Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 22-05-2019
«Նա սերունդ թողեց գիտության բնագավառում…»
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ պատմական գիտությունների թեկնածու, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի վերլուծաբան Կարո Ժամխարյանի «Կրթամշակութային կյանքը և հայապահպանության խնդիրները Սիրիայում և Լիբանանում 1920-1930-ական թթ.» գրքի շնորհանդեսը:

Մենագրության մեջ հեղինակը անդրադարձ է կատարել 600-ից ավելի գիտական աղբյուրի, ուսումնասիրել արխիվային փաստաթղթեր, հուշագրություններ ու տվյալ ժամանակի մամուլը:

Գրքի շնորհանդեսին ներկա էին պատմության ոլորտի ականավոր ներկայացուցիչներ, հեղինակի ընկերներն ու բարեկամները: Բացման խոսքում Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը  նշեց, որ Կարո Ժամխարյանը հասցրել է շառավիղ թողնել և գիտական առումով ակոսել մի կարևոր ճանապարհ. «Այն գիտական աշխատանքը, որի վրա Կարոն տարիներով աշխատել էր, հիմա արդեն մենագրության տեսքով իբրև գիրքը մեր սեղանին է: Կարոն սերունդ թողեց գիտության բնագավառում, ինչը գիտնականի համար յուրահատուկ զավակ է…»: 



Նշենք, որ գիրքը հանրության դատին հանձնեց առանց հեղինակի, քանի որ Կարո Ժամխարյանը կյանքից  հեռացել է 3 տարի առաջ՝ 30 տարեկան հասակում:

Նա հանդես է եկել մեկ տասնյակից ավելի գիտական զեկուցումով, հեղինակել 2 տասնյակից ավելի գիտական հոդված, որոնց մեծ մասը հասցրել էր հանձնել տպագրության: