Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 04-12-2018
Լավագույն PR մասնագետները կպարգեւատրվեն երրորդ անգամ
Այս տարի երրորդ անգամ կանցկացվի Հայկական PR մրցանակաբաշխությունը:

PR մրցանակաբաշխությունը հիմնված է գիտական ուսումնասիրությունների եւ անկախ փորձագետների կարծիքի վրա։ Հետազոտական աշխատանքների ընթացքում իրականացվել են հարցումներ թիրախային խմբերի (PR փորձագետներ, ԶԼՄ ներկայացուցիչներ) հետ, մշտադիտարկման են ենթարկվել գերատեսչությունների աշխատանքն ու պետական, քաղաքական, հանրային գործիչների գործունեությունը, ի մի են բերվել Հայաստանում հանրային կապերի ոլորտում իրականացված լավագույն ծրագրերն ու միջոցառումները:

«Ուսումնասիրությունները վկայում են, որ հանրային կապերն արժեւորվում են Հայաստանում ինչպես մասնագիտական շրջանում, այնպես էլ պետական, քաղաքական եւ մասնավոր ոլորտների ղեկավար մարմինների կողմից։ Դրան միանշանակ նպաստում է նաեւ մրցանակաբաշխությունը, որի դիպուկ ուսումնասիրություններն արձանագրում են տեղի ունեցող զարգացումներն ու կանխատեսում առաջիկա գործընթացները։ Մեկ ակնթարթում կարելի է քանդել ամենը, սակայն փոխադարձ վստահության, հեղինակության ստեղծումը երկարատեւ, պլանավորված քրտնաջան աշխատանք է պահանջում։ Հայկական PR մրցանակաբաշխությունը միակ հարթակն է, որտեղ գիտական հետազոտությունների հիման վրա արժեւորվում են հանրային կապերի մասնագետների կողմից իրականացված աշխատանքները»,- նշում է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:

Այս տարի ավանդական անվանակարգերին` Տարվա մամուլի քարտուղար, PR իրադարձություն, Իմիջային PR, Հրապարակային գործիչ, Քաղաքական գործիչ, Մշակութային PR, Տարվա ԶԼՄ, Պետական կառույց, Ճգնաժամային կառավարում, PR նախաձեռնություն, Ֆինանսական PR, Հայկական բրենդ, Նորարարական PR եւ PR տեխնոլոգիա, ավելացել են եւս երկուսը՝ Տարվա կին եւ Սփյուռքի ԶԼՄ անվանակարգերը՝ դարձնելով PR մրցանակաբաշխությունը համահայկական իրադարձություն։ 

«ՀԲԸՄ Հայաստանը մեկտեղում է ջանքերը Հայկական Փի Ար ասոցիացիայի հետ՝ առաջ քաշելով թափանցիկ եւ պատասխանատու հանրային հարաբերությունների կարեւորությունը: Մեր նպատակն է՝ խրախուսել քաղաքացիների իրազեկվածությունն ու առավել ակտիվ ներգրավվածությունը՝ միաժամանակ խթանելով երկխոսությունը Հայաստանի եւ սփյուռքի միջեւ: Այս տարվա PR մրցանակաբաշխության համար մենք առաջարկել ենք ՀԲԸՄ-ի երկու հատուկ անվանակարգ՝ «Տարվա կին» եւ «Տարվա սփյուռքյան լրատվամիջոց», որոնք, անշուշտ, կհատկացվեն ամենաարժանավոր հավակնորդներին, որոնք կորոշվեն Ասոցիացիայի կողմից մեկ տարի շարունակ իրականացված ուսումասիրության եւ մշտադիտարկման միջոցով»,- նշում է ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Դալար Կազանջյանը: 

«Beeline-ն առաջին իսկ օրվանից եղել է այս մրցանակաբաշխության կողքին, հիանալի գիտակցելով, թե որքան կարեւոր է ճիշտ կազմակերպել հետադարձ կապը հասարակության հետ։ Այն մասնագետները, ովքեր ամեն օր աշխատում են իրենց կազմակերպությունների գործունեության թափանցիկությունը ապահովելու եւ հանրությանը հստակ տեղեկատվություն հասցնելու համար պետք է գնահատված լինեն եւ իմանան այդ մասին», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

Մրցանակաբաշխությունը կանցկացվի «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) եւ Հայաստանում Beeline-ի աջակցությամբ։