Նյութը՝ «Բալետ 2021» հիմնադրամից
Լուսանկարները՝ «Բալետ 2021» հիմնադրամից
Տեղադրվել է 28-03-2019
Նոր մշակութային ծրագրի մեկնարկ Գյումրիում
«Բալետ 2021» հիմնադրամը հրավիրում է Եվրոպական միության ենթադրամաշնորհի միջոցով իրականացվող «Կատարողական արվեստի Խառատյան փորձարարական կենտրոն, Գյումրի» ծրագրի շնորհանդեսին։
Շնորհանդեսը տեղի կունենա ս.թ. մարտի 25-ին՝ ժամը 17:30-ին, «Alexander» հյուրանոցի Կարս սրահում (հասցեն՝ Աբովյան 3/4, Երեւան):  Ենթադրամաշնորհը իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության եւ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ: 
 
Շնորհանդեսին կնախորդի մամուլի ճեպազրույց ծրագրի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Ռուդոլֆ Խառատյանի եւ ծրագրի գլխավոր ճարտարապետ, միջազգային մրցանակների դափնեկիր, կանադաբնակ Ազատ Շիշմանյանի հետ: Մամուլի գրանցումը՝ 17:00-ին:
 
Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ծրագրի հիմնադիր եւ գեղ. ղեկավար Ռուդոլֆ Խառատյանը, ծրագրի գործադիր տնօրեն Լիլիթ Պետրոսյանը, ճարտարապետ Ազատ Շիշմանյանը եւ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: 
 
Խոսնակները կներկայացնեն Խառատյան փորձարարական արվեստի կենտրոնի նպատակները, ծրագրի իրականացման հիմնախնդիրները եւ մինչ օրս կատարված աշխատանքները: Կենտրոնը գործելու է Գյումրու պատմական կառույցներից մեկի` երկաթուղայինների մշակութային պալատի շենքի տարածքում: Ճարտարապետ Ազատ Շիշմանյանը կներկայացնի շենքի վերականգման ճարտարապետական լուծումները: 
 
Միջոցառման շրջանակում տեղի կունենա նաեւ ծրագիրն իրականացնող «Բալետ 2021» հիմնադրամի տեսլականը եւ զարգացման ուղին ներկայացնող լուսանկարների ցուցահանդես: 
 
«Կատարողական արվեստի Խառատյան փորձարարական կենտրոն, Գյումրի» ծրագիրը մեկնարկել է 2017թ-ին: Ծրագրի նպատակն է Գյումրի քաղաքում հիմնել կատարողական արվեստի ժամանակակից բազմաֆունկցիոնալ կենտրոն, որը կդառնա բարձր մշակույթի կենտրոն: Այն կխթանի նոր աշխատատեղերի ստեղծումը, տարածաշրջանային զբոսաշրջության, ենթակառուցվածքների, քաղաքաշինության, սոցիալական եւ մշակութային զարգացումը:
 
ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2019թ. փետրվարի 12-ի N21-Ա որոշմամբ «Բալետ 2021»-ին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցվեց Գյումրու Ղանդիլյան փ. 46/6 հասցեում գտնվող նախկին մշակույթի պալատը, որը 30 տարի է, ինչ կիսաքանդ վիճակում է:
 
Շենքը գտնվում է Գյումրու երկաթուղային կայարանի հարեւանությամբ։ Այդ տարածքը
նախկինում բանուկ վայր էր, սակայն 1988-ի երկրաշարժից հետո թաղամասը մնաց լքված։ 
 
Ծրագիրը կպահպանի շենքի կանգուն մնացած ու պատմամշակութային արժեք ներկայացնող հատվածները՝ ճակատամասը եւ «Սասունցիների պարը» խճանկարը, որի հեղինակն է վաստակավոր նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանը: