Նյութը՝ ՎՎՀ Իջեւանի գրասենյակից
Լուսանկարները՝ ՎՎՀ Իջեւանի գրասենյակից
Տեղադրվել է 26-03-2019
Երիտասարդներն կարեւորում են համագործակցությունը ՏԻՄ-երի հետ
Ներկա ժամանակաշրջանում քաղաքացիական զարգացումը կարեւոր պայման է համարվում անձի ինքնահաստատման ու կայացման գործում:

«Երիտասարդ ՏԻՄ գործընկեր »  4 –ամսյա ծրագիրը, որը միտված էր դրան, իրականացվեց  Տավուշի մարզի Իջեւան քաղաքում: Ծրագրում ընդգրկված 18-20 տարեկան 17  երիտասարդներ, ովքեր ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ուսանողներ են, հնարավորություն ստացան զարգացնելու եւ հզորացնելու իրենց կարողություններն ու գիտելիքները քաղաքացիական-հասարակական ոլորտում, նոր մակարդակի հասցնել ՏԻՄ-երիտասարդություն կապը եւ տեղական որոշումների մակարդակում լսելի դարձնել երիտասարդի ձայնն ու առաջարկները: 

Ծրագիրը  համապատասխանում էր  ՀՀ երիտասարդական պետական  քաղաքականության ռազմավարությանը, որը ամրագրում է որպես  գերակայություն՝ երիտասարդների մասնակցականության գործոնը հասարակական-քաղաքացիական ու այլ մակարդակներում: 

Իսկ Իջեւան համայնքի զարգացման 2017-2021թթ. հնգամյա ծրագրի հիմնական նպատակներից են տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության ակտիվացումը՝  մասնակցության նոր մեթոդների եւ ձեւերի ներդրման եւ աստիճանական զարգացման միջոցով, որին էլ համահունչ էր ծրագիրը:

Ծրագրի շրջանակում կազմակերպվել են դասընթացներ խմբի անդամների կարողությունների եւ գիտելիքների հզորացում՝ շահերի պաշտպանության, կարիքների վերհանման ու հարցումների անցկացման, համայնքային ծրագրերի նախագծման ու իրականացման ոլորտներում, որոշումների կայացման գործընթացում դերակատարների համագործակցության կայացման մեխանիզմների վերաբերյալ: 

Սովորել են, թե ինչպես պլանավորել շահերի պաշտպանության քայլերը, բացահայտել հիմնախնդիրը,  քարտեզագրել առկա ներքին ու արտաքին ռեսուրսները, գնահատվել են կարիքները, խոսվել է ինֆորմացիայի հավաքագրման մեթոդների մասին:  Իրականացրել են նաեւ հանրային հարցումներ երիտասարդների շրջանում, որի արդյունքների հիման վրա կազմել են առաջարկությունների փաթեթ ՏԻՄ-երին ներկայացնելու համար:   

Իջեւանի համայնքապետի եւ ավագանու անդամների հետ կայացած հանդիպմանը խումբը  ներկայացրեց իրենց առաջարկությունները՝ համայնքում երիտասարդների ու ՏԻՄ-երի միջեւ համագործակցության խորացման նպատակով:  Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը, ողջունելով ծրագրի մասնակիցներին, կարեւորեց  երիտասարդների նման նախաձեռնությունը, նշեց, որ պատրաստ են ու բաց են համագործակցության ու համատեղ ծրագրեր իրականացնելու համար եւ  ավագանու հետ անպայման կքննարկեն առաջարկներն ու երիտասարդների հետ շփումները կդարձնեն ավելի հաճախակի: 

Առաջարկվում էր  Իջեւան համայնքի բյուջեով  երիտասարդական փոքր նախաձեռնությունների ֆինանսավորում հատկացնել՝ տեղական  դրամաշնորհների հայտարարման կարգով: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ավագանու անդամներ, գործընկեր կազմակերպությունների ՝ Օքսեջեն հիմնադրամի եւ Վորլդ Վիժն Հայաստան միջազգային կազմակերպության, ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչներ:  Բոլոր մասնակիցներն ստացան հավաստագրեր: 

Ծրագրի մասնակից, ԵՊՀ ԻՄ-ի Անգլերեն լեզու եւ գրականություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Սուսաննա Սարուխանյանը նշում է. «Այս ծրագիրը բավականին տեղեկատվական էր ու արդյունավետ, որի ավարտին ձեռք բերեցի այնպիսի գիտելիքներ, կարողություններ, որոնց կարիքն ունեի, սակայն նախկինում  հնարավորություն չէի ունեցել ստանալ որեւէ տեղից»: 

Ծրագրի ամենագլխավոր արդյունքն այն է, որ հիմք դրվեց երիտասարդների ու ՏԻՄ-երի միջեւ նոր համագորածկցության հիմքերը, որը հնարավորություն կտա երկխոսության ծավալման, նոր գաղափարների քննարկման ու համայնքում երիտասարդների քաղաքացիական ակտիվության խթանման համար: 

Երիտասարդական աշխատանքի խթանմանն ուղղված  «Երիտասարդը ՏԻՄ գործընկեր» ծրագիրն իրականացվում է  «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի (2018-2020թթ) շրջանակներում՝ Իջեւանի համայնքապետարանի  եւ Վորլդ Վիժն Հայաստան միջազգային  բարեգործական կազմակերպության հետ համագործակցաբար:

«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ հետեւյալ երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան եւ Ուկրաինա։  Ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ ՕքսԵՋեն երիտասարդների եւ կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար: