Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Գևորգ Հարությունյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 16-04-2019
Կամքն ուղղորդում է մարդուն և օգնում է չհանձնվել. Գևորգ Հարությունյան
Eritasard.am-ի «Հաջողության գրավականը» շարքում շարունակում ենք ներկայացնել խելացի, նպատակասլաց, բազմակողմանի զարգացած երիտասարդների, որոնք երիտասարդ տարիքում աչքի են ընկնում իրենց կատարած աշխատանքներով և ծավալած գործունեությամբ: Այս անգամ մեր խորագրի հյուրը Գևորգ Հարությունյանն է: Իսկ թե որ ոլորտներում է գործունեություն ծավալում մեր հյուրը, կպատմի ինքը` Գևորգը:

Մասնագիտության ընտրության հստակ որոշում…

Դեռ սովորում էի նախաավարտական դասարաններում, երբ որոշում կայացրի, որ պետք է ուսումնասիրեմ հոգեբանության ոլորտը: Իրականում մեծ սեր ունեի նաև արվեստի հանդեպ: Ընդունվեցի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, սակայն կարճ ժամանակ անց որոշեցի կրթությունս շարունակել Երևանի պետական համալսարանում: Սկսեցի մասնագիտանալ սոցիալական հոգեբանության և արվեստի հոգեբանություն ճյուղերի ուղղությամբ: Որպես դիպլոմային աշխատանք ընտրեցի կինոյի հոգեբանությունը:
 


Դուբլինի կինոակադեմիա...

2016թ. որոշեցի բաց չթողնել հնարավորությունս` կինոոլորտում հմտանալու համար: Մի քանի ամիս սկսեցի ուսումնասիրել ոլորտը: Այդ ամիսները շատ կարևոր եմ համարում իմ կյանքում, քանի որ ձեռք եմ բերել գիտելիք, հմտություն, փորձ, նոր ծանոթներ, ընկերներ և ամենակարևորը` ինքնավստահություն: 
 
Երիտասարդ լիդերների դպրոց...

19 տարեկան էի, երբ որոշեցի ընդունվել Երիտասարդ լիդերների դպրոց: Դպրոցի ձևաչափն ինձ համար շատ գրավիչ ու հետաքրքիր էր: Ծանոթացա շատ հետաքրքիր մարդանց հետ, որոնց հետ մինչև այսօր շփում ունենք, երբեմն նաև համագործակցում ենք: Առհասարակ ես կարևորում եմ և՛ ֆորմալ, և՛ ոչ ֆորմալ կրթությունը, քանի որ դրանք միմյանց լրացնում են` տալով գիտելիք և փորձ: 



Կարճամետրաժ ֆիլմերի նկարահանում...


Անկեղծ ասած սկզբում ֆիլմերի հանդեպ հետաքրքրությունս զուտ հոբբիի մակարդակով էր, ինչը ժամանակի ընթացքում վերածվեց մասնագիտական  հետաքրքրության: 2013 թ-ից սկսեցի կարճամետրաժ ֆիլմերի նկարահանմամբ զբաղվել, սակայն դրանք զուտ ֆիլմեր չէին, այլ ունեին հստակ թիրախային խմբեր, հաղորդագրություններ: 



Մոտ 10 կարճամետրաժ ֆիլմեր, ինչպես նաև էքսպերիմենտալ աշխատանքներ ունեմ, որոնք ներկայացրել եմ տարբեր երկրներում: Ի դեպ, երբ օսկարակիր Թերի Ջորը մրցույթ էր հայտարարել Հայաստանում, ես հայտնվեցի մրցույթի եզրափակիչ փուլում: Ֆիլմում 1 րոպեի ընթացքում ներկայացրել էի մարդու իրավունքների հետ առնչվող խնդիրները: 



«GaragErasmus4Yerevan» կազմակերպության նախագահ և «Edu VanHub» կրթական ծրագրի ղեկավար…

2017թ.-ին համացանցում մրցույթի հայտարարություն տեսա և որոշեցի դիմել: 2018թ. ծրագրի շրջանակներում հրավիրվեցի Միլան, որտեղ պետք է ծրագիր ներկայացնեի: Մրցույթում ես 3-րդ տեղը զբաղեցրի, ընդ որում, նշեմ, որ այդ ծրագիրը (Edu VanHub) որով ներկակայացել եմ, այսօր իրականություն է դարձել: Իրականում ծրագիրը Միլանում շատ դրական կարծիքների արժանացավ, ինչն իհարկե ինձ ավելի ոգևորեց, իսկ այդ ոգևորությունը խթան հանդիսացավ, որպեսզի այն իրականություն դարձնեմ: 

Հայաստան վերադառնալուց հետո սկսեցի աշխատել ծրագրի վրա` շտկումներ, փոփոխություններ անել, համալրել: Այդ ընթացքում 10 ամսով մեկնեցի Ավստրիա` աշխատելու նպատակով: Սակայն գաղափարն իրականություն դարձնելու մտքից չհրաժարվեցի: Անկեղծ ասած` այն մտքումս էր դեռ 2015 թ-ից: Երբ Ավստրիայից վերադարձա Հայաստան, ինձ հետ կապ հաստատեցին Միլանի մրցույթի կազմակերպիչները: «GaragErasmusFond» կազմակերպության  ղեկավարն առաջարկեց Հայաստանում մասնաճյուղ բացել, որի նախագահը կլինեմ ես: Ինչպես նաև ինձ տրվեց լայն հնարավորություն` ծրագրեր իրականացնելու: Որոշեցի ընդունել առաջարկը` դառնալով «GaragErasmus4Yerevan» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հիմնադիր-նախագահ: 
 


Ճանապարհորդությունների մեծ սիրահար…

Ճանապարհորդել շատ եմ սիրում, ընդ որում` կապ չունի, թե զարգացվածության ինչ մակարդակ ունի այդ երկիրը, պատերազմ է կամ խաղաղություն: Եղել եմ ավելի քան 30 երկրում: Բայց իրականում ես ինձ ճանապարհորդ եմ համարում, ոչ թե զբոսաշրջիկ, քանի որ ես հետաքրքրված եմ ամեն դետալով: Առաջիկայում պլաններ կան ասիական և եվրոպական երկրներ մեկնելու մասին: 
 
Հաջողության գրավականը…

Կամքը…Իրականում այս բառի մեջ շատ բան է ամփոփված: Այն մի մեծ համակարգ է, որը մարդու ուղղորդում է. այն է` մարդ ամեն առավոտ արթնանա ու անցյալ օրվա ամենաբացասական իրադարձությունները մի կողմ թողնի և շարժվի առաջ: Առհասարակ կյանքում կարևոր է, որպեսզի կամքը բարձր նշաձողի վրա լինի, ինչը կտանի դեպի հաջողություն: Կամքն օգնում է չհանձնվել: 

Հեշտ ճանապարհ չկա, այն միշտ քարքարոտ է: Շատ մարդիկ են հաջողության հասել, հայտնի դարձել, սակայն բոլորս էլ գիտենք, թե ինչ դժվարին ու բարդ ճանապարհ են հաղթահարել: