Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 09-05-2019
Հեքիաթից դուրս եկած կապույտ աղվեսիկը՝ Լիլիթ Ալթունյանը
Երիտասարդ նկարազարդող Լիլիթ Ալթունյանն ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նկարչական բաժինը:
Երկար տարիներ աշխատել է որպես դիզայներ: Այնուհետև մեկնել է Ֆրանսիա, որտեղ երկու տարի շարունակ սովորել է իլյուստրացիա-անիմացիա  և գրաֆիկական դիզայն: Ֆրանսիայում որոշ ժամանակ աշխատելուց հետո Լիլիթը վերադարձել է Հայաստան: Այստեղ հրատարակվել է Լիլիթ Ալթունյանի «Կապույտ աղվեսը» գիրքը: Լիլիթ Ալթունյանը Eritasard.am-ի հետ զրույցում խոստովանում է, որ հեքիաթի «ամռանը անտառում մութն ընկնելուն պես անպայման հանդիպող կապույտ աղվեսիկը» իրեն շատ է նման. «Նրան անտառում անմիջապես ճանաչում են, քանի որ աղվեսիկը կապույտ է: Նա շրջել է հեռավոր անտառներով՝ երազելով գտնել իր կապույտ անտառը. տեսել է աշնան անձրևի կաթոցը, ձմռան ձյունե ծածկոցն ու գարնանային ծաղիկներ…»: 
 
Լիլիթ Ալթունյանի հետ զրուցել ենք իր ստեղծագործական գործունեության մասին:

- Ինչպե՞ս եք ընտրում՝ ինչ նկարազարդել:
 
Ես նկարազարդում եմ իմ գրած պատմությունները: Դա ավելի շատ եմ սիրում:  Յուրաքանչյուր ստեղծագործող մի ձև ունի ստեղծագործելու: Ես հիմնականում ստեղծագործում եմ իմ ներքին աշխարհից, ապրումներից դրդված: Անգամ անգիտակցաբար «Կապույտ աղվեսը» հեքիաթի միջի աղվեսին ստեղծել եմ այնպես, որ գրքի աշխատանքները անելուց և հրատարակելուց հետո ինձ սկսել են նմանեցնել այդ աղվեսին: 



- Բոլորովին վերջերս մասնակցել եք Իտալիայում Բոլոնիայի մանկական գրքի ցուցահանդես-տոնավաճառին: Ի՞նչ տպավորություններ ունեք:
 
Բոլոնիայի մանկական գրքի ցուցահանդես-տոնավաճառը այս տարի 56-րդն էր: Եվրոպայի մակարդակով մանկական գրքերի ամենամեծ և հեղինակավոր գրքի տոնավաճառներից է և տեղի է ունենում ամեն տարի: Մասնակցում են՝ ԱՄՆ-ից, Չինաստանից և շատ այլ երկրներից: Սա մի մեծ միջոցառում է, որին մասնակցում է նաև Հայաստանը, սակայն, ցավոք, ոչ մեծ ակտիվությամբ և ներկայացվածությամբ։ Մենք կտրված ենք համաշխարային հարթակներից, իսկ եթե մասնակցում ենք շատ ձևական բնույթ է կրում։ Հայ նկարազարդողներն ու հեղինակները չեն սնվում այսպիսի միջոցառումներից, չեն ոգևորվում ու վազում տուն նոր հեքիաթներ գրելու ու նկարազարդելու։ Հայ հրատարակիչներից քչերն են ձգտում հայ հեղինակներին տպագրել ու զարգացնել ոլորտը։ Նկարազարդող հեղինակները քիչ են վճարվում, եթե համեմատենք միջազգային մակարդակի հետ։ Ես մանկական գրքերի այն քիչ հեղինակ-նկարազարդողներց եմ, որ հրատարակվել է հայաստանում, և ում գիրքը հիմա վերահրատարակվում է։ Սա երկրորդ տարին է, ինչ սեփական նախաձեռնությամբ մասնակցել եմ: 

- Որպես հայ երիտասարդ ստեղծագործող՝ միջազգային հեղինակավոր նման ցուցահանդեսի մասնակցելը ի՞նչ տվեց Ձեզ: 

Այդ միջավայրում լինելը շատ կարևոր է թե՛ հեղինակների, թե՛ նկարազարդողների համար: Նկարազարդողը պետք է տեղյակ լինի, թե աշխարհում ինչ է կատարվում, ինչ մակարդակի է դասվում իր աշխատանքը հայաստանյան շուկայից դուրս: Այդ է պատճառը, որ ես ոչինչ չեմ խնայում, որ մասնակցեմ: Երիտասարդ ստեղծագործողները այնտեղ հնարավորություն ունեն ցույց տալու իրենց աշխատանքները հեղինակավոր մասնագետների, լսելու նրանց խորհուրդները: Միջազգային այդ ցուցահանդես-տոնավաճառի հագեցած ողջ ընթացքը շատ կարևոր է նկարազարդողի համար: 



- Խոսեցինք ձեր հեղինակած հեքիաթի, մանկական գրքի նկարազարդումների մասին: Իսկ փորձե՞լ եք ստեղծագործել այլ թեմաներով:

Այո, միայն մանկական ժանրում չեմ գրում: Իմ ստեղծագործությունները պատմություններ են: Ունեմ նաև պատմություններ սիրո մասին, որն էլի արտահայտվել է նկարազարդումներով: 

Նաև շուտով մասնակցելու եմ Անսիի անիմացիոն փառատոնին: Իմ կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի նախագիծն անցած տարի շահեց animation du monde ծրագրի շրջանակում անցկացվող դասընթաց-մրցույթում: Այսպիսով նաև հեղինակային անիմացիայի ոլորտում եմ ստեղծագործում:

- Ի՞նչ աշխատանքներ եք իրականացնում այս պահին և ի՞նչ ծրագրեր ունեք ապագայի հետ կապված:

Այս պահին աշխատում եմ մեկ այլ ստեղծագործության նկարազարդման վրա, որը ես չեմ գրել: Հեղինակը ֆրանսիացի է, ոչ շատ ճանաչված: Ասաց՝ այս պատմությունը ինձ շատ կսազի: Շարունակում եմ աշխատել «Զանգակ» հրատարակչության հետ: Վերնագիրը դեռ վերջնական որոշված չէ: Դա մի պատմություն է փոքրիկ հսկա Մոմոյի մասին, ով չէր ուզում մեծանալ: Պատմությունը դպրոցում երեխաների մեջ տեղի ունեցող խտրականության, ընկերության, սիրո, մանուկների մասին է: 

Հետագայում ուզում եմ մի նոր նախագիծ ներկայացնել՝ հեղինակել գրաֆիկական նովել: Եթե չեմ սխալվում, Հայաստանում կա միայն մի աշխատանք, որ հավակնում է համարվել գրաֆիկական նովել: Սակայն, ըստ իս, դա ավելի շատ կոմիքս է: Իմ աշխատանքի՝ գրաֆիկական նովելի թեման նորից լինելու է սերը: Սեր՝ ուղղված մեծերին: Դա դեռ գաղափար է:  Հուսամ՝ ամեն բան կլինի իր ժամանակին: