Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Հասմիկ Գյոզալյանի
Տեղադրվել է 29-04-2019
Պարի միջազգային օրվան ընդառաջ. ազգային պարը Բերդում
Ապրիլի 28-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում «Կարին» ավանդական երգի և պարի համույթի նախաձեռնությամբ, «Շող» ազգագրական խմբի մասնակցությամբ, Տավուշի մարզպետարանի աջակցությամբ տեղի ունեցավ ազգագրական պարերի ուսուցում-դասընթաց:



«Ապրիլի 29-ը Պարի միջազգային օրն է: Այդ տոնին ընդառաջ՝ «Կարին» ավանդական երգի և պարի համույթը, «Կարին» ՀԿ-ն  Հայաստանի ողջ տարածքում պարուսուցման դասընթացներ են կազմակերպել: Մեր խմբերը մեկնել են մարզեր, և այս պահին ՀՀ բոլոր մարզերում, Արցախում, Ջավախքում, ինչպես նաև Սփյուռքի հայաշատ համայնքներում տոնն այսպես են նշում՝ Պարի միջազգային օրը փոխարինելով  Հայ ազգային պարի միջազգային օրով: Հատկանշական է, որ ՀՀ հյուսիսարևելյան սահմանը պաշտպանող զինվորները ևս այստեղ են: Մենք ուրախ ու հպարտ ենք, որ կարող ենք պարել հայրենիքի առաջին ու միակ տերերի հետ»,- Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Շող» ազգագրակաան խմբի ղեկավար, «Կարին» ավանդական երգի և պարի համույթի անդամ Հարություն Բաղդասարյանը: 



Մեր զրուցակցի խոսքով՝ «Ազգային պարերի հանդեպ հետաքրքրություն կա, թեև փոքր-ինչ ավելին էինք սպասում: Սա առաջին կամ երկրորդ նմանաբնույթ միջոցառումն է Բերդում: Հուսանք՝ շարունակական կլինի, և ավելի մեծ թվով մարդիկ կմասնակցեն ազգային պարերի դասընթացներին»: