Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 20-05-2019
Valar Morghulis կամ «Գահերի խաղը» հատում է եզրագիծը
Ավելի քան 10.7 մլն ամերիկացի մայիսի 20-ին աշխատանքի չի գնա «Գահերի խաղը» հեղինակավոր հեռուստասերիալի վերջին էպիզոդը դիտելու համար: Այդ մասին ասվում է Kronos ընկերության Աշխատանքային ռեսուրսների ինստիտուտի կանխատեսման մեջ: Բացի այդ, 2.9 մլն մարդ մտադիր է ուշացումով գնալ աշխատավայր, ևս 3,4 մլն հեռահար կաշխատի: Սերիալում, ի դեպ, նաև հայկական դուդուկի ձայնն է հնչում, ինչը հեռուստասերիալի հայ երկրպագուները վերջերս են բացահայտել:
Eritasard.am-ն առաջարկում է մինչ վերջին էպիզոդն անդրադառնալ վերջին տարիների ամենամեծ ժողովրդականություն վայելող հեռուստաշոուին: 

Ի՞նչ գիտենք «Գահերի խաղի» մասին 

«Գահերի խաղը»՝ Game of Thrones-ը ամերիկյան հեռուստասերիալ է՝ ստեղծված գրող Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի «Սառույցի ու կրակի երգ» վիպաշարի հիման վրա։ Հեռուստասերիալը ստեղծվել է Դեյվիդ Բենիոֆի և Դ. Բ. Ուեյսսի կողմից՝ «HBO» հեռուստաալիքի պատվերով։ Նկարահանումները տեղի են ունեցել Հյուսիսային Իռլանդիայում, Խորվաթիայում, Իսլանդիայում, Մարոկկոյում, Իսպանիայում, Մալթայում, Շոտլանդիայում և ԱՄՆ-ում։ 

Պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2011 թվականի ապրիլի 17-ին «HBO» ալիքով։ 2011 թվականի ապրիլի 19-ին՝ առաջին եթերաշրջանի ցուցադրումից հետո, արդեն իսկ հաստատվել է երկրորդ եթերաշրջանի նկարահանումը: Ընդհանուր առմամբ՝ այն բաղկացած է ութ եթերաշրջանից և 73 էպիզոդից: 

Ինչի՞ մասին է հեռուստասերիալը 
 
Հեռուստասերիալի դեպքերը զարգանում են Վեսթերոս և Էսսոս մայրցամաքներում՝ տասնամյակ տևած ամառվա վերջին։ Ամբողջ սերիալը զարգանում է մի քանի գծով։ Առաջին գիծը պատմում է Վեսթերոսի մեծ մասը զբաղեցնող յոթ թագավորությունների միջև ընթացող քաղաքացիական պատերազմի մասին, որը մղվում է հանուն երկրի իշխանության խորհրդանիշի՝ Երկաթե գահի։ Երկրորդը ներկայացնում է երկրի նախորդ կառավարող դինաստիայի վերջին ներկայացուցչի կյանքը Էսսոսում, որտեղ նա ծրագրում է վերադարձնել Գահը։ Երրորդ ժամանակագրությունը ցույց է տալիս Վեսթերոսի հյուսիսում զարգացող իրադարձությունները, որոնք պայմանավորված են մոտեցող երկարատև և ցրտաշունչ ձմեռով և այն բոլոր առասպելական էակներով, ովքեր գալիս են ձմռան հետ։

Հեռուստասերիալի հաղթական ուղին 
 
Հեռուստասերիալը համընդհանուր ուշադրության է արժանացել և ունի միջազգային երկրպագուների խոշոր բանակ։ Քննադատների շրջանում այն մեծամասամբ դրական արձագանքների է արժանացել, թեև առանձնակի քննադատության են արժանացել հեռուստասերիալում առկա մերկության և բռնության տեսարանները։ Հեռուստասերիալն արժանացել է գրեթե բոլոր հնարավոր հեռուստատեսային և կինո մրցանակների: 

Հետաքրքիր փաստեր
 
2012 թվականին ավելի քան 150 ընտանիքներ իրենց աղջիկ երեխաներին տվել են Խալիսի անունը։
ԱՄՆ-ում մեծ ժողովրդականություն է ձեռք բերում նաև Արյա աղջկա անունը։
Դերասանուհի Ունա Չապլինը, ով խաղացել է Ռոբ Սթարքի կնոջ դերը, լեգենդար դերասան Չարլի Չապլինի թոռնուհին է։
Իսկ Հարի Լլոյդը, որ առաջին եթերաշրջանում խաղացել է Վիզերիս Թարգարիենի դերը, Չարլզ Դիքենսի սերնդից է։
Ձիու սիրտը, որը Դեյեներիս Թարգարիենը ուտում է ամուսնությունից հետո, իրականում մարմելադ է։ Կեղծ էր նաև Թիրիոնի կերած միսը, քանի որ դերասանը բուսակեր է։
Դոթրակերեն լեզուն ստեղծվել է հենց հեռուստասերիալի համար. այն ներկայումս ավելի քան 3000 բառ ունի։ Լեզվի ստեղծման համար օգտագործվել են ռուսերենը, թուրքերենը, էստոներենը:
Փիթեր Դինքլեյջը (Թիրիոն Լանիստեր) միակ դերասանն է, ում ընտրել է հենց ինքը` Մարտինը, և որոշումը եղել է անփոփոխ։
Առաջին եթերաշրջանում գայլերի փոխարեն եղել են շներ։ Չորրորդ եթերաշրջանում շներին փոխարինում են իրական գայլերը, սակայն համակարգչային հնարքներով մի փոքր մեծացրած։

Հ.Գ. Ի դեպ, մայիսի 20-ին, ժամը 23:00 էպիքական հեռուստասերիալի վերջին էպիզոդը հնարավոր է դիտել «Կինոպարկ» կինոթատրոնում: