Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Հասմիկ Գյոզալյանի
Տեղադրվել է 05-12-2018
«Re.Action»-ի մասնակիցները ներկայացրին 17 համայնքային ծրագիր
Դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ «ԷկոԼաբ» հիմնադրամի «Re.Action» ծրագրի ամենամյա հանրային ամփոփիչ միջոցառումը, որի շրջանակում մասնակից երիտասարդները ներկայացրին 17 համայնքային ծրագիր:

«Re.Action»-ը քաղաքացիական կրթության եւ կենսակայուն զարգացման թեմաներով ոչ ֆորմալ կրթական ծրագիր է, որը ՀՀ մարզերում բնակվող երիտասարդներին անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելու եւ համայնքի զարգացման գործում իրենց ներդրումն ունենալու հնարավորություն է տալիս:



«ԷկոԼաբ» հիմնադրամի տնօրեն Յանա Մկրտչյանը Eritasard.am-ի հետ զրույցում նշեց, որ ծրագիրը նախատեսված է 18-25 տարեկան երիտասարդների համար. «Մեկ տարի շարունակ մենք աշխատել ենք «Re.Action» ծրագրի մասնակիցների հետ: Դասընթացներ են կազմակերպվել, որոնց ընթացքում նրանք տեսական եւ գործնական գիտելիքներ են ձեռք բերել, ապա իրականացրել են համայնքային փոքր ծրագրեր, որոնք ֆինանսավորվել են մեր հիմնադրամի կողմից: Այսօր մասնակիցներն իրենց ծրագրերը կներկայացնեն ժյուրիի անդամներին: Ժյուրիի կազմում ընդգրկված են տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կգնահատեն ծրագրերը»:

«Re.Action»-ը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին մշակութային հարաբերությունների ինստիտուտի «Zivik» դրամաշնորհային ծրագրի միջոցով: 



ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը նշեց, որ տպավորված է ծրագրով, քանի որ նախորդ տարի մասնակցելով միջոցառմանը՝ բազմաթիվ երիտասարդների կողմից իրականացվող հետաքրքիր նախաձեռնություններ է տեսել. «Հայաստանի անկախացումից ի վեր մենք բազմաթիվ ծրագրեր ենք ֆինանսավորել՝ նպատակ ունենալով օժանդակել տարբեր կառավարական կառույցների եւ այլ հաստատությունների գործունեությանը, այդ կերպ նպաստելով նաեւ ժողովրդավարացման գործընթացին: Դա այն հնարավորությունն է, որը մենք, ԱՄՆ դեսպանատունը, ԵՄ-ն կարող ենք առաջարկել ՀՀ-ին: Հաշվի առնելով, որ երիտասարդությունը ցանկացած երկրի ապագան է, մենք փորձում ենք հենց երիտասարդական ծրագրերին օժանդակել: Շատ ուրախ ենք, որ արդեն մի քանի տարի է՝  համագործակցում ենք «ԷկոԼաբ»-ի հետ»: 



Այնուհետեւ «Re.Action» ծրագրի մասնակիցները ներկայացրին իրենց հեղինակած համայնքային ծրագրերը: 

«Ձեռքերը գործողության մեջ» ծրագիրն իրականացվում է Արմավիրում: Այն նպաստում է հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության մեջ ինտեգրման խնդրի լուծմանը: Ծրագրի ղեկավար Տարոն Մկրտչյանը մեզ հետ զրույցում հստակեցրեց, որ նպատակ ունեն արվեստի միջոցով մեկ հարկի տակ հավաքել հաշմանդամություն ունեցող անձանց եւ ստեղծագործելու հնարավորություն ընձեռել: Կազմակերպվել են դասընթացներ, որոնց արդյունքում մասնակիցները «բատիկա» տեխնիկայի օգնությամբ շապիկներ են նկարազարդում:  



«Art Motion» նախաձեռնության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Դավիթ Ամիրյանը նշեց, որ  Արարատի, Արմավիրի, Լոռու մարզերում դասընթացներ են կազմակերպել՝ խաղաշինության, կոնֆլիկտների վերլուծության եւ այլ թեմաներով. «16-25 տարեկան տարիքային խմբի երիտասարդների հետ քննարկումներ ենք կազմակերպել մարզկենտրոններում, այնուհետեւ փողոցային արվեստի միջոցով ներկայացրել մեր քննարկումների նյութը: Նպատակը քննադատական մտածողությունը զարգացնելն ու փողոցային արվեստի մշակույթը տարածելն է»: 

Նախաձեռնության համակարգող Սաթեն Հակոբյանն էլ հավելեց, որ իրենց գործունեության ազդեցությունը նախատեսվածից ավելի մասսայական է, ուստի մտածում են ծրագիրը շարունակական դարձնելու մասին:  



Կարինե Նահապետյանը «Բրդուկ» ծրագրի հեղինակն ու իրագործողն է. «Բնակվում եմ Հրազդանի Վանատուր գյուղաթաղամասում: Ինչպես հայտնի է, շատերը բուրդը փոխարինում են սինտիպոնով: Նկատել էի, որ մարդիկ այլեւս չօգտագործվող  բուրդը նետում են, այն երկար ժամանակ մնում է  աղբավայրում եւ աղտոտում մթնոլորտը: Փորձեցի լուծում գտնել՝ բուրդը հավաքել եւ վերամշակել: Գյուղի կանայք շատ օգնեցին, որովհետեւ բրդի մշակման տեխնոլոգիաներին ինքս չեմ տիրապետում: Այդ գործողությունից հետո մտածեցի, որ կարելի է դեկորատիվ բարձեր կարել, եւ ծրագիրը  բնապահպանականից վերածվեց սոցիալ-ձեռնարկատիրական ծրագրի: Բարձերը վաճառում ենք, իսկ հասույթը տրամադրելու ենք ծրագրի հետագա զարգացմանը»: 

Ռոզա Մուրադյանն էլ «ԷկոԼաբ»-ի շրջանավարտներից է՝ «Shaghap Tea» ընկերության հիմնադիր-տնօրենը: Ընկերությունն սկսել է իր գործունությունը «ԷկոԼաբ»-ի փոքր դրամաշնորհով. «Սա սոցիալական ձեռներեցություն է: Գործում է հետեւյալ կերպ. գյուղի բնակիչները Խոսրովի անտառի հարակից սարերից հավաքում են անհրաժեշտ բույսերը, մենք վճարում ենք նրանց, այսինքն՝ ապահովում ենք աշխատանքով եւ արդյունքում ունենում ենք հայկական արտադրանք, որը սպառվում է ներքին, այժմ արդեն նաեւ արտաքին շուկայում»: