Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 23-04-2019
Թեքբոլ մարզաձեւն առաջին անգամ ներկայացվեց Հայաստանում
ՀՊՏՀ մարզադահլիճում կայացավ նոր մարզաձեւի շնորհանդես-ցուցադրական մրցումը։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում մի քիչ տարբերվող եռուզեռ էր. ներկաներին նոր մարզաձեւը տպավորել էր ու հետաքրքրել։ Ապրիլի 23-ին ՀՊՏՀ-ում կայացավ թեքբոլ (teqball) մարզաձեւի ցուցադրական ելույթներ: Միջոցառման նպատակն էր հայ մարզասերներին ներկայացնել դիտարժան մարզաձեւի առանձնահատկությունները:

Թեքբոլի ցուցադրական ելույթներին մասնակցում էր նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը։ Վերջինս նույն օրն ընդունել էր թեքբոլի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներին՝ փոխնախագահ Վիկտոր Հուզարին, տնօրեն Մեթյու Քարթինին եւ միջազգային կապերի ղեկավար Մարիուս Վիզերին: 

Գաբրիել Ղազարյանի խոսքով՝ համացանցի առկայության պարագայում հնարավոր էր դիտել այս մարզաձեւի՝ թեքբոլի աշխարհի առաջնության մրցումները, ծանոթանալ թեքբոլին. «Արդեն դիտել ենք մի քանի մրցում։ Ինքս կարեւորում եմ այս մարզաձեւը. այն դինամիկ է, հետաքրքիր լինելուց բացի նաեւ մատչելի է հատկապես երիտասարդ մարզիկների համար: Մենք ներկայում ակնկալում եմ ձեր հստակ առաջարկությունները ֆեդերացիայի՝ Հայաստանում հետագա զարգացման եւ թեքբոլի մասսայականացման աշխատանքների եւ ծրագրերի վերաբերյալ»։



Հյուրերն իրենց հերթին ներկայացնում էին թեքբոլ մարզաձեւի առանձնահատկությունները։ Նրանց խոսքով՝ մարզաձեւի ֆեդերացիաներ են գործում ավելի քան 65 երկրներում. «Մենք պատրաստ ենք Հայաստանում թեքբոլի մասսայականացման ու զարգացման գործում սերտորեն աջակցել, ինչ-որ տեղ օգտակար լինել»: 

Թեքբոլի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Վիկտոր Հուզարի կարծիքով՝ այս մարզաձեւը չնայած երիտասարդ է, սակայն շատ դիտարժան է. «Այն համատեղում է մի քանի մարզաձեւեր։ Եթե ուշադիր հետեւեք, կտեսնեք, որ մարզիկները կիրառում են սեղանի թենիսի, ֆուտբոլի, վոլեյբոլի հնարքներ։ Հույս ունեմ, որ Հայաստանում եւս այն կդառնա սիրված մարզաձեւ: Առաջին անգամ եմ Հայաստանում եւ վառ տպավորություններ ունեմ երկրի մասին»:

Հենց Վիկտոր Հուզարն էլ վարեց առաջին ցուցադրական խաղը՝ ցուցումներ տալով մարզիկներին: Վերջինս տեղեկացան, որ արդեն անցկացվել է թեքբոլի աշխարհի երկու առաջնություն:

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ եւ քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Գաբրիելյանը նշեց, որ հայ մարզիկների, հատկապես ֆուտբոլասերների համար կարեւոր է նոր սպորտաձեւին ծանոթանալն ու դրանում հմտանալը. «Պատահական չէ, որ այն առաջին անգամ ներկայացրին ՀՊՏՀ ֆուտզալի հաղթանակած հավաքականի մարզիկների մասնակցությամբ»:

Ցուցադրական մրցումներից հետո թեքբոլի միջազգային ֆեդերացիայի պաշտոնատար անձանց հետ Գաբրիել Ղազարյանը եւ ՀՊՏՀ ներկայացուցիչները քննարկեցին Հայաստանում թեքբոլի զարգացման հեռանկարները: