Նյութը՝ Դիանա Գաբրիելյանի
Լուսանկարները՝ Ռուզաննա Հարությունյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 06-12-2018
Հաղորդավարուհի Ռուզաննա Հարությունյանի սկզբունքներն են՝ գիտելիք, հմտություն ու իավիճակին տեր լինելու կարողություն
Տեսախցիկը նրան սիրեց, հեռուստադիտողն ընդունեց, եւ հաղորդումները հաջորդեցին մեկը մյուսին։ Աշխատասեր է, պրպտող ու ստեղծագործող։

Ռուզաննա Հարությունյանը, դերասանի եւ ռեժիսորի մասնագիտություններից զատ, ժամանակի ընթացքում ստանձնեց նաեւ հաղորդավարուհու մասնագիտությունը։ Ինչպես ինքն է ասում՝ այդ կերպ բացահայտելով նոր աշխարհ եւ հեռուստադիտողին ներկայանալով բոլորովին նոր կերպարով ու ասելիքով։  Սիրում է կինոնկարահանման հրապարակն ու խաղի մեջ մտնում օբյեկտիվի հետ՝ նկարահանվելով մի շարք ֆիլմերում ու սերիալներում։

Հայտնի ֆիլմերից է ռեժիսորներ Ստանիսլավ Սիդորովի եւ Հայկ Օրդյանի նկարահանած «Геноцид Начало» գեղարվեստա-վավերագրական ֆիլմը՝ նվիրված Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին։ Այդտեղ Ռուզաննան մարմնավորում է  Ցեղասպանության զոհ դարձած երիտասարդ մի կնոջ՝ դրսեւորելով կերպար կերտելու ունակությունն ու խոսքի վարպետությունը։

Մեր զրուցակիցն է հեռուստահաղորդավարուհի եւ դերասանուհի Ռուզաննա Հարությունյանը։



- Ռուզաննա՛, դեռ շատ երիտասարդ եք, սակայն վարում եք հաղորդում եւ պարբերաբար նկարահանվում հեռուստանովելում: Ըստ Ձեզ` որո՞նք են այդ երկու բնագավառների առանձնահատկությունները: 

- Վաղուց արդեն շատ երիտասարդ չեմ, բայց ծեր էլ չեմ  (ժպտում է)։ Գիտեք, հեռուստահաղորդավարի ու դերասանի մասնագիտություններն իրարից շատ հեռու են ու տարբեր, բայց միեւնույն ժամանակ՝ մոտ ու նման: «Չփիլիսոփայեմ», ընդամենը մի բան կասեմ. երկու դեպքում էլ գիտելիքներ, հմտություններ ու իրավիճակին տեր լինելու կարողություն են հարկավոր, մի քիչ էլ՝ հմայք։

- Դերասանուհի ծնվո՞ւմ են, թե՞ դառնում:

- Ես գիտեի՝ ծնվում են, բայց մեր օրերում ու իրականության մեջ պարզվեց՝ դառնում են «դերասաններ»։

- Նախկինում հաղորդումների, ֆիլմերի միջոցով բարձրաձայնվում էին մարդկության համար կարեւոր թեմաներ․ կատարում էին կրթական, դաստիարակչական ու վերականգնողական ֆունկցիաներ։ Այսօր ի՞նչ հարցեր են բարձրաձայնում հաղորդումներն ու հատկապես ֆիլմերը։  

- Այո՛, դա նախկինում: Առհասարակ հեռուստատեսությունը, կինոն, թատրոնը հանրության դիմագիծն են, իսկ մենք այսօր արդյո՞ք ունենք դիմագիծ կամ, եթե նույնիսկ ունենք, ինչպիսի՞ն է այն։ Այսօր հեռուստատեսությունն աշխատում է վարկանիշ ապահովելու համար՝ մի կողմ դնելով որակը, ասելիքը, գաղափարը: Երբ ասում են, թե պահանջարկն է ծնում առաջարկ, ապա միանշանակ կարող եմ ասել, որ չկա նման բան։ Եկե՛ք առաջարկենք լավը ու կտեսնենք, որ հեռուստադիտողի ու հանդիսատեսի պահանջը եւս կփոխվի։ Ֆիլմարտադրության մասին առհասարակ գերադասում եմ լռել. չկա, չունենք, ինչ էլ որ կա, կարծես մեկանգամյա ցուցադրության համար է։

- Այսօր երիտասարդ դերասանների համար կինոյում ի՞նչ հեռանկարներ են բացվում։ 

- Չգիտեմ, թե ինչ հեռանկարներ կարող են բացվել, բայց մի բան հաստատ գիտեմ. դերասաններն այսօր սնկի պես ամեն անձրեւից հետո շատանում են... Հուսամ, որ ժամանակն իհարկե իր գործը կանի. կմաղի ու կպահի իսկապես տաղանդավորներին ու արժանիներին:



- Ռուզաննա՛, որպես երիտասարդ հաղորդավարուհի եւ դերասանուհի՝ ի՞նչ հեղափոխական մտքեր ունեք, ի՞նչ կուզեիք փոխել կինոինդուստրիայում եւ հեռուստատեսությունում։  

- Հիմնովին ամեն ինչ կփոխեի, կջնջեի ու կգրեի նորից, իսկ քանի որ դա անհնարին է, մնում է հուսալ ու սպասել, որ արժեքները կփոխվեն ու կկատարելագործվեն, թեեւ հեռուստատեսությունում մի բան հաստատ կվերականգնեի՝ հեռուստաթատրոնը։ 

- Երբեմն Դուք Ձեզ հարց տալիս ես, թե ինչի՞ մասին եք խորհում։

- Եթե երկրորդ անգամ մասնագիտություն ընտրելու հնարավորություն ունենայի՝ ի՞նչ կընտրեի։ 

- Ի՞նչն է ամենակարեւորը կարիերա սկսելու ճանապարհին․ բնավորության ինչպիսի՞ գծերով պետք է օժտված լինի տվյալ անձը։

- Ցանկացած ոլորտում կայանալու համար պարզապես պետք է լինել պատրաստված ու հավատալ սեփական ուժերին: Մի քիչ էլ բախտը պիտի ժպտա (ժպտում է)։

- Ի՞նչ ծրագրեր են սպասվում առաջիկայում։ Ինչո՞վ կուրախացնեք Ձեր լսարանին։

 - Երբ ես ուրախանամ, լսարանս հաստատ կուրախանա, իսկ առայժմ սահմանափակվում եմ առավոտյան «Բարեւ, Երկի՛ր» հաղորդաշարով։