Նյութը՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունից
Լուսանկարները՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունից
Տեղադրվել է 12-04-2019
Համաշխարհային «1-Էջանոց մարքեթինգային պլան» բեսթսելերը հայ ընթերցողի սեղանին է
Ընթերցողի սեղանին հայերեն թարգմանությամբ դրվեց Ալան Դիբի՝ համաշխարհային բեսթսելեր դարձած «1-Էջանոց մարքեթինգային պլան» գիրքը:

«1-Էջանոց մարքեթինգային պլան» գիրքն իսկական հեղաշրջում է, որը մարքեթինգային պլանի ստեղծումը դարձնում է պարզ և արագ: Տառացիորեն մեկ էջի շրջանակներում յուրաքանչյուրը կկարողանա հեշտությամբ քարտեզագրել իր սեփական բարդ մարքեթինգային պլանը և զրոյից վերածվել մարքեթինգի հերոսի: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, անգլերենից թարգմանել է Զարուհի Սողոմոնյանը:

«Գրքում դուք կգտնեք գրական և միևնույն ժամանակ՝ խոսակցական բառեր: Փորձել ենք հնարավորինս մոտ մնալ հեղինակին, քանի որ հենց հեղինակն էր որդեգրել է այդ մոտեցումը: Գիրքը գրված է շատ հանրամատչելի լեզվով, հասարակ մահկանացուները կարող են կարդալ, հասկանալ և ուղղորդվել մարքեթինգային պլանով: Կան դրվագներ, որոնցով հաճելիորեն կզարմանաք, նոր բաներ կբացահայտեք»,-գրքի շնորհանդեսի ընթացքում նշեց թարգմանիչը: 

«Սա՛ է իրական մարքեթինգը».ահա այսպես է բնորոշում գիրքը գործարար, «100 բիզնես գաղտնիքներ» բեսթսելերի հեղինակ Վահագն Դիլբարյանը, ով ևս ներկա գտնվեց բեսթսելերի շնորհանդեսին:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-նախագահ Մկրտիչ Կարապետյանն էլ ներկաներին տեղեկացրեց, որ այս գրքի լույսընծայումից հետո հայ ընթերցողին ամիսը գոնե մեկ համաշխարհային բեսթսելեր է ներկայացվելու, դրանք ընթացքի փուլում են: Շատ հետաքրքիր գրքեր են, վստահաբար կօգնեն մեր տնտեսության զարգացմանը:

Շնորհանդեսի ընթացքում ինքնատիպ թրեյնինգով հանդես եկան մարքեթոլոգ Սեդա Վարդանյանը և «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի ղեկավար Շավարշ Կարապետյանը:  

Հավելենք, որ «1-Էջանոց մարքեթինգային պլան» գիրքը Ամազոն կայքում բացառիկ հաջողություն է գրանցում և չի իջնում բեսթսելերների ցուցակի առաջնակարգ հորիզոնականներից: