Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 25-05-2019
«Համայնքային մշտադիտարկող» ծրագիրն ամփոփել է աշխատանքները
Մայիսի 20-ին կայացել է «Համայնքային մշտադիտարկող» ծրագրի փակման երկխոսության ֆորումը։

Ծրագիրը Լոռու մարզում իրականացվել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Ինթեգրիթի Էքշն»-ի առաջնորդությամբ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի, «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի և «Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ։ Իսկ ֆինանսական աջակցությունը ցուցաբերել է  Ասիական զարգացման բանկը: 

Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում ծրագրի Լոռու մարզի համակարգող Վահե Խաչիկյանը մի շարք մանրամասներ հայտնեց ծրագրի մասին,  մասնավորապես նշելով, որ մշտադիտարկման են ենթարկվել Վանաձորի թիվ 7-րդ դպրոցն ու ՀՀ-ում կառուցվող ևս 6 դպրոցի շինարարական աշխատանքներ: 


 
Համայնքի ակտիվ երիտասարդները, և առհասարակ ակտիվ գործունեություն ծավալողներն անցել են հատուկ վերապատրաստում, որից հետո մեկնարկել է մշտադիտարկման փուլը, այն է` այցելություն շինհրապարակներ, աշխատանքային գործընթացի մանրակրկիտ ուսումնասիրություն, խնդիրների արձանագրում: Դրան զուգահեռ իր աշխատանքներն է ծավալել նաև առանձին աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված են եղել շահագրգիռ կողմերի ներկայացուցիչները: Աշխատանքային ամբողջ ընթացքն անցել է քննարկումներով: 

Վահե Խաչիկյանը սակայն նշեց, որ Վանաձորում մի փոքր իրավիճակը բարդ էր, քանի որ խնդիրներն առավել գլոբալ էին, քան այն խնդիրները, որոնք արձանագրվել էին շինարարական աշխատանքների ժամանակ: 



«Մանրակրկիտ ուսումնասիրություններ ենք իրականացրել: Օրինակ` դպրոցներից մեկի տարածում ենթակայան կար, որը պատկանում էր ՀԷՑ-ին և տարածքում գտնվելը, բնականաբար, անվտանգային խնդիր է հարուցում: Յուրաքանչյուր  խնդրի փորձել ենք հնարավորինս լուծում տալ` աշխատելով համայնքապետարանների և նախարարությունների հետ: Մշտադիտարկման գործընթացները չափազանց կարևոր են, քանի որ դպրոցը կառուցվում է վարկային միջոցներով` պետությունը վարկ է վերցնում Ասիական զարգացման բանկից, և այս վարկը մարվելու է վճարված հարկերից: Եվ այստեղ կարևոր է մշտադիտարկման և հասարակության պատասխանատվությունը: Եթե որոշ ժամանակ անց որևէ խնդիր ծագի, ապա սա նաև մեր խնդիրն է լինելու: Բացի դա, մշտադիտարկումը նաև մասնակցային գործընթաց է, քանի որ, մարդը, որը պետք է օգտվի այս դպրոցից, ականատես լինելով ամբողջ աշխատանքին, քիչ հակված կլինի որևէ գույք փչացնել կամ վնասել»,-նշեց Վահե Խաչիկյանը: 



Վահե Խաչիյանը նաև տեղեկացրեց, որ կառուցվող դպրոցի շինարարությունը շուտով կավարտվի և սեպտեմբեր ամսին արդեն շահագործման կհանձնվի: 

Նշենք, որ ՀԿ Կենտրոնը համակարգում է Լոռու մարզի երկու դպրոցների` Վանաձորի թիվ 7 և Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցների շինարարության մշտադիտարկման գործընթացները: