Նյութը՝ Հայաստանի կոմպոզիտորների միությունից
Լուսանկարները՝ Հայաստանի կոմպոզիտորների միությունից
Տեղադրվել է 10-05-2019
Միրզոյանական 6-րդ մրցույթն այս տարի կկայանա մայիսի 11-ից 13-ը
Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ արդեն 6-րդ տարին անընդմեջ անցկացվող Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթն այս տարի կմեկնարկի մայիսի 11-ին, որին իրավունք կունենան մասնակցելու մինչև 18 տարեկան հայազգի ստեղծագործողներ՝ բաժանվելով երկու խմբերի:

Կրտսեր խմբում կընդգրկվեն մինչև 13 տարեկան պատանիներ, ովքեր պետք է ներկայացնեն ցանկացած գործիքի համար գրված մեկ ստեղծագործություն՝ մինչև 5 րոպե տևողությամբ, իսկ Ավագ խմբում՝ 14-18 տարեկան պատանիներ, ովքեր պետք է ներկայացնեն մինչև 4 գործիքի համար գրված մեկ ստեղծագործություն՝ առավելագույնը 10 րոպե տևողությամբ: Մայիսի 11-ին կկայանա մրցութային փուլը, մայիսի 12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը, մասնակիցները կայցելեն պանթեոն և հարգանքի տուրք կմատուցեն անվանի կոմպոզիտորի հիշատակին, իսկ մայիսի 13-ին կկայանա արդեն գալա համերգն ու մրցանակաբաշխությունը: 

Մրցույթի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն խրախուսական նվերներով և մասնակցության վկայականներով, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած պատանիները՝ անվանական հուշանվերներով, պատվոգրերով, ինչպես նաև նրանց ստեղծագործությունները կձայնագրվեն ԵՊԿ ակուստիկ լաբորատորիայում: Երկու խմբերի հաղթող մասնակիցները կպարգևատրվեն նաև Երևանի քաղաքապետի պատվոգրով, իսկ Միրզոյան ֆոնդի կողմից՝ նաև դրամական պարգևներով: Ի դեպ, բոլոր մասնակիցների համար պետական կոնսերվատորիայում կանցկացվեն վարպետության դասեր ԵՊԿ դասախոսական կազմի կողմից:

Նշենք, որ նախագիծն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի, Երևանի Կոմիտասի անան պետական կոնսերվատորիայի և Էդվարդ Միրզոյան հիմնադրամի գործընկերությամբ:

Պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի  նպատակն է ամեն տարի մեկ հարկի տակ հավաքագրել շնորհալի ստեղծագործող հայազգի պատանիներին՝ տալով նրանց հնարավորություն ներկայացնելու իրենց ստեղծագործություններն ու լինելու հայ կոմպոզիտորական դպրոցի մի մասնիկը: