Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 05-12-2018
Առաջին անգամ հայերեն են թարգմանվել Շերլոք Հոլմսի մասին պատմող բոլոր գործերը
Առաջին անգամ բնագրից հայերեն են թարգմանվել Սըր Արթուր Քոնան Դոյլի՝ լեգենդար խուզարկու Շերլոք Հոլմսի մասին պատմող բոլոր ստեղծագործությունները:

Վեց գրքից բաղկացած գեղեցիկ հավաքածուն առաջին անգամ ընթերցողին կներկայացվի դեկտեմբերի 8-ին, ժամը 15:00-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: «Շերլոք Հոլմսի» ամբողջական հավաքածուն հայ ընթերցողին են ներկայացնում «Կարապ» եւ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունները: 

Գրքերը թարգմանել են Արփինե Վարդանյանը, Էլիզա Սարգսյանը, Էդիտա Շադոյանը, Շուշան Փայտյանը, Շուշաննա Վասիլյանը, Քրիստինե Չիլինգարյանը:

««Շերլոք Հոլմսի» ամբողջական հավաքածուն թարգմանելու եւ ընթերցողներին ներկայացնելու նպատակով հայտարարեցինք երիտասարդ թարգմանիչների մրցույթ: Ստացանք 50 հայտ, եւ արդյունքում ընտրեցինք 6 թարգմանիչների, ովքեր էլ անգլերենից թարգմանեցին Սըր Արթուր Քոնան Դոյլի գործերը»,-նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:

Բոլորին հայտնի է՝ Շերլոք Հոլմսը ֆենոմեն է գրական աշխարհում: Իր գոյության սկզբից ի վեր նա հատել է իրականության ու հորինվածքի սահմանը: Լոնդոնցի ընթերցողի համար ամեն ինչ շատ բնական էր. Հոլմսն իր ժամանակակիցն էր, ապրում էր նույն քաղաքում, քայլում նույն փողոցներով, կարդում նույն թերթերը, իսկ նրա ընկեր Ուոթսոնը, երբեմն պատմվածքներ գրելով, պատմում էր իրենց արկածների մասին: 

Լոնդոնի փողոցները ճիշտ եւ ճիշտ համապատասխանում էին Քոնան Դոյլի նկարագրությանը՝ մառախլապատ, խավար, աղոտ լուսավորված գազային լամպերի թույլ լույսով: Վիկտորիանական Լոնդոնը խորհրդավոր էր, անկանխատեսելի ու վտանգավոր: Այդ ժամանակաշրջանում հանցագործությունների քանակը քաղաքում աճում էր: Ահա թե ինչու Հոլմսի արկածները ճշմարտանման էին թվում, ու ընթերցողների մեծ մասը կարծում էր, թե նա իրականում գոյություն ունի: Համենայն դեպս, նրանք կցանկանային, որ Հոլմսը գոյություն ունենար. գեթ մեկը, ով կարող էր իրենց փրկել հերթական հանցագործության զոհը դառնալուց: Շատերը նամակներ էին ուղարկում Բեյքեր Սթրիթ եւ հույսով սպասում պատասխանի: 

Ստեղծված լինելով 19-րդ դարի վերջի Անգլիայում՝ մենակյաց խուզարկուի կերպարը շարունակում է «ապրել» մինչեւ մեր օրերը: