Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ ՀՀ քաղաքացու օր և մարզպետարանների ֆեյսբուքյան էջերից
Տեղադրվել է 27-04-2019
Քաղաքացու օրը` ՀՀ մարզերում
ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 9-ին կայացած նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր ՀՀ կառավարության ներկայացրած «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով ապրիլի վերջին շաբաթ օրը սահմանվում է որպես Քաղաքացու օր:

Եվ այսօր` ապրիլի 27-ին, ՀՀ ամբողջ տարածքում տեղի ունեցան Քաղաքացու օրվան նվիրված բազմաթիվ միջոցառումներ: Նախապատրաստական աշխատանքերը սկսվել էին նախագծի ընդունումից անմիջապես հետո: 

Eritasard.am-ը ներկայացնում է միջոցառումները որոնք տեղի են ունեցել ՀՀ մարզերում.

Շիրակի մարզ-Միտքդ վա՛ռ պահե, ծո՛

Միջոցառումների կիզակետում Շիրակի մարզի Գյումրի քաղաքն էր, որտեղ միջոցառումների մեկնարկը տրվեց առավոտյան 10:00-ից` Մուշ թաղամասից: Միջոցառումներից յուրաքանչյուրն ուներ իր խորագիրը` Կանաչ Հայաստան, Իրազեկ քաղաքացի, Տես ու համտես, Քաղաքը` քո աչքերով, Իրազեկ ուսանող, Կարդա նորը: Եվ իհարկե միջոցառումներից անմասն չմնացին նաև երկրի ապագան կերտող փոքրիկները, որոնք հնարավորություն ունեցան դիտել «Ոսկե Ճուտիկ» ներկայացումը: Դե իսկ Գյումրու Վ. Աճեմյանի ավան պետական դրամատիկական թատրոնն իր հյուրընկալ դռները բացեց «Անուշ» օպերայի սիրահարների համար: Քաղաքացու օրվան նվիրված միջոռումները Գյումրիում ավարտվեցին «Բամբիռ» ռոք-խմբի անմոռանալի համերգով: 



Լոռու մարզ-Միտքդ կեծ արած պըհի

Լոռու մարզում միջոցառումների մեկնարկը տրվեց Վանաձորում: Հանրային քննարկումներ, ցուցահանդեսներ, գրողների հետ հանդիպումներ...: Վանաձոր քաղաքում ողջ օրվա ընթացքում տիրում էր տոնական տրամադրություն: 
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու «Սիրո Casting»  ներկայացումը: Տոնական օրվա վերջին ակորդը հնչեց Վանաձորի «Հայք» հրապարակում` «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ խմբի ինքնատիպ համերգով: 



Տավուշի մարզ- Միտքդ պեծին տված պահի

Միջոցառումների կենտրոնում Իջևան քաղաքն էր: Որտեղ հատկապես ակտիվ էին երիտասարդները, որոնք մասնակցում էինք հանրային քննարկմանը, որը կայացավ Քաղաքային զբոսայգում: Տավուշի մարզն աչքի ընկավ նաև սպորտային միջոցառումներով: Իջևանի մարզադպրոցում տեղի ունեցան ցուցադրական ելույթներ, որի ժամանակ դպրոցի սաները ցուցադրեցին իրենց հմտությունները: Էլ ինչ տոն առանց պարի: Իջևանի Շատրվանների հրապարակում տիրում էր բարձր, պարային տրամադրություն: Թատրոնասեր հասարակությանը ևս հաճելի օր նվիրվեց. Իջևանի մշակույթի տանը ցուցադրվեց Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի «Լինում է, չի լինում» ներկայացումը: Օրը եզրափակվեց տոնական համերգով` Երգի պետական թատրոնի մասնակցությամբ: 



Արագածոտնի մարզ- Միտքդ վա՛ռ պահիր

Վաղ առավոտից տոնական տրամադրություն էր տիրում նաև Արագածոտնի մարզում: Ինչպես մյուս մարզերում, այնպես էլ Արագածոտնի մարզում տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց ծառատունկով: Աշտարակի քաղաքային զբոսայգին համալրվեց նոր ծառերով: Ինչին հաջորդեց հանրային քննարկումը: Աշտարակցիները ևս անմասն չմնացին թատերական ներկայացում դիտելուց: Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի «Վերջին ուսուցիչը ներկայացումը» ցուցադրվեց Աշտարակի մշակույթի տանը: Դե իսկ տոնական միջոցառումները եզրափակեց Հայաստանի պետական ջազ-նվագախումբը` Աշտարակեցու հրապարակում: 



Կոտայքի մարզ- Միտքդ վա՛ռ պահիր

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ևս հետաքրքիր միջոցառումներ տեղի ունեցան: Հրազդանի թիվ 16 մանկապարտեզի այգին համալրվեց ծառերով: Հրազդանի Սահմանադրության հրապարակում տեղի ունեցավ հանրային քննարկում, ինչպես նաև սպորտային տոնական ցուցադրություն: Խամաճիկների պետական թատրոնի «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» ներկայացումը հրազդանցիներին մեծ բավականություն պարգևեց: Միջոցառումները եզրափակվեց «Yellow Stones»-ի համերգով:



Գեղարքունիքի մարզ- Միտքդ վա՛ռ պախա

Գեղարքունիքի մարզում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեց Գավառի կենտրոնական հրապարակի ծառատունկով: Գավառի միջոցառումների շարունակությունը տրվեց յուրահատուկ կերպով` հեծանվավազքով: Գավառում ևս տեղի ունեցան հանրային քննարկումներ, որոնք գավառցիները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին: Պետական կամերային երաժշտական թատրոնը «Անկոչ հյուրը» ներկայացմամբ հանդես եկավ Գավառի Լևոն Քալանթարյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Իսկ երեկոյան իր անզուգական կատարումով համերգը եզրափակեց «Ադանա փրոջեքթ»-ը: 



Արարատի մարզ- Միտքյըտ վառ պախի

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ևս տոնական տրամադրությունը տիրում էր ողջ օրվա ընթացքում: Միջոցառումներն ուղեկցվում էին` գյալաջիներով (տեղի բարբառով նշանակում է զրույց): Իրենց խնդիրների մասին խոսելու և արտահայտվելու համար ուսանողները հավաքվել էին Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում: Արտաշատցիները ևս հնարավորություն ունեցան թատերական ներկայացում դիտելու: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի «Հրավիրված ենք ծնունդի» ներկայացումը կայացավ Արտաշատի Համո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Դե իսկ օրվա ամփոփումը վստահվել էր «Նեմրա» ռոք խմբին: 



Վայոց ձորի մարզ- Միտքդ վա՛ռ պախիր

«Մեյ ծերը սիրասեյ, սպասեսեյ» կոչով առավոտյան Եղեգնաձոր քաղաքի բնակիչները Դեմերճյանի անվան համայնքային զբոսայգում սկսեցին ծառատունկը: Մոմիկի անվան զոբսայգում տեղի ունեցավ բազմամարդ քննարկում, որին ներկա էր նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: Վերջինս նաև 2-ժամյա հանդիպում ունեցավ Վայոց ձորի տարածաշրջանային քոլեջի սաների հետ: Իսկ Արտաշատի Համո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի «Դարպասները բացվում են» ներկայացումը եղեգնաձորցիները կարողան վայելել Եղեգնաձորի մշակույթի տանը: Հագեցած միջոցառումների շարքը եզրափակվեց «Որդան կարմիր» խմբի տոնական համերգով: 



Սյունիքի մարզ- Մըտքըթ վառ պահե

Սյունիքի մարզի Կապան քաղաքում ջերմ ու տոնական տրամադրությունը տիրում էր վաղ առավատից: Ծառատունկին հետևեց հանրային քննարկումը, որին ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը և այլք: Հանրային քննարկումներին զուգահեռ տեղի ունեցան մի շարք հետաքրքիր, մշակութային և սպորտային միջոցառումներ: Իսկ թատրոնասեր հասարակությունը կարողացավ վայելել Սոս Սարգսանի անվան Համազգային թատրոնի «Հաղթանակի գենեզիս» ներկայացումը` Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում: Տոնական օրվա վերջին ակորդը վստահվել էր «ԹմբաԹային»: 



Ահա այսպիսին էր ապրիլի 27-ը` Քաղաքացու օրը: Կորուստների ամիս համարվող ապրիլ ամիսն ունեցավ տոնական մեկ օր` Քաղաքացու օր...