Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 29-05-2019
Ֆիլմադարան. Կինոդերասանների աստղաբույլ՝ Տարանտինոյի «Մի անգամ Հոլլիվուդում» նոր ֆիլմում
Նոր և երկար սպասված «Մի անգամ Հոլլիվուդում» ֆիլմը, չնայած դեռ համաշխարհային ցուցադրություն չի ունեցել, բայց հավակնում է դառնալ «Օսկարի» գլխավոր մրցանակակիր:

Ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, կինոօպերատոր, պրոդյուսեր և դերասան Քվենտին Տարանտինոյի  ֆիլմերի ցանկում «Մի անգամ Հոլլիվուդում» ֆիլմն առաջինն է, որ հիմնված է իրական իրադարձությունների հիման վրա: Ֆիլմի բյուջեն կազմել է մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլլար: Այս ֆիլմը Տարանտինոյի 9-րդ ֆիլմն է: Մի առիթով վերջինս նշել է, որ մտադիր է նկարահանել միայն տասը ֆիլմ, ինչից հետո միայն կանցնի վաստակած հանգստին: 

«Մի անգամ Հոլլիվուդում» ֆիլմի պրեմիերան՝ փակ ցուցադրությունը, կայացավ Կաննի 72-րդ փառատոնի շրջանակներում: Մրցութային ծրագրում ընդգրվել էր 19 ֆիլմ: Ֆիլմի առաջին ցուցադրությունն ավարտվել է հանդիսատեսի ուղիղ 6 րոպե  տևած ծափահարություններով: Հենց այդ օրը Sony Pictures Entertainment ընկերությունը ներկայացրել է ֆիլմի պաշտոնական թրեյլերը:

Նկարահանումներն ընթացել են 2018 թվականի հունիսի 18-ից մինչև նոյեմբերի 1-ը: Բրիտանացի կինոքննադատ, գրող, լրագրող և սցենարիստ Փիթեր Բրեդշոուն ֆիլմը գնահատել է որպես մաքսիմալ դրական՝ այն կոչելով «զարմանալի, անհեթեթ զվարճանք»: Տարանտինոյի «Մի անգամ Հոլլիվուդում» ֆիլմն արդեն իսկ համարվում է «Օսկարի» հավանական գլխավոր մրցանակակիր: 

«Մի անգամ Հոլլիվուդում»  ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Քվենտին Տարանտինոն է: Գլխավոր հերոսներն են Լեոնարդո դի Կապրիոն, Բրեդ Փիթը և ավստրալացի դերասանուհի Մարգո Ռոբին: Տարանտինոն չէր կարող սահմանափակել ֆիլմում միայն երեք աստղի ներկայությամբ, այդ իսկ պատճառով նրա ֆիլմի դերակատարներից դարձան նաև ծագումով իտալացի, թատրոնի և կինոյի ամերիկացի հանրահայտ դերասան, ռեժիսոր Ալ Պաչինոն,  ամերիկացի դերասանուհի և մոդել Հաննա Ֆենինգը և այլք: Նշենք, որ այս ֆիլմը դերասաններ Լեոնարդո դի Կապրիոյի և Բրեդ Փիթի առաջին համատեղ աշխատանքն է: 

Ֆիլմը պատմում է 1969 թվականին Հոլիվուդում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Ըստ սյուժեի՝ հայտնի հեռուստատեսային դերասան Ռիկ Դալթոնը և նրա օգնական Քլիֆ Բութը փորձում են գտնել իրենց տեղը կինոյի արդյունաբերության արագ փոփոխվող աշխարհում: Գործողությունները զարգանում են սերիական մարդասպան Չարլզ Մենսոնի խմբավորման շուրջ ծավալվող իրադարձությունների հիման վրա: 

Հավելենք, որ «Մի անգամ Հոլլիվուդում» ֆիլմի ցուցադրումը նախատեսվում է 2019 թվականի հուլիսի 26-ին: Իսկ Ռուսաստանում և Հայաստանում ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2019-ի օգոստոսին: 

Ֆիլմի պաշտոնական թրեյլերը՝