Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 16-05-2019
Մեկնարկեց «Նորարարությունների կառավարում» 5-րդ միջազգային երիտասարդական գիտական դպրոցը
Մայիսի 16-18-ը Ծաղկաձորում կընթանա «Նորարարությունների կառավարում» V միջազգային երիտասարդական գիտական դպրոցը:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Դպրոցի նպատակն է նպաստել տաղանդավոր երիտասարդ գիտնականնների, հետազոտողների և ուսանողների միավորմանը, աջակցել երիտասարդության նորարարական գործունեության մակարդակի և մասնագիտական իրազեկության բարձրացմանը: 

Դպրոցին կմասնակցեն մրցույթային կարգով անցած մինչև 30 տարեկան մի խումբ երիտասարդ ուսանողներ, գիտնականներ, ասպիրանտներ, գիտական աշխատողներ, սկսնակ ձեռներեցներ, ինչպես նաև նորարարական ձեռներեցությամբ և մտավոր գործունեության արդյունքների առևտրայնացմամբ հետաքրքրված անձինք:

Դասախոսությունների, վարպետության դասերի (master class) ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ բիզնես առաջարկների կազմման տեխնիկային, զարգացնել բիզնես նախագծերի արդյունավետ պլանավորման և կառավարման կարողություններ, ինչպես նաև տիրապետել մտավոր սեփականության օբյեկտների պահպանման ու կառավարման հիմնային գիտելիքներին: 

Մասնակիցներին մասնագիտական գիտելիքները զարգացնելու հարցում կօգնեն նորարարական մենեջմենթի, նախագծերի կառավարման և մտավոր սեփականության իրավունքների պահպանման ոլորտների հրավիրված առաջատար մասնագետներն ու փորձագետներ: Նրանց թվում են` Արսեն Հայրիյանը, Մարի-Հրաչուհի Բողոսյանը, Գանի Աբադան, Նարեկ Մանասերյանը, Դավիթ Իսկանդարյանը, Տաթև Հովհաննիսյանը, Մարինա Մխիթարյանը: