Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 22-05-2019
Մաշտոցի պողոտայի գետնանցման կոնցեպտ է մշակվել
«Ստորակետ» ստուդիան Ֆեյսբուքում ներկայացրել է Մաշտոցի գետնանցման (Արամի, Բյուզանդ և Մաշտոց փողոցների խաչմերուկ) գտնվող վերանորոգման կոնցեպտ։

Նախագծելիս ճարտարապետներն առաջին հերթին նպատակ են դրել գետնանցումը դարձնել անվտանգ բոլորի համար, թե՛ առավոտյան, թե՛ գիշերային ժամերին, զարգացնել քաղաքային մշակույթը և Երևանում գրաֆիտի արվեստը (նախքան փակվելն այս գետնանցման պատերին հաճախ էին սթրիտ-արտի նմուշներ հայտնվում), հոգալ մշտական խնդրի՝ «պետքարանի» հարցը, ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց համար գետնանցումից օգտվելը դարձնել հնարավոր։

Հաղորդագրության մեջ ասվում է․«Այս նպատակներին հասնելու համար մենք նախագծեցինք աստիճանների և թեքահարթակի այս հիբրիդ լուծումը, որից կարող են նաև օգտվել մանկասայլակով ծնողները, հեծանվորդները և բոլոր նրանք, ում համար աստիճանները հարմար չեն: Անցումում տեղադրեցինք լուսային սենսորներ, որոնց միջոցով անցորդի շարժմանը զուգահեռ միանում են լույսեր, այսպիսով ապահովելով լուսավորությունը և միաժամանակ խնայելով էլեկտրաէներգիայի ծախսը»։

Իսկ անցումների մշտական խնդիրը լուծելու համար ճարտարապետներն անցումի միջնամասում նախագծել են ներս ընկած թեք պատեր, որոնց վրայով հոսում է ջուր. այդ հատվածները կարող են ծառայել որպես հասարակական զուգարան՝լուծելով մեր քաղաքի լուրջ խնդիրներից մեկը:

Գրաֆիտիների համար նախատեսված պատը ենթադրվում է պարբերաբար թարմացնել նորանոր պատկերներով։