Նյութը՝ Նելլի Անդրեասյանի
Լուսանկարները՝ Լիլիթ Շաքարյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 01-05-2019
Սոցիոլոգիան «չոր» թվեր չեն. սոցիոլոգիան կենդանի ու զարգացող գիտություն է
Եթե հիմա դուրս գանք փողոց ու փոքրիկ հարցում անցկացնենք անցորդների շրջանում, թե ի՞նչ են պատկերացնում «սոցիոլոգիա» ասելով, շատերի առաջին արձագանքը կապված կլինի «սոցիոլոգիական հարցում» գաղափարի հետ ու կշտապեն ավելացնել, որ սովորաբար այն անցկացնում են նախագահական կամ պառլամենտական ընտրություններից առաջ:

«Ի՞նչ է սոցիոլոգիան և զարգացման ի՞նչ միտումներ ունի Հայաստանում» հարցի պատասխանը ստանալու համար  որոշեցինք հարցմանը մասնակից դարձնել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, սոցիոլոգ, բրենդինգի, PR տեխնոլոգիաների և մերչըդայզինգի մասնագետ, էմպիրիկ բնագավառի մասնագիտացված  դասընթացավար Լիլիթ Շաքարյանին:

-Լիլիթ,ի՞նչ է սոցիոլոգիան Ձեզ համար:

Լիլիթ Շաքարյան - Սոցիոլոգիան «չոր» թվեր չեն. սոցիոլոգիան կենդանի ու զարգացող գիտություն է: Սա գիտություն է, որն աշխարհում սկսեց զարգանալ 19-20-րդ դարերում, չնայած այս գիտության հիմքերը տանում են միջնադարյան մտածողների աշխատություններ: Հայաստանում սոցիոլոգիան որպես գիտություն սկսեց զարգանալ 1980-ականներին: Ձեր հարցին ավելի կարճ կարող եմ այսպես պատասխանել`սոցիոլոգիան հասարակության կայացման ու զարգացման օրինաչափությունների և դրա գործառնության  առանձնահատկությունների մասին գիտություն է: Չկա կյանքի այնպիսի բնագավառ, որի զարգացումը կապված չլինի այս գիտության հետ: 

- Բրենդինգի, PR տեխնոլոգիաների և մերչըդայզինգի մասնագետ, էմպիրիկ բնագավառի մասնագիտացված  դասընթացավար: Առաջին երեքի դեպքում շատ բան պարզ է, իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում էմպիրիկ բնագավառը: 

Լիլիթ Շաքարյան - Էմպիրիկ սոցիոլոգիան հետազոտում է կոնկրետ լսարանը, նրա ընկալման աստիճանը, թվային վերլուծություն է կատարում, ներկայացնում է իրական, ոչ թե ցանկալի պատկերը, և արդեն մշակվում են զարգացման արդյունավետ ուղիները: Սա վերաբերում է ցանկացած բնագավառի` արվեստ, կրթական ոլորտ, բիզնես: Հաճախ լսում ենք, որ կազմակերպությունը չհաջողեց, բիզնեսը փակվեց, ներդրումները չարդարացվեցին: Բնական է, տրամաբանական է, այդպես էլ պետք է լինի: Հավատացեք, սա չարախնդություն չէ: Մեր ցանկությունները, հնարավորությունները, ֆինանսական միջոցները շատ քիչ են բիզնեսում  կամ այլ նախաձեռնության մեջ հաջողելու համար: Կան օրենքներ, որոնք այդպես էլ չեն դառնում կենսունակ, եթե հաշվի չենք առում բազմաթիվ, բայց շատ կարևոր, զուգահեռ իրականացվող միջոցառումներ, իսկ այդ ամենը կազմվում է սոցիոլոգիական հարցումների, վերլուծությունների, ռիսկերի հաշվարկի ու էլի մի քան կարևոր հանգամանքների ընդհանուր պատկերը հաշվի առնելով: PR տեխնոլոգիաները մշակվում են տարիներով: Դրանք բազմազան են ու կիրառման կոնկրետ հմտություններ են պահանջում` հաշվի առնելով երկիր զարգացման, ժամանակահատվածի, առաջարկի ու պահանջարկի փախկապակցվածության, նոր ստեղծված կամ արդեն գործող բիզնեսի կազմակերպման թե կադրային, թե ֆինանսական, թե PR ռեսուրսները: Ուրախությամբ նշեմ, որ այսօր Հայաստանում ավելանում են  կազմակերպությունները, որոնք գիտակցում են, որ բիզնեսի կայացման ու զարգացման համար միայն ցանկությունն ու միջոցները շատ քիչ են. առանց սոցիոլոգիական վերլուծության և PR գործիքակազմի չես հաջողի Բրենդինգը և մերչընդայզինգը օտարահունչ բառեր, որոնք և գերում են և վախեցնում միաժամանակ: Բառեր, որոնք հաճախակի են կիրառվում հաճախ անհասկանալի մնալով շատերին: 

Մերչընդայզինգ՝ վաճառքի փիլիսոփայություն կամ արվեստ, որը կոչված է հաճախորդի և արտադրողի միջև արդյունավետ հաղորդակցության ձևավորմանը: Մասնավորապես՝ սկսած վաճառասրահի ինտերյերի և էքստերյերի գունային և ոճային ձևավորումներից, ապրանքային դասավորվածությունից, մինչև  հնչող երաժշտություն ու լուսավորություն: Այս ամենն արվում է սպառման գործընթացը հոգեբանական տեսանկյունից մաքսիմալ հաճելի և հարմարավետ դարձնելու նպատակով, ինչը կխթանի վաճառքի ծավալների անհամեմատ աճին: Բրենդինգը երկարատև սպառողական նախընտրություն ձևավորելու արվեստ է, որը բիզնեսի հաջողության գրավականներից է այսօր: Ուժեղ և մրցունակ բրենդները ժամանակակից բիզնեսի կայացման հիմքերն են: 

- Ինչպես հասկացա, այս ամենը տարիների կուտակած փորձի արդյունք է:

Լիլիթ Շաքարյան - Այո': Արդեն 10 տարի դասավանդում եմ ԵՊՀ-ի սոցիոլոգիայի ֆակուլտետում, ավելի քան յոթ առարկայական ծրագրերի (Ժամանակակից PR տեխոնոլոգիաներ, Բրենդինգի հիմունքներ, PR քրեստոմատիա, Գովազդի սոցիոլոգիա, ԶԼՄ սոցիոլոգիա, Գենդերի սոցիալական կառուցակցում, Գենդեր և հաղորդակցություն) հեղինակ եմ, որոնք դասավանդում եմ ԵՊՀ սոցիոլոգիայի, ժուռնալիստիկայի և ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետներում: Օտարերկրացի ուսանողների համար դասավանդում եմ անգլերենով: Այս իրավունքը  ստանալու համար երկար եմ սովորել: Աշխատանքային գործունեությունս սկսել եմ դեռևս ուսումնառության տարիներից: 2003 թվականից ի վեր մասնակցել եմ տարբեր սոցիոլոգիական հետազոտությունների, այդ թվում նաև միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող, որոնց ընթացքում ներգրավված եմ եղել հետազոտությունների անցկացման բոլոր փուլերում` մեթոդաբանության մշակումից, հետազոտության գործիքների ստեղծումից մինչև տվյալների վերլուծություն և հաշվետվությունների կազմում:

- Որպես ոլորտի մասնագետ ի՞նչն եք կարևորում մասնագիտական որակները կատարելագործելու համար և ի՞նչ եք խորհուրդ տալիս ձեր ուսանողներին:

Լիլիթ Շաքարյան -Չդադարել սովորել: Ես այսօր էլ սովորում եմ, վաղն էլ եմ շարունակելու սովորել, սովորում եմ գործելով: Հիմա  անդամակցում եմ  միջազգային հայտնի  սոցիոլոգիական կառույցների:

Մի շարք գիտական հոդվածների հեղինակ եմ: Նորերը հեղինակային հոդվածներ, նոր առարկայական ծրագրեր ընթացքի մեջ են: Կան մտքեր, որոնք դեռ սաղմնային փուլում են...

Չմոռանանք, որ սոցիոլոգիան զարգացող գիտություն է, այն ինչ գիտենք այսօր, վաղը քիչ է լինելու մասնագետի համար: Սոցիոլոգիան կենդանի, շնչող, աճող գիտություն է, ցանկացած բնագավառի զարգացման անփոխարինելի օգնականը։