Նյութը՝ Դիանա Եղիազարյանից
Լուսանկարները՝ Դիանա Եղիազարյանից
Տեղադրվել է 27-03-2019
Երիտասարդական աշխատանքի քաղաքականության մշակման նոր ազդակ կտրվի Հայաստանում
Մարտի 11-ից 15-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երիտասարդական կենտրոնում կայացավ «Youth Work Policy in Europe: It's Up to Us!» ուսումնական ծրագիրը:

Նպատակը երիտասարդական աշխատանքի քաղաքականության և Եվրոպայի Խորհրդի կողմից մշակված «Երիտասարդական աշխատանքի մասին» Հանձնարարականի (Youth Work Recommendation (CM/Rec(2017)4) https://rm.coe.int/1680717e78   մասին հանրային իրազեկվածության բարձրացումն էր և դրա օգտագործման խթանումը երիտասարդական քաղաքականության առաջխաղացման գործում։

Ուսումնական ծրագիրը կազմակերպվել էր Եվրոպական երիտասարական ակումբների համադաշնության (European Confederation of Youth Club - ECYC) և Եվրախորհրդի երիտասարդական բաժնի կողմից, որի ընթացքում իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին Հայաստանի Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) անդամներ Գայանե Բարսեղյանը, Գարիկ Խաչատրյանը, Հրայր Պողոսյանը և Մարգուշ Հակոբյանը: Ծրագրի կազմակերպչական և դասընթացավարների թիմում էր ԵԱԴ-ի միջազգային քարտուղար, ECYC-ի փոխնախագահ Դիանա Եղիազարյանը:

Ծրագրի ընթացքում մասնակիցները գիտելիքներ ձեռք բերեցին երիտասարդական աշխատանքի կարևորության վերաբերյալ, տեղեկացան Երիտասարդական աշխատանքի հանձնարարականի պատմության, կառուցվածքի, բովանդակության և նպատակների մասին, ներկայացրին իրենց փորձը երիտասարդական ռազմավարության մասին միջազգային հարթակում: Ծրագրի երկրորդ օրը մասնակցիներին հյուր եկավ Եվրոպայի Խորհրդի Երիտասարդական բաժնի նախագահ Անթյե Ռոդեմունդը, որն իր անմիջական մասնակցությունն էր ունեցել Հանձնարարականի ստեղծման գործում: 

Ամբողջ ուսումնական ծրագրի ընթացքում 37 մասնակիցներ ակտիվորեն ներկայացնում էին իրենց երկրներում երիտասարդական քաղաքականության իրավիճակի, ծրագրերի ու երիտասարդության կարիքների մասին։ Ծրագրի վերջին օրերին մասնակիցները կազմեցին իրենց գործողությունների պլանը, որը պատրաստակամ են իրականացնել հայրենիքում: 



Մասնակիցներից Գայանե Բարսեղյանը ծրագիրը անչափ կարևոր համարեց. «Ինձ համար հետաքրքիր էր և բավականին օգտակար բացահայտել այլ երկրների փորձը երիտասարդական աշխատանքի բնագավառում, տեսնել ու համեմատել երիտասարդական քաղաքականության ոլորտում աշխատող ինստիտուցիոնալ և ոչ ինստիտուցիոնալ կառույցների համագործակցությունը, որոշումների կայացման co-management մոդելը: Հանձնարարականի 7 կետերից յուրաքանչյուրը շատ կարևոր է երիտասարդական աշխատանքի դաշտի զարգացման համար, սակայն ինձ համար առավել կարևոր է երկրորդ կետը: Երիտասարդական աշխատողների և կամավորների համար փորձի ու գիտելիքի վրա հիմնված ճկուն կրթական համակարգի հաստատումը, որը կկրթի և համապատասխան փորձ կհաղորդի նրանց: Պետք է ստանդարտացնել և համակարգել երիտասարդական աշխատանքը` լավագույն փորձն օգտագործելով, այն համեմելով լավագույն գիտելիքահեն մեթոդներով»:

Խոսելով ծրագրից ստացած գիտելիքների և փորձի վերաբերյալ՝ Գարիկ Խաչատրյանը նշեց. «Առաջին անգամ էի Եվրոպայում մասնակցում միջազգային ծրագրի: Երիտասարդական ակումբների դաշնության շնորհիվ տեղեկացա երիտասարդական աշխատանքի քաղաքականության մասին, դրա կարևորության և առաջխաղացմանը նպաստելու քայլերի մասին: Հանձնարարականի գաղափարը և սկզբունքները միանգամից հետաքրքրություն առաջացրին: Հանձնարարականը հիմնվում է առկա արժեքների, երիտասարդական աշխատանքի սկզբունքների ու չափանիշերի վրա: Երիտասարդական աշխատանքի իրականացումը կառուցված է կամավոր և ակտիվ մասնակցության, հավասար հասանելիության, պատրաստակամության ու ճկունության սկզբունքների վրա։ Այն պետք է հիմնված լինի մարդու իրավունքների վրա, լինի ներառական և կենտրոնացված երիտասարդների կարիքների և ունակությունների վրա: Այս ոլորտում անելիքներ դեռ շատ ունենք, ուստի և սկսում ենք հենց հիմա»:

Ծրագրի մասնակից Մագա Հակոբյանին հետաքրքիր էր առաջին կետը, որտեղ շեշտը դրվում է որակյալ երիտասարդական աշխատանքի ապահովման վրա։ Այստեղ ուշադրություն է հրավիրվում քաղաքականության, ռազմավարությունների, օրինագծերի, կայուն կառույցների ու ռեսուրսների, այլ ոլորտների հետ արդյունավետ համագործակցության ստեղծման կարևորության վրա։ Մագայի կարծիքով՝ այսօրվա երիտասարդությանն անհրաժեշտ է ապահով ապագա ստեղծելու քաղաքականություն, ինչի արդյունքում երիտասարդական աշխատողը կունենա իր ուժերը հստակ ներդնելու ծրագիր:



Ծրագրի մասնակից Հրայր Պողոսյանի համար նշանավոր էր 7-րդ կետը, որն ամրապնդելով անդամ պետություններում Եվրոպայի խորհրդի երիտասարդական աշխատանքի չափորոշիչների տարածումը, ճանաչումը և ազդեցությունը՝ կոչ է անում առաջխաղացնել Եվրախորհրդի՝ երիտասարդական կենտրոններին տրվող Որակական Պիտակի (Council of Europe Quality Label for Youth Centres) տարածումը՝ որպես լավագույն փորձ։ 

Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ երկիր է 2001 թվականից։ Եվրոպայի խորհուրդը ստեղծվել է 1949թ. և եվրոպական ամենահին և ամենամեծ կազմակերպություններից մեկն է, որին անդամակցում է 47 պետություն: Կազմակերպությունը ստեղծման օրվանից նպատակ է հռչակել մարդու իրավունքների հիմնական սկզբունքների կատարելագործումը։

Ծրագրի արդյունքում մասնակիցները կազմել են իրենց երկրներում և կազմակերպություններում երիտասարդական աշխատանքի առաջխաղացման և ջատագովության գործողությունների պլան։ Հանձնարարականի հայերեն թարգմանությունը հայաստանցի մասնակիցների Գործողությունների պլանի առաջնահերթ կատարվելիք գործերից էր։ Հանձնարարականը պարունակում է յոթ հիմնական առաջարկներ, որոնց ոչ պաշտոնական հայերեն թարգմանությանը կարող եք ծանոթանալ այստեղ: