Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 28-04-2019
Կինոտուր դեպի Գյումրի
Ապրիլի 27-ին իրականացվեց ինքնատիպ նախաձեռնություն՝ «Կինոտուր դեպի Գյումրի» միջոցառումը, որը հնարավորություն էր ընձեռել միջոցառման մասնակիցներին ուղևորվել արվեստների և արհեստների քաղաք Գյումրի և բացահայտել քաղաքը յուրօրինակ ձևով: Նախաձեռնության հեղինակը Magni Tour–ն էր:

Միջոցառման նպատակն էր կինոյի լեզվով բացահայտել Գյումրին, վերհիշել հայտնի ու սիրված ֆիլմերում հնչող արտահայտությունները, որոնք անհիշելի ժամանակներից դարձել են թևավոր: 

Միջոցառման շրջանակներում մասնակիցները շրջեցին քաղաքում, քայլեցին հին փողոցներով, տեսան հին շենքերն ու շինությունները, վայրերը, որոնք մեկընդմիշտ մնացել են հայ կինոյի պատմության էջերում, որպես «Եռանկյունի», «Մեր մանկության տանգոն», «Հեղնար աղբյուր» և այլ լեգենդար ֆիլմերի ծննդավայրեր: Բացի այդ, մասնակիցներն այցելեցին Ձիթողցոնց տուն-թանգարան, Սուրբ Յոթ վերք, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիներ և «Սև բերդ»:

Նշենք, որ Magni Tour–ն առաջիկայում նախատեսում է բազում այլ հետաքրքիր ու տարբերվող նախաձեռնություններ իրականացնել: