Նյութը՝ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ից
Լուսանկարները՝ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ից
Տեղադրվել է 31-03-2019
Ամփոփվում են «Դպրոցական էներգաաուդիտորների ջոկատներ» ծրագրի առաջին եւ երկրորդ փուլերը
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն «Ազգային սոցիալական բնակարանային ասոցացիա» (ԱՍԲԱ) հիմնադրամի «ԵՄ–ն քաղաքացիական հասարակությանը. Էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում 2018 թվականի նոյեմբերից մեկնարկել է «Դպրոցական էներգաաուդիտորների ջոկատներ» ծրագիրը։

«Դպրոցական էներգաաուդիտորների ջոկատներ» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։

Ծրագրի նպատակն է նպաստել Վանաձոր քաղաքում եւ հարակից 4 գյուղական համայնքներում էներգաարդյունավետության մշակույթի ձեւավորմանն ու տարածմանը:

Ծրագիրը թեեւ ընդհանուր առմամբ տեւելու է 6 ամիս, սակայն այն լի է հետաքրքիր եւ բազմաբովանդակ միջոցառումներով։ Ծրագրի առաջին եւ երկրորդ հատվածներն արդեն ավարտվել են, որոնց ժամանակ տեղի են ունեցել դասընթացներ եւ իրազեկման հանդիպումներ։

Ծրագրի առաջին փուլում Վանաձորի 11 դպրոցներում ձեւավորվել են 5-7 դպրոցականներից կազմված «էներգաաուդիտորների ջոկատներ»։

«Ծրագրով ի սկզբանէ նախատեսված էր ընդգրկել 10 դպրոց, յուրաքանչյուրից 5 աշակերտ, սակայն ծրագրի մեկնարկին, երբ հանդիպումներ ունեցանք դպրոցների ղեկավարությունների հետ, հետաքրքրությունն ավելի մեծ էր եւ, երբ ընտրեցինք 10 դպրոցները, զանգեր էինք ստանում այլ դպրոցներից եւս, խնդրանքով, որ իրենք եւս ընդգրկվեն եւ մենք ընդառաջ գնալով եւս 1 դպրոցի եւ 1 դպրոցական խմբակի հնարավորություն ընձեռեցինք ընդգրկվել ծրագրում»,- նշում է ՀԿ Կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Վահե Խաչիկյանը։



Ծրագրի այդ փուլում էներգաաուդիտորների համար կազմակերպվեցին դասընթացներ «Էներգաարդյունավետություն», «Էներգաաուդիտ» թեմաներով, իսկ դրանցից հետո նրանք վերապատրաստվեցին որպես դասընթացավարներ՝ ծրագրի հաջորդ փուլը բարեհաջող իրականացնելու համար։ Հետաքրքրական էր, որ նախատեսված էր 10 դպրոցներից ունենալ 50 աշակերտ, սակայն մենք ունեցանք ընդհանուր թվով շուրջ 70 դասընթացների մասնակից դպրոցականներ։

Ծրագրի հաջորդ փուլը «հավասարը հավասարին» սկզբունքով «Էներգաարդյունավետություն» թեմայով դասընթացների շարքն էր։ Դասընթացները վարում էին հենց այն դպրոցականները, ովքեր վերապատրաստվել էին ՀԿ Կենտրոնի կազմակերպած դասընթացների շրջանակներում։ 

Հավասարը հավասարին սկզբունքով դասընթացներ են կազմակերպվել ինչպես շահառու 11 դպրոցներում, այնպես էլ Վանաձորի հարակից 4 ՝ Շահումյան, Գուգարք, Բազում եւ Բազում գյուղական համայնքների դպրոցներում։ Այս դասընթացներին մասնակցել են ընդհանուր թվով շուրջ 500 մարդ։ «Հատկանշական է, որ դպրոցներ կան, որ առաջարկում եւ նախաձեռնում են 1-ից ավելի դասընթացներ իրենց դպրոցներում, ինչը վկայում է թեմայի կարեւորությունն ու ծրագրի ճիշտ թիրախավորվածությունը» նշում է Վահեն։

Ծրագրի հաջորդ փուլերում նախատեսվում է, որ էներգաաուդիտորներն իրենց դպրոցներում կիրականացնեն մշտադիտարկում եւ էներգաարդյունավետության աուդիտ։ Աուդիտների արդյունքում բացահայտված խնդիրների հիման վրա յուրաքանչյուր դպրոց կնախագծի նախաձեռնություն եւ կներկայացնի ՀԿ Կենտրոն, իսկ ընտրող հանձնաժողովը կընտրի լավագույն 5 նախաձեռնությունը եւ դրանք կֆինանսավորի իրականացման համար։ Նախատեսվում է նաեւ կազմակերպել ֆլեշ-մոբ եւ «Ծրագրի էներգաարդյունավետ դպրոց» մրցույթը։