Նյութը՝ Դիանա Գաբրիելյանից
Լուսանկարները՝ Անաիդ Քեշիշյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 20-11-2018
Գեղանկարչուհի Անաիդ Քեշիշյանի ցատկը թվերի աշխարհից․․․ արվեստանոց
Շվեդիայում բնակվող գեղանկարչուհի Անաիդ Քեշիշյանի հասցեն արվեստանոցն է։ Այդտեղ նա ճանապարհորդում է գույների աշխարհում․ վրձինը վայր է դնում, երբ նկարը հայտնվում է ցուցասրահի պատին։

Երիտասարդ Անահիտը սկզբում ընտրեց լեզվաբանի մասնագիտությունը, հետո փորձեց խաղալ թվերի հետ՝ ընտրելով տնտեսագիտությունը, ի վերջո հասկացավ, որ իրենն արվեստն է։ Թվերի փոխարեն սկսեց գործել գույներով։ Արվեստով զբաղվեց ավելի ուշ, բայց՝ վերջնական։ Բազմաթիվ լեզուների տիրապետելով հանդերձ՝ այսօր նա խոսում է հենց արվեստի լեզվով։

- Անաի՛դ, հիշո՞ւմ եք Ձեր առաջին նկարը: 

- Հիշում եմ, աբստրակտ նկար էր։ Առանց մտածելու ու պատկերացնելու, թե ինչ կստացվի, վրձինը վերցրեցի ու սկսեցի նկարել՝ տարբեր գույներ, տարբեր չափի գծեր․․․ Այդ պահին  ընդամենը ներքին զգացմունքներս էի փոխանցում կտավին, ի վերջո աբստրակտ գույները վերածվեցին խորաթափանց աչքերի, հետո՝ աքլորի, հետո էլ զգացմունքներով ապրող մի սրտի, որն էլ զարդարեց էստոնացի բանաստեղծուհիներից մեկի գրքի շապիկը։ 

- Ձեր նկարներում հիմնականում իշխում են կարմիրը եւ կապույտը։  Ինչո՞ւ հենց այդ գույները․․․

- Այո՛, շատ եմ սիրում կարմիր եւ կապույտ գույների հակադրությունը։ Գիտեք, ապրելով ցուրտ երկրում եւ ունենալով հայի տաք արյուն՝ այն կարծես իմ կյանքը հավասարակշռության մեջ է պահում։ Կարմիրը տաք գույն է՝  զգացմունքների, կյանքի ուժի, սիրո․․․ Զուր չէ, որ Հնդկաստանում հարսանիքներին կրում են կարմիր սարի,  Չինաստանում այն նույնպես հաջողության եւ հարստության գույն է։ 

Կապույտ գույնն էլ աշխարհում եւ բնության մեջ ամենաշատ օգտագործվող գույներից է։ Այն ծովի, երկնքի, մաքրության ու  խաղաղության գույնն է։ Կարծես հանգստացնող հատկանիշ ունի։

- Որքանով տեղյակ եմ, սիրում եք նկարել կանանց, բայց չեք սիրում նկարել բնություն։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

- Այո՛, սիրում եմ նկարել կանանց։ Նրանք ոգեշնչում են, հիացնում։ Պատահական չէ, որ համաշխարհային ճանաչված գործերում հենց կանայք են պատկերված։ Նկարելիս ամեն անգամ հիշում եմ Պիկասոյի խոսքերը․ «Կանայք հոգեկան տառապանքի մեքենա են»։ Ասեմ, որ բնություն նկարել չեմ սիրում, բայց հենց տեղափոխվեմ Հայաստան, կսկսեմ նկարել նաեւ բնություն։ Ճիշտ է, Շվեդիան կանաչապատ երկիր է՝ կղզիներով հարուստ, բայց միատիպ է, իսկ Հայաստանն ինձ համար թանգարան է բաց երկնքի տակ, այդտեղ յուրաքանչյուր անկյուն տարբերվող է։ 

-  Ձեր նկարներով ի՞նչ եք փոխանցում արվեստասերներին։ Ո՞րն է Ձեր ասելիքը։

- Քանի որ ստեղծագործելիս յուրաքանչյուր նկարիչ փոխանցում է նաեւ իր էներգիան, փորձում եմ կտավին հանձնել միայն դրական զգացմունքներ ու զգացողություններ։ Նկարներիս միջոցով փոխանցում եմ իմ սերը կյանքի նկատմամբ։ Իմ կյանքը մշտապես հագեցած է ու հետաքրքիր գույներով լի։ Ապրելով տարբեր երկրներում՝ խոսում եմ ութ լեզվով եւ շփվում եմ շատ հետաքրքիր մարդկանց հետ։ Իմ նկարներից յուրաքանչյուրը կյանքիս մի հատվածի պատմությունն է ներկայացնում։ 

-  Անաի՛դ, պետք է խնդրեմ՝ նկարագրե՛ք նկարելու ընթացքը։

- Նկարելուս ընթացքը փոփոխվում է տարվա եղանակների հետ։ Ամենաարդյունավետը լինում է ամառվա շրջանում, երբ ուշ է մթնում, եւ ստեղծագործելու համար ժամանակ շատ է լինում։ Հոկտեմբերից-մարտ ընկած հատվածում ավելի քիչ եմ նկարում, երբ դրսում մռայլ եղանակ է։ Սիրում եմ ստեղծագործել գիշերով, երբ բոլորը քնած են, եւ ես միայնակ եմ մնում կտավի ու ներկերի հետ։

-  Որպես արվեստագետ որքանո՞վ եք Ձեզ գնահատված զգում։ Այսօր շատ է խոսվում, որ հանրությունը հեռացել է արվեստից, եւ իրական արվեստն այլեւս պատշաճ չի գնահատվում: 

- Այն հանգամանքը, որ ես նաեւ տնտեսագետ եմ, ինձ օգնում է  ճիշտ կողմնորոշվել անգամ արվեստի ոլորտում։ Վերջերս հրավեր ստացա Ամստերդամի թագավորական պալատից եւ դեկտեմբերի 6-ին պիտի մասնակցեմ մրցանակաբաշխությանը՝ ներկայացնելով ե՛ւ Էստոնիան, ե՛ւ Հայաստանը։ Ես նաեւ Էստոնիայի նկարիչների միջազգային միության անդամ եմ (International Union of artists of Estonia), վերջերս դարձա նաեւ «Մաչանենց» արվեստաց կենտրոնի դեսպանը Շվեդիայում։  Տարբեր միջոցառումների շրջանակներում հանդիպել եմ ռեժիսոր Մել Գիբսոնի, դերասան Ջոն Տրավոլտայի, աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի հետ։ Նրանք շատ են հավանել գործերս։ Այս առումով ես համարում եմ, որ իմ ստեղծագործական գործունեությունը գնահատվում է։ 

- Սովորաբար արվեստը նաեւ անկեղծության կրողն է: Որքա՞ն է անկեղծության սահմանն արվեստագետի եւ աշխարհի միջեւ, որտեղի՞ց է այն սկսվում: 

- Իմ անկեղծությունն անսահման է կտավի վրա։ Սակայն այն չեմ կարող պարտադրել բոլորին։ Օրինակ՝ իմ մերկ կանանց պատկերներով ցուցահանդեսին չեմ կարող հրավիրել Ինդոնեզիայի դեսպանին՝ հարգելով նրա կրոնը, թեեւ նա իմ լավ բարեկամներից է։ 

-  Եվ վերջում խնդրում եմ՝ ավարտե՛ք հետեւյալ նախադասությունը․ «Արվեստը բոլորիս մեջ է, եթե․․․»։

- Եթե ընդունում ենք այն հանգամանքը, որ արվեստը մեր փրկությունն է։