Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 11-05-2019
«Հինգ տառ» բալետային ներկայացման պրեմիերան նվիրվում է Վահագն Մարգարյանի հիշատակին
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մայիսի 11-ին և 14-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ցուցադրվելու է «Հինգ տառ» մեկ գործողությամբ բալետային ներկայացումը՝ նվիրված թատրոնի առաջատար պարող Վահագն Մարգարյանի հիշատակին: Ներկայացման սցենարիստներն են Լևոն Հախվերդյանը և Հարություն Մելքոնյանը:

Բեմադրող ռեժիսորն է Գրիգոր Խաչատրյանը, բալետմայստեր` Արա Ասատուրյան, եռաչափ անիմացիայի ղեկավար` Հրանտ Սիմոնյան, զգեստների նկարիչ` Աստղիկ Ստեփանյան: Ներկայացումների ողջ հասույթը տրամադրվելու է Ապագա համայնքի Վահագն Մարգարյանի անվան մշակույթի տանը:

«Մենք ամբողջությամբ դուրս ենք եկել բալետային ներկայացում հասկացողության բոլոր ձևաչափերից: Փորձել ենք խուսափել այն ամենից, ինչը ևս մեկ անգամ կհիշեցնի մեզ մեր կորստի մասին, ցանկացել ենք ավելի վառ գույներով ներկայացնել Վահագն Մարգարյանի էությունը: «5 տառ» ներկայացման մեջ կա խոսք, ինչը նորամուծություն է բալետային ներկայացման մեջ: 5 հոգի պատմելու են իրական դեպքեր, որոնք հենց Վահագն Մարգարյանի կյանքից ու արկածներից են»,- մինչև ներկայացումը լրագրողների հետ զրույցում նշեց բալետի առաջատար արտիստ Ռուբեն Մուրադյանը՝ հավելելով, որ ներկայացումը ցուցադրելու է Վահագնի մարդ տեսակը, էությունը: 

Հիշեցնենք, որ բալետի առաջատար արտիստ Վահագն Մարգարյանը ավտովթարի էր ենթարկվել 2018 թվականի նոյեմբերի 6-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին։ Բժիշկներն օրեր շարունակ պայքարում էին նրա կյանքը փրկելու համար: Մարգարյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 20-ին:

Պատկերասրահ՝ «Հինգ տառ» բալետային ներկայացման գլխավոր փորձը