Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 23-11-2018
«2019 թվականը մեծ սպորտում դժվար եւ ծանր տարի է լինելու». Գաբրիել Ղազարյան
Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում կայացավ նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի մամուլի ասուլիսը: Անդրադարձ կատարվեց տարվա կտրվածքով ոլորտի ձեռքբերումներին, 2019-ի անելիքներին, պետական երիտասարդական քաղաքականության ծրագրերին:
Նա նշեց, որ 2018 թ.-ի մեկնարկից մինչ այժմ բոլոր մարզաձեւերից հայ մարզիկները վաստակել են 173 մեդալ, մի քանի մեդալների սպասելիքներ էլ դեռ կան, քանի որ 4 մարզաձեւ դեռեւս չի ավարտել մարզական տարին։ 

«2019 թվականն իրականում մեծ սպորտում շատ դժվար եւ ծանր տարի է լինելու: Այն նախաօլիմպիական տարի է, եւ  ֆեդերացիաները, թիմերը նախապատրաստվելու են օլիմպիական խաղերին: 2019 թվականին կանցկացվեն նաեւ երկրորդ Եվրոպական խաղերը, որին դեռեւս ունենք մեկ ձեռք բերված ուղեգիր` թիավարություն մարզաձեւից: Լիահույս եմ, որ ի տարբերություն Բաքվում տեղի ունեցած առաջին Եվրոպական խաղերի՝ այս անգամ կգերազանցենք 25 մասնակից մարզիկների թիվը: Այդ խաղերում կխաղարկվեն 10 օլիմպիական վարկանիշներ»,- ասաց Ղազարյանը:
Խոսելով մասսայական սպորտի մասին՝ նախարարի պաշտոնակատարն ասաց, որ շատ ծրագրեր են սպասվում, եւ առաջնայինը բոլոր տարիքային խմբերի անձանց միջոցառումներում ներառելն է. «Ֆեդերացիաներին հատկացվող գումարների ավելացման մասին ծրագիր է ներկայացվել ՀՀ կառավարություն, քանի որ նախաօլիմպիական տարում անելիքները շատ են: Հույս ունեմ, որ ֆեդերացիաները գումարները ճիշտ կօգտագործեն»:

Երիտասարդական պետական քաղաքականության ոլորտում իրականացվող ծրագրերից Գաբրիել Ղազարյանը կարեւորեց «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթը, «Երիտասարդական մրցանակաբաշխություն 2018» ծրագիրը, «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագիրը, որն իրականացվելու է դեկտեմբեր ամսին, ինչպես նաեւ «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթը, որին այս տարի հայտ են ներկայացրել Արմավիր, Կապան եւ Վանաձոր քաղաքները:

Գաբրիել Ղազարյանը հավելեց, որ հաջորդ տարի մեծ թափով կաշխատեն նախարարությունը եւ հակադոպինգային կազմակերպությունը: Մասսայական սպորտի ծրագրերը փոփոխության կենթարկվեն, ինչի արդյունքով մարզական կյանքը առավել մեծ տեղ կզբաղեցնի ազգաբնակչության շրջանում: