Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 29-04-2019
Այսօր Պարի միջազգային օրն է
Ապրիլի 29-ին աշխարհը նշում է Պարի միջազգային օրը (International Dance Day):

ՅՈւՆԵՍԿՕ-ի Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ 1982 թ.-ից ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր՝ ի հիշատակ այդ օրը ծնված ֆրանսիացի բալետմեյստեր, ռեֆորմատոր և բալետի տեսաբան Ժան-Ժորժ Նովերի (1727-1810թթ.): Նա պատմությանը հայտնի է որպես «ժամանակակից բալետի հայր»։

Պարի միջազգային օրը կոչված է միավորել պարի բոլոր ուղղությունները և մեծարել պարարվեստը: Իսկ ամենակարևորը` միավորել աշխարհի մարդկանց` անկախ մշակութային, էթնիկ պատկանելիությունից, քաղաքական հայացքներից` հանուն խաղաղության և բարեկամության, որը թույլ է տալիս նրանց խոսել նույն լեզվով` պարի լեզվով:

«Պարը հոգու թաքնված լեզուն է». Մարտա Գրեմ

Ավանդույթի համաձայն` յուրաքանչյուր տարի աշխարհի պարարվեստի որևէ հայտնի ներկայացուցչի առաջարկվում է դիմել հանրությանը, որը հիշեցնում մարդկանց պարի գեղեցկության մասին: Առաջին անգամ նման ուղերձով պարի Միջազգային օրվա առթիվ հանդես է եկել Հենրիխ Նուբաուերը` (Henrik Neubauer) 1982թ-ին: 

«Պարը ոտքերի պոեզիա է». Ջոն Դրեյդեն

Հայ պարարվեստը ունի խորն արմատներ: Հայկական պարը սկիզբ է առել դեռևս նախաքրիստոնեական շրջանում՝ Հայկական լեռնաշխարհում, երբ դեռ պատմական Հայաստանում տիրում էր հեթանոսությունը: Հայկական պարը եղել է ու շարունակում է լինել հայ ժողովրդի բնավորությունը նկարագրող գեղագիտական վառ արտահայտչամիջոցներից մեկը: Նրանում կարելի է տեսնել հայի հոգեկան աշխարհը, բնությունը: 

Դարերի ընթացքում փոփոխությունների ենթարկվելն անգամ չեն խանգարել, որպեսզի հայկական պարում մնա հայի ոգին ու մշակույթը: 

«Պարե՛ք այնպես, որ ձեր հոգին հառնի մարմնից վեր». Գագիկ Գինոսյան

Հայկական ազգային պարը բաժանվում է երկու խմբի՝ ազգագրական և ժողովրդական: Ազգագրական պարերի հիմքում ընկած է ազգի ընդհանուր բնութագիրը: Շարժումներից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը: Միահյուսվելով միջավայրի ծեսերի, տոնակատարությունների, հավատալիքների և պաշտամունքների հետ՝ այն ամբողջացրել է հայի հոգեբանությունն ու մշակույթը: 

Իսկ ժողովրդական պարը ծնվել է խորհրդային «խորեոգրաֆիկ» դպրոցի կաղապարից:

Ամենատարածված պարերից մեկը Քոչարին է, որը մինչև 19-րդ դարը միայն որոշակի տարիքի հասած տղամարդիկ էին պարում: Սակայն, երբ պարը կորցրեց իր ծիսական նշանակությունը, դառնալով սովորական, այն սկսեցին պարել նաև կանայք: 

«Քոչարին նման է Հայոց լեզվին». Գագիկ Գինոսյան: