Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 12-04-2019
Բացվեց «Արտ Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը
Ջերմ դահլիճում և բուռն ծափողջյունների ներքո մեկնարկեց «Արտ Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես Հայաստան են ժամանել հանրահայտ կոմպոզիտորներ, դիրիժորներ, երաժիշտ-կատարողներ, ովքեր վարպետության դասեր ու գիտական կոնֆերանսներ կանցկացնեն, ինչպես նաև ելույթներ կունենան փառատոնի շրջանակում:

«Մեզ համար մեծ պատիվ է լինել առաջինը եւ բացել այս անչափ կարեւոր եւ գեղեցիկ փառատոնը: Ողբերգությունը, որը տեղի ունեցավ 100 տարի առաջ, այսօր ապրում է ոչ միայն ձեր հիշողություններում, այլեւ ապրում է մեր հիշողություններում ևս: Մեր ստեղծագործական կյանքի եւ գոյության այս 47 տարիների ընթացքում մեր երգչախումբն առաջին անգամ է Երևանում»,- նշեց  Վլադիմիր Մինինը:

«Արտ Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնն այս տարի նվիրվում է Կոմիտաս վարդապետի և գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին: 

Նշենք, որ մրցույթ-փառատոնն անցկացվում է հետևյալ անվանակարգերում`դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, ազգային երգեցողություն, ազգային նվագարաններ, էստրադային երգեցողություն, էստրադային գործիքներ, կամերային անսամբլ, երգչախումբ, խորեոգրաֆիկ արվեստ, կերպարվեստ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն, թատերակարգեր: Փառատոնին այս տարի մասնակցում են 32 երկրների 2900 անհատ կատարողներ և համույթներ: Լսումներն անցկացվում են Երևանում, Էջմիածնում և Գյումրիում: 

Ապրիլի 16-ին Երևանում «Արտ Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում կկայանա նաև «Մշակույթների երկխոսություն» XIII միջազգային գիտաժողովը՝ «Մշակույթ և հասարակական գիտակցություն» թեմայով, որը նվիրվում է Կոմիտասի ծննդյան 150-ամյակին:

Փառատոնը նույն ձևաչափով կանցկացվի նաև Արցախի Հանրապետությունում:

Պատկերասրահ`  «Արտ Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի մեկնարկը