Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 22-05-2019
Դասական երաժշտության երեկո՝ նվիրված Եվրոպայի օրվան
Մայիսի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի մասնակցությամբ համերգային ծրագիրը նվիրված էր Եվրոպայի օրվան:

Հնչեց  Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, որպես մենակատարներ հանդես եկան սոպրանո Սոֆյա Սայադյանը, մեցցո-սոպրանո Սոլջերդ Իսալավը, տենոր Իվալյո Միխայլովը, բաս Սերգեյ Կովնիրը:

Մինչ համերգի մեկնարկը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ասմունքեց  Բաղդասար Դպիրի «Տաղ ուրախության» բանաստեղծությունը:



«Այս օրը եվրոպացիներիս համար շատ կարևոր  է: Այն հիշեցնում է, որ անհրաժեշտ է պաշտպանել Եվրոպական միությունը՝ այն դարձնելով ավելի ամուր»,- ասաց Պյոտր Սվիտալսկին:

Նա փաստեց, որ Եվրոպայի օրը մեկ անգամ ևս ընդգծում է, որ իրենք ունեն ընդհանուր նկրտումներ խաղաղության, համերաշխության, ընդհանուր ինքնության ու պատվի վերաբերյալ:



Անդրադառնալով համերգային ծրագրին` Սվիտալսկին նշեց, որ ամենավառ հիշողությունը, որ տանելու է Հայաստանից  «Երուսաղեմի յոթ հրաշալիքները» ստեղծագործության սիմֆոնիկ նվագախմբի կատարումն է: 

Հավելենք, որ Եվրոպայի օրը նշում են 1985 թվականից:  Միլանում կայացած ԵՄ առաջնորդների գագաթաժողովում որոշում էր ընդունվել մայիսի 9-ը նշել որպես Եվրոպայի օր: 

Պատկերասրահ` Համերգային ծրագիր՝ նվիրված Եվրոպայի օրվան