեռնագնացությունը մեծ փիլիսոփայություն է պարունակում, որն ամեն մարդ տարբեր կերպ է ընդունում եւ ընկալում: Մարդիկ իրենց խառնվածքով տարբեր են: Ոմանց համար այն պարզապես բարձունք է, որը պետք է հաղթահարել, շատերի համար՝ հոբբի, իսկ շատերի համար էլ՝ բնությանը մոտ լինելու միջոց, ովքեր ուզում են զգալ բնությունն իր ողջ հմայքով ու ուժով: 

Երազանքներն իրականանում են լեռներում... Մեր որդեգրած այս նշանաբանը կամ, ավելի ճիշտ, գաղափարախոսությունը շատերին է ոգեշնչում: Երբ մարդիկ ունեն երազանք եւ ձգտում են դրա իրականացմանը, ապա պետք է որոշակի ճանապարհ հաղթահարեն, որը լի է դժվարություններով: Առհասարակ կյանքում ոչնչի հեշտ չէ հասնել: Լեռ բարձրանալու ամբողջ ընթացքում մարդ զգում է այդ դժվարությունները, սակայն ներքին ուժն ու երազանքը նրան դեպի վերեւ են մղում՝ դեպի բարձունք: 

Հաջողության գրավականը…

Գնահատված լինելը: Շատ կարեւոր է, որ աշխատանքդ գնահատվում է: Գնահատված լինելը կարեւոր է ցանկացած գործում, քանի որ այն ավելին անելու, ավելիին հասնելու խթան է: