Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 17-12-2018
Լույս է ընծայվել «Կեսգիշերի զավակները» գրքի հայերեն թարգմանությունը
Մոգական ռեալիզմին բնորոշ բովանդակությամբ եւ ոճային առանձնահատկություններով հարուստ «Կեսգիշերի զավակները» վեպը հայ ընթերցողին արդեն հասանելի է Արամ Արսենյանի թարգմանությամբ: Սալման Ռուշդիի գրքի հայերեն թարգմանությունը նախաձեռնել է «Զանգակ» հրատարակչությունը:


1947 թվականի օգոստոսի 15-ին՝ Հնդկաստանի անկախության օրը՝ կեսգիշերին ծնված երեխաներն օժտվում են գերբնական հատկություններով եւ ձիրքով: Գրքի գլխավոր հերոսը՝ Սալիմ Սինայը, կեսգիշերի զավակներից միակն է, ով որոշում է հավատալ՝ իմաստավորելով կյանքի ժամանակը, ապավինել իր գերբնական կարողություններին: Այդ գիրքը հարուցել է մուսուլման հավատացյալների բարկությունը: Հեղինակի առջեւ ծառացել է հետապնդման ու մահվան սպառնալիքը: 


«Տարօրինակ է, բայց ես ուրախանում եմ, որ մարդկանց գրքերի համար կարող են դատել, հետապնդել, գլխագին նշանակել, պայթեցնել հրատարակչություններ, գրախանութներ: Սա նշանակում է, որ գիրքն ունի արժեք եւ իմաստ, կարող է նաեւ վտանգավոր լինել»,- ասում է թարգմանիչ, գրող Վահե Արենյանը:



Ըստ նրա՝ շատերի համար կարող է դժվարություն հարուցել թարգմանությունը կարդալը, որովհետեւ Արամ Արսենյանը փոխզիջումներ չընդունող թարգմանիչ է եւ թարգմանում է կոնկրետ հեղինակի ստեղծագործությունը: Նա համահարթեցման կողմնակից չէ: Թարգմանությունը չպետք է լինի ոչ ավելի վատ բնօրինակից եւ ոչ ավելի լավ: Այն պետք է լինի հենց հեղինակի ձեռագիրը: 



«Այս գիրքը հույսի վեպ է: Սա Հնդկաստանի ապագայի պատմությունն է: Հեշտ չի լինելու այս գիրքը կարդալը, քանի որ թարգմանվել է Ռուշդի եւ թարգմանվել է՝ անգլերենի բոլոր նրբերանգները պահպանելով. եթե բարդ բառ է գործածված, ապա հայերենում ընտրված է բարդ բառ եւ այսպես շարունակ: Այս թարգմանությունն ինքնուրույն գիրք է,- կարեւորում է Վահե Արսենյանը եւ հավելում, որ գիրքն ամբողջանում է ներդաշնակ շապիկի առկայությամբ,- քիչ ես հանդիպում ոչ ճչան, իմաստավորված, նուրբ, մի քիչ էլ լռող շապիկի: Այս շապիկը ավելի շատ լռում է, քան խոսում: Ինձ թվում է, որ ամբողջ արժեքը դա է…»:



Հայերեն թարգմանության գրքի շապիկի նկարազարդման եւ ձեւավորման հեղինակը Մարիամ Կանայանն է: Հատկանշական է, որ շապիկի նախնական երկու տարբերակներն ուղարկվել են հենց հեղինակին, եւ Ռուշդին ինքն է ընտրել հայերեն թարգմանության գրքի շապիկի վերջնական ձեւավորումը:



«Գրքի շապիկին պատկերված կեսգիշերի զավակները պատանիներ են, որոնց հայացքն ու դեմքերը փորձել եմ հնարավորինս մոտեցնել եւ նմանեցնել հնդկական դիմագծերին: Հնդկական ավանդական բադամաձեւ նախշերը նույնպես կարելի է տեսնել շապիկին: Խորագիրը հայերեն է, սակայն նույնպես փորձել եմ հնարավորինս մոտեցնել եւ նմանեցնել իրենց տառատեսակներին»,- պատմում է Մարիամ Կանայանը:



Գրականագետ, անգլո-ամերիկյան գրականության մասնագետ Լուսինե Հայրապետյանն ընդգծեց հատկապես Ռուշդիի եւ նրա ստեղծագործության դերը համաշխարհային գրականության մեջ. «Շատ ուրախացա, երբ իմացա, որ գիրքն Արամ Արսենյանն է թարգմանում: Ես նրանց կերպարների միջեւ որոշակի զուգահեռներ եմ նկատում: Ռուշդին շատ հանգիստ մարդ է, նա աշխարհի ամենառմբարկու թեմաները քննարկում է հանգիստ, առանց որեւէ սուր էմոցիաների: Նա իր տեսակով շատ պինդ, կայուն եւ հաստատուն տեսակ է: Համաշխարհային գրականության մեջ Սալման Ռուշդին համարվում է անքննելի եւ անմեկնելի հանճար: Այսօր նա շատ մեծ պահանջարկ ունեցող գրող է: Նրան կարդում են ոչ միայն որպես հանճարեղ գրող, այլեւ կերպար, որի հետ հաշվի են նստում, որի ասածը շատ լուրջ են ընդունում, եւ ի վերջո նա անհատ է, որի ամբողջական պաշտպանությունը Բրիտանիայի անվտանգության զորքերն են ապահովում»: 



Սալման Ռուշդին համաշխարհային ժամանակակից գրականության ամենահեղինակավոր դեմքերից է: Նա Թագավորական գրական ընկերության անդամ է: 1981 թվականին իր «Կեսգիշերի զավակները» վեպի համար արժանացել է անգլիական գրականության ամենահեղինակավոր մրցանակներից մեկին՝ Բուքերյան մրցանակին։