Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Հարություն Ծատրյանի
Տեղադրվել է 13-05-2019
Երիտասարդ զույգերի հարաբերությունների օգնական գիրքն արդեն հասանելի է հայերեն
Լույս է տեսել ամերիկացի գրող, հոգեբան Գերի Չեփմենի «Սիրո 5 լեզուները. հավերժական սիրո գաղտնիքը» գրքի հայերեն թարգմանությունը։

Ամերիկացի գրող, հոգեբան Գերի Չեփմենը նոր անուն չէ։ Վերջինիս ստեղծագործությունները ոչ միայն օգնում են մարդկանց հարաբերություններ կառուցել, այլեւ նորոգել մարդկային կապերը։ Գերի Չեփմենի գրքերը թարգմանվել են աշխարհի 10-յակ լեզուներով՝ փաստելով, որ հեղինակի խորհուրդներն արդյունավետ են, օգնում են ամուր ընտանեկան կապեր ստեղծել ու պահպանել։

«newmag» հրատարակչական ընկերության ջանքերով Գերի Չեփմենի ամենահայտնի գրքերից «Սիրո 5 լեզուները. հավերժական սիրո գաղտնիքը» հասանելի է նաեւ հայերեն կարդացողների համար։ Բեսթսելլեր դարձած գրքում Գերի Չեփմենն իր անձնական օրինակով հաստատում է երջանիկ հարաբերությունների բանաձեւը։ Չնայած բազմաթիվ խոչընդոտներին՝ գրքի հեղինակի եւ իր կնոջ ամուսնությունը բարեկեցության խորհրդանիշ է. Գերի Չեփմենը կնոջ հետ մեծացրել է երկու զավակներին, իսկ ներկայում ուրախանում է թոռներով։



«Սիրո 5 լեզուները» հաճելի ընթերցանության ձեռնարկ է, որը նախատեսված է նախ ամուսնական զույգերի համար։ Ըստ «newmag» հրատարակչական ընկերության ղեկավար Արտակ Ալեքսանյանի խոսքով՝ գիրքը հրաշալի ուղեցույց կարող է լինել հարաբերությունները ճիշտ կառուցելու համար. «Հեղինակը առաջարկում է 5 բաղադրատոմս, որը կիրառելի է նաեւ հայաստանյան իրականության մեջ։ Իհարկե, որոշակի տարբերություններ կան Գերի Չեփմենի գրքում նկարագրած ընտանիքի եւ հայ իրականության միջեւ, սակայն խորհուրդները կարող են չափազանց օգտակար լինել»։

Գերի Չեփմենը փորձել է ամուսիններին օգնել ծանր հարաբերությունները «բժշկելու» գործում։ Գրքի միջոցով նա առաջարկում է սիրո 5 լեզու՝ խրախուսանքի խոսքեր ասելու, օգտակար լինելու, նվերներ անելու, միասին ժամանակ անցկացնելու եւ ֆիզիկապես շփվելու հորդորներով։ Հեղինակի տեքստը զգուշորեն «նորոգում է» ընտանեկան հարաբերությունները, ինչի արդյունքում էլ այն շատ օգտակար կարող է լինել նոր ամուսնացածների համար։

Գիրքը թարգմանել է ԱՄՆ-ում բնակվող Լիլիթ Գրիգորյանը։ Վերջինս այնքան կլանված է իր առջեւ դրված խնդրի լուծմամբ, որ թարգմանություններ իրականացրել է անգամ օդանավակայաններում թռիչքների սպասելիս։ Թարգմանչի խոսքով՝ գիրքը հատկապես կարեւոր կարող է լինել հայ տղամարդկանց համար, քանի որ կոչ է արվում փոխադարձաբար սիրել միմյանց. «Ոչ թե միայն կինը ծառայի ամուսնուն, դրական խոսքեր ասի նրան, այլեւ այդ ամենը լինի փոխադարձ»։



«Սիրո 5 լեզուները» գրքի հայերեն թարգմանության խմբագիրը հեռուստալրագրող Տաթեւիկ Նալբանյանն է։ Վերջինիս համար սա առաջին խմբագրական փորձն էր, եւ իսկական մարտահրավեր է եղել. «Գիրքը նման է երկխոսության ընթերցողի հետ, եւ պետք էր այնպես խմբագրել, որ այն լինի հասկանալի, մտքերը՝ պարզ ու հստակ, բայց մյուս կողմից չընկալվի որպես պարզունակ խորհուրդ»։

Գրքի գործընկերը Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմն է եղել։ Գրքի սկզբում ներառված է նաեւ թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գրած «Գիր Օրհնության» նախաբանը։
 
Սիրելու եւ սիրելի լինելու մասին պատմող «Սիրո 5 լեզուները. հավերժական սիրո գաղտնիքը» գիրքը նրանց համար է, ովքեր ցանկանում են ամրապնդել ամուսնական կապն ու բացահայտել կողակցի «սիրո լեզուն»։ Ընթերցողը միանգամից հասկանում է, որ սա սովորական գիրք չէ, այն ձեռնարկ է, որը հուշարարի դերակատարում է ստանձնել։ Գիրքը քայլ առ քայլ հուշում է, թե ինչ է պետք անել սիրո լեզուների գաղտնիքները բացահայտելու համար։

Հայերեն թարգմանությամբ գիրքը վաճառքի է հայտնվելու մայիսի 13-ից։ Այն հասանելի է բոլոր գրախանութներում։ Գիրքն առցանց գնելու դեպքում արժե 4000 դրամ, իսկ գրախանութներում գինը 4800 դրամ է։