Նյութը՝ Արմեն Սիմոնյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 05-12-2018
Կամավորների միջազգային օրը Գյումրիում
Դեկտեմբերի 4-5-ը Գյումրիում կամավորության միջազգային օրվա կապակցությամբ տեղի ունեցան մի շարք միջոցառումներ:

Միջոցառումների շարքը դեկտեմբերի 4-ին մեկնարկեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում՝ «Կամավորության հնարավորությունները» խորագրով:

Ծրագրի շրջանակում տեղի ունեցավ կամավորության հնարավորությունների տոնավաճառ, որին մասնակցում էին կամավորական ծառայություններ մատուցող, նման հնարավորություններ ընձեռող տեղական եւ միջազգային կազմակերպություններ: Միջոցառման ընթացքում կամավորները հանդես եկան «Հաջողության պատմություններ» ելույթներով: Ելույթներին հաջորդեց «Տարվա լավագույն կամավորական նախաձեռնություն» մրցանակաբաշխությունը:

Դեկտեմբերի 5-ին կայացավ «Կամավորության հեռանկարները Հայաստանում» ֆորումը: Այն անցկացվեց թեմատիկ քննարկումների եւ ներկայացուցչական աշխատանքային խմբերի հանդիպման ձեւաչափով: 

Բացման խոսքով հանդես եկան Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Ա. Նաջարյանը, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ ծրագրի ղեկավար Ա. Գեւորգյանը, «ԿԱԶԱ» հիմնադրամի տնօրեն Տ. Բաղդասարյանը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թ. Թորոսյանը, Շիրակի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ս. Գրիգորյանը:

Թ. Թորոսյանը շնորհավորեց բոլորին կամավորության օրվա կապակցությամբ եւ, կարեւորելով կամավորական աշխատանքները, նշեց․ «Յուրաքանչյուր մարդ՝ թե՛ պետական ներկայացուցիչ, թե՛ հասարակական սեկտրի ներկայացուցիչ, ամեն օր իրականացնում է կամավորական աշխատանք: Ես իմ աշխատանքի մեջ նույնպես ամեն օր կամավորություն եմ տեսնում, եւ եթե չլինի այդ մոտեցումը, ինձ թվում է, որ մենք այլեւս չպետք է աշխատենք:» 

Միջոցառման ծրագրի ղեկավար Կարեն Տերտերյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Գյումրիի «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ամեն տարի այս օրը իրականացնում է նման ծրագիր: Նշեց նաեւ, որ այս տարի միջոցառումն իր տեսակով ավելի մասնակցային, ներառական ու պարզ էր: 

Ծրագիրն իրականացվեց Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի, «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի» հետ: 

Ծրագրի իրականացմանն աջակցել էին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ «Erasmus+ Youth. տեղեկատվական կենտրոնը»:

Պատկերասրահ՝ Կամավորների միջազգային օրը Գյումրիում (2018)