Նյութը՝ ՎՎՀ Իջեւանի գրասենյակից
Լուսանկարները՝ ՎՎՀ Իջեւանի գրասենյակից
Տեղադրվել է 26-03-2019
«Երազանքի հետքերով» համայնքային ծրագիրը Ազատամուտում
Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ԻՄՓԱՔԹ-2 ակումբը նախաձեռնեց «Երազանքի հետքերով» համայնքային ծրագիրը:

Ակումբը, որն ունի 17 անդամ (ակումբի առաջնորդ Սյուզաննա Միրզոյան) արդեն մեկ տարի է, ինչ գործում է եւ ակտիվություն է ցուցաբերում համայնքում: Այս համայնքային ծրագրին  մասնակցեցին  9-12 տարեկան մոտ  22 երեխա եւ  նպատակն էր նրանց մոտ խթանել ինքնաճանաչման, ինքնաբացահայտման, ինքնազարգացման կարողությունների զարգացումը, սովորեցնել սեփական կարողությունների եւ հմտությունների հիման վրա սահմանել նպատակ, կազմել սեփական գործողությունների պլան, տարբերակել նպատակը երազանքից, լինել նորարար եւ ակտիվ առօրյա կյանքում: 

Մինչ ծրագրի բուն իրականացումը, դպրոցում հայտարարվել էր շարադրությունների մրցույթ եւ հաջողված աշխատանքներ ներկայացրած երեխաներն ընդգրկվեցին ծրագրում: Իսկ ակումբի անդամները մասնակցեցին վերապատրաստման դասընթացի, զարգացրեցին դասընթաց վարելու կարողությունները, սովորեցին հետաքրքիր մեթոդներ, նոր վարժություններ: Դասընթացն անցկացրեցին «Երիտասարդներն հանուն զարգացման հիմնադրամ» ՀԿ-ի ներկայացուցիչներ Խաչիկ Աբաջյանն ու Նելլի Աբրահամյանը:

Ծրագրի իրականացման ընթացքում  ակումբականները տեսական ու գործնական վարժանքների միջոցով  մասնակից երեխաներին ուսուցանեցին, թե   ինչպես սահմանել նպատակ, կազմակերպել առօրյան եւ ինչպես բացահայտել ու կիրառել սեփական ներուժը՝ առաջադիմության եւ ինքնազարգացման համար: 

Ակումբականները սովորեցրին երեխաներին այս մի քանի օրերի իրենց ողջ սովորածը, խաղացին խաղ, կատարեցին խմբային աշխատանքներ, իսկ օրն ավարտեցին ֆիլմի դիտմամբ եւ  քննարկմամբ, մասնակիցներին տրամադրվեցին մասնակցության հավաստագրեր։ 

«Ես իսկապես չգիտեմ, թե ինչպես արտահայտեմ հիացմունքս։ Այս երեխաները պարզապես էներգիայի անսպառ աղբյուր են ու գիտելիքի շտեմարան։ Անկաշկանդ խոսքը, նորարարությունը, հետաքրքրասիրությունը բնորոշ են այս երեխաներին: ԻՄՓԱՔԹ ակումբը լավագույն հարթակ է նաեւ լիարժեք ինքնադրսեւորվելու համար». նշում է ակումբի առաջնորդ Սյուզաննա Միրզոյանը:

«Մեր  ԻՄՓԱՔԹ  ակումբի ծրագրի շնորհիվ ունեցանք  անմոռանալի օր։ Իմացանք, թե  ինչ է ինքնազարգացումը, դրա փուլերը, խմբային աշխատանքներով ամպապնդեցինք մեր գիտելիքները: Այս ամենից հետեւություն արեցինք, որ մեզանից յուրաքանչուրը պետք է ունենա նպատակներ եւ ձգտի, որպեսզի դրանք իրականանան».հավելում  է ակումբի անդամ  15-ամյա Սուսաննան։

ԻՄՓԱՔԹ ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից եւ Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից՝ 6 մարզերում եւ Երեւանում: Նպատակն է համախմբել երիտասարդությանը ԻՄՓԱՔԹ խմբերում, աջակցել նրանց ձեռք բերելու քաղաքացիական հասարակության եւ աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժշտ կարողություններ: