Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 06-05-2019
Էքստրեմալ քայլեր օդում
Առաջին անգամ Հայաստանում մայիսի 5-ին Step Slackliners Armenia խմբի ղեկավար Ահարոն Խաչատրյանն անցավ Նաիրի Զարյան 72-74 հասցեում գտնվող զույգ շենքերի միջև ձգված ժապավենի վրայով՝ բացելով նոր էջ Հայաստանում էքստրեմալ սպորտաձևերի «գրքում»։

Ժապավենը կապվել էր 20 մ բարձրության վրա, իսկ երկարությունը կազմում էր 30 մ: Նման բան Հայաստանում դեռևս չէր անցկացվել: 

Eritasard.am-ի հետ զրույցում Ահարոն Խաչատրյանը նշում է՝ նմանատիպ իրադարձություն պաշտոնապես առաջին անգամ է տեղի ունենում: Ելնելով արձագանքներից՝ շատ հաջողված և մեծ հետաքրքրություն առաջացրած միջոցառում էր, և հաշվի առնելով այդ հանգամանքը՝ հուսով են նաև այլ նմանատիպ միջոցառումներ կանցկացնեն: «Երևանում շատ տեղեր կան, որտեղ կցանկանայինք նմանատիպ միջոցառումներ իրականացնել, պարզապես ամեն մեկը չէ, որ թույլ է տալիս նման բան անել, քանի որ կարծում են, որ շատ վտանգավոր բան է»,- նշում է Ահարոն Խաչատրյանը, սակայն վստահեցնում է, որ անհանգստանալու կարիք չկա: 

Նշենք նաև, որ նույն օրը ներկայացվեց նաև պար կախված պարաններից, ինչպես նաև Scream Of Soul թիմի խենթ էքստրեմալները ցուցադրական թռիչքներ անցկացրին շենքի տանիքից։ Լիաննա Խաչատրյանն էլ մասնակիցների համար ցուցադրեց օդային ակրոբատիկ շոու: 

Նախաձեռնողները նախատեսում են նմանատիպ միջոցառումները շարունակական դարձնել, և ինչու ոչ, նման իրադարձություն անցկացնել նաև մարզերում: 

Պատկերասրահ՝ Էքստրեմալ քայլեր Երևանում