Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Մարիետա Վարդանյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 08-05-2019
Նոր գույներ և շունչ հաղորդող «Գույն»-ը
Ապակուց, սինթետիկ կավից յուրահատուկ սպասք, ծաղկամաններ, ակսեսուարներ, փայտյա պարագաներ, գործվածքներ... այս շարքը ներկայացված է «Գույն»-ի տեսականիում:



23-ամյա Մարիետա Վարդանյանը մասնագիտությամբ գործավար-թարգմանիչ է, սակայն արդեն 7 տարի է, ինչ մայրիկի հետ ստեղծում է արվեստի յուրահատուկ գործեր:

Փոքրուց զբաղվել է նկարչությամբ, գոբելանագործությամբ և անգամ աշխատանքներից մեկն Օշականի թանգարանում է գտնվում: Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում Մարիետան նշեց, որ չնայած իր մասնագիտությամբ չի զբաղվում, սակայն աշխատանքում իրեն շատ է օգնում, քանի որ իրենց աշխատանքներով հետաքրքրվողները նաև արտասահմանցիներ են, որոնք ի դեպ շատ են տարված հայկական զարդանախշեր պարունակող իրերով:



«Մայրս մասնագիտությամբ կիրառական արվեստի ուսուցչուհի է, ուստի նրա մասնագիտական կարողությունները մեր հաջողության լավագույն գրավականն են: Մենք այդպիսով ստեղծում ենք արվեստի գործեր, որոնք կիրառական են: Ի սկզբանե մեր նպատակը հենց դա էլ եղել է, որպեսզի այն ծառայի ոչ միայն որպես ակսեսուար, այլ օգտագործվի, արվեստի շունչը մտնի կենցաղ, մարդիկ բավականություն ստանան թե' տեսքից, թե' կիրառությունից»,- նշում է Մարիետան:

Զարդանախշերը ևս բազմազան են, չեն կրկնվում, ներկայացնում են տարբեր տարածաշրջաններ: Մշտապես տեսականին նորացվում է: Բացի գեղագիտական տեսքից ուշադրություն է դարձվում նաև որակին, ինչը «Գույն»-ի պարագայում կարևոր է:  



«Գույն» ապրանքանիշին շատ հաճախ կարելի է հանդիպել ցուցահանդեսներին: Ընդ որում` այս տարի արդեն մասնակցել են թվով 7 ցուցահանդեսի: Առաջիկայում մտադիր է հանդես գալ նոր, յուրահատուկ աշխատանքներով, որպեսզի ոչ միայն հայ հասարակությունը, այլև աշխարհն իմանա հայկական հարուստ մշակույթի մասին: