Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Ռոզա Գրիգորյանի
Տեղադրվել է 20-05-2019
Ամենահամեղ տոլմաների բազմազանություն. անցկացվեց Տոլմայի ամենամյա 9–րդ փառատոնը
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց–թանգարանի շրջակայքում մայիսի 19-ին անցկացվեց Տոլմայի ամենամյա 9–րդ փառատոնը։ Փառատոնին մասնակցեցին Հայաստանում գործունեություն ծավալող ռեստորաններ, հասարակական կազմակերպություններ և հանրային սննդի կետեր, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախարարության, Կարմիր խաչի, ինչպես նաև քոլեջների ներկայացուցիչներ։

Նրանցից յուրաքանչյուրը ներկայացրել էր իր իսկ բաղադրատոմսով պատրաստված ինքնատիպ տոլման: Ամբողջ փառատոնն ուղեկցվում էր ազգային երգ ու պարով. իրադարձությանը մասնակցեցին և միջոցառումն իրենց կատարումներով զարդարեցին տարատեսակ երգի ու պարի համույթներ: 

2011թ. Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ն առաջին անգամ նախաձեռնեց Տոլմայի համահայկական փառատոնը, որը միտում ուներ տարածել և մասսայականացնել տոլման, մոռացությունից վեր հանել նրա բազում տարատեսակներ, հանրությանը ներկայացնել տոլմայի պատրաստման եղանակները, նրա պատմությունը, դրանով իսկ այս վտանգված հայկական կերակրատեսակը զերծ պահել թրքացումից և բրենդավորել այն որպես հայկական ավանդական կերակուր: Տոլման՝ որպես տոնածիսական կերակուր, նաև կապված էր ազգային ինքնության հետ և այս կերակուրի հանրահռչակումը մեծ դեր ունի նաև հայ ինքնության նորովի ներկայացման վրա:



Տոլմայի համահայկական փառատոնը միտում ունի տարածել և մասսայականացնել տոլման: Փառատոնին ամեն տարի մասնակցում են տասնյակ խոհարարներ, ովքեր պայքարում են ավանդական ուտեստի ամենայուրօրինակ տարբերակը ներկայացնելու և մրցույթի առաջին տեղը գրավելու համար։ Ներկայացվող տեսականին գնահատում է հատուկ հրավիրված ժյուրին։ Փառատոնի ավարտին Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ կողմից մրցանակներ են հանձնվում լավագույն տաղավար, լավագույն սկսնակ խոհարար և հանդիսատեսի համակրանք անվանակարգերում։ Փառատոնի ընթացքում պատրաստվում է ամենաերկար տոլման, որի հեղինակի պարգևը հատուկ հյուրասիրությունն է։ Նշենք, որ այս տարվա տոլմայի երկարությունը 100 մետր էր: