Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 13-04-2019
Տաթեւ Հակոբյանը դուրս մնաց մեդալային պայքարից
Հայաստանը ներկայացնող մարզուհին ներդրեց ամբողջ ուժերը, սակայն այդպես էլ չկանգնեց պատվո հարթակին՝ ցույց տալով 4-րդ արդյունքը երկամարտում։

Կին ծանրորդ Տաթեւ Հակոբյանը 4-րդ տեղը գրավեց Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 87 կգ քաշային կարգի մրցմանը: Երկամարտում հայ մարզուհին ցույց տվեց 230 կգ (105+125) արդյունք:

Պոկում վարժության համար Տաթեւ Հակոբյանը պատվիրել էր ամենաբարձր քաշը, բայց միմիայն երրորդ փորձից բարձրացրեց 105 կգ եւ նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում նա հաջող կատարեց միայն առաջին մոտեցումը եւ վերջնարդյունքում գրանցեց չորրորդ տեղը:

Այս քաշային կարգում հանդես էին գալիս 8 մարզուհիներ: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց ռուս Կսենիա Պաշխինան, որի երկամարտի արդյունքն էր 242 կգ (110+132):

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին պայքարի մեջ էր մտել նաեւ 17-ամյա Լիաննա Գյուրջյանը (81 կգ), որը երկամարտում գրավել էր չորրորդ տեղը եւ փոքր արծաթե մեդալ նվաճել հրում վարժությունում:

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Իզաբելլա Յայլյանը (59 կգ) պոկում վարժությունում նվաճել էր փոքր արծաթե մեդալ եւ 5-րդ տեղը գրավել երկամարտում։ Հայաստանի հավաքականի կազմում Բաթումի մեկնած Արփինե Դալալյանը (+87 կգ) պայքարը կսկսի ավելի ուշ։