Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 30-03-2019
Քննարկում՝ ինչպե՞ս բարելավել արհմիությունների աշխատանքը
Արհմիությունների, միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպությունների, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները միավորվել են գտնելու մեխանիզմներ, որոնք ուղղված են աշխատանքային իրավունքի կոլեկտիվ պաշտպանությանը:

Այսօր՝ մարտի 29-ին, կայացած գիտաժողով-քննարկման ընթացքում  ներկայացվեցին «Աջակցություն աշխատանքային իրավունքների պաշտպանության կոլեկտիվ մեխանիզմներին» ծրագրի շրջանակում իրականացված հետազոտության արդյունքներով մշակված քաղաքականության ուսումնասիրության երկու փաստաթուղթ՝ «Աշխատանքային իրավունքի կոլեկտիվ պաշտպանության իրականացմանը խոչընդոտող գործոնները եւ դրանց վերացման ուղիները» եւ «Հայաստանի արհեստակցական միությունների լիազորությունների ընդլայնում՝ սոցիալական գործընկերություն, կոլեկտիվ բանակցություններ, գործադուլ, համակարգ եւ դատական պաշտպանություն» թեմաներով:

Միջոցառումն իրականացվում է «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպության կողմից: Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում այլընտրանքային արհմիութենական շարժումը:

Eritasard.am-ի հետ զրույցում «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ»  հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Սարգսյանը Արհմիությունների աշխատանքային գործունեության հետ կապված խնդիրները երկու հատվածի բաժանեց՝ օրենսդրական եւ աշխատանքային, որոնց շուրջ էլ կատարել են հետազոտություններ, հանդես եկել՝ առաջարկությունների փաթեթով:

«Մեր առաջարկները նպաստում են, որպեսզի արհմիությունների գործունեության թափանցիկության մասն ապահովվի, թե՛ արհմիությունների աշխատողների, եւ թե՛ հանրության շրջանում, օրինակ՝ հաշվետվողականության մասով այն ավելի թափանցիկ դառնա»,-ասաց նա:

Հետազոտությունների եւ առաջարկների հիման վրա կլինեն համապատասխան օրենսդրական փոփոխություններ, որոնց շուրջ արդեն նախական համաձայնություն է ձեռք բերվել: