Նյութը՝ Նունե Հարությունյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 08-05-2019
Մայիսյան հաղթանակներին նվիրված համերգ
Մայիսի 6-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի դահլիճում տեղի ունեցավ համերգ` նվիրված մայիսյան հաղթանակներին։

Համերգը կազմակերպվել էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաների նախաձեռնությամբ:

Արթուր Խաչենցը, ով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սան է,  Eritasard.am-ի հետ զրույցում նշեց. «Սովորելով Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` հասկացա, որ նմանատիպ միջոցառումներ շատ քիչ են կազմակերպվում, և չնայած նրան, որ կոնսերվատորիան ունի շատ լավ կադրեր, կա  համախմբվածության կարիք: Այսպիսով՝ մենք փորձեցինք փոխել մարտավարությունը և կազմակերպել միջոցառում` նվիրված հայ զինվորին և մայիսյան հաղթանակների «շղթային»»:

Համերգային ծրագրում ելույթ ունեցավ «Հայ մյուզիք բենդ» վոկալ անսամբլը. անսամբլի գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր, դիրիժոր Վահե Հայրապետյանը:

«Հայ մյուզիք բենդ» վոկալ անսամբլի անդամ Գայանե Թադևոսյանը ելույթ ունեցավ «Ես կգամ» հեղինակային երգով: 

Ելույթով հանդես եկան նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաներ Մարիամ Ղազանչյանը, Մարիաննա Հովհաննիսյանը,  Արթուր Խաչենցը,  ինչպես նաև 11-ամյա դուդուկահար Թաթուլ Համբարձումյանը և այլ տաղանդավոր երիտասրդներ:

Միջոցառման ընթացքում անդրադարձ եղավ  հայ ժողովրդի անցած ուղուն` Ավարայրի ճակատամարտից մինչև Ապրիլյան քառօրյա պատերազմ:

Միջոցառմանը հրավիրված էին զոհված զինվորների մայրեր, «Վարդանանք» հայրենասիրական ակումբի անդամներ և այլ հյուրեր: 

Պատկերասրահ՝ Համերգ` նվիրված մայիսյան հաղթանակներին