Նյութը՝ SPRING PR-ընկերության
Լուսանկարները՝ SPRING PR-ընկերության
Տեղադրվել է 29-05-2019
Հայկական մշակույթի օրերը Մոսկվայում
Մայիսի 27-ին Մոսկվայում մեկնարկեց Հայկական մշակույթի օրերի միջոցառումների շարքը, որը կազմակերպել է “Armenian Assembly” ՀԿ-ն:

«Armenian Assembly» հասարակական կազմակերպությունը ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի թեմի մասնակցությամբ և աջակցությամբ սույն թվականի մայիսի 27-ից հունիսի 1-ն անցկացնում է Հայկական մշակույթի օրերը  Մոսկվայում: 

Մոսկվայում Հայկական մշակույթի օրերի հանդիսավոր բացումն ազդարարվեց Պ․Չայկովսկու անվան Մոսկվայի կոնսերվատորիայի համերգային դահլիճում կազմակերպված՝ մաեստրո Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական հեղինակային երեկույթով: Տիգրան Մանսուրյանը ստեղծագործում է տարբեր երաժշտական ժանրերում, նա հայկական կինոֆիլմերի համար գրված սիրված մեղեդիների հեղինակ է:

Համերգին մասնակցում էին “Musica Viva” կամերային նվագախումբը՝ Ալեքսանդր Ռուդինի ղեկավարությամբ, Տուլայի պետական երգչախումբը՝ Ալեքսանդր Սոլովյովի ղեկավարությամբ, “Questa Musica”  երգչախումբը, ինչպես նաև հանրահայտ երաժիշտներ Սերգեյ Պոլտավսկին (ալտ), Պավել Դոմբրովսկին (դաշնամուր), Մարիամ Ավետիսյանը (սոպրանո)։ 

Տոնական համերգի պատվավոր հյուրերն էին «Armenian Assembly»-ի Կանանց նախաձեռնությունների կոմիտեի անդամներ Իրինա Պոչիտաևան, Ելենա Ծատուրովան, Արմինե Ղազարյանը, Նորարար տեխնոլոգիաների և գիտության կոմիտեի անդամ Սերգեյ Ազատյանը, լիբանանահայ գործարար, «Մայրիգ» ռեստորանների ցանցի սեփականատեր Ալին  Կամակյանը և GOURMET FEST գաստրոնոմիկ միջոցառմանը հրավիրված ռեստորանային ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանից և այլ երկրներից ժամանած, Հայկական մշակույթի օրերի միջոցառումների մասնակիցներ: 

«Armenian Assembly» ՀԿ-ն և Մոսկվայում Հայկական մշակույթի օրերի կազմակերպիչները լիահույս են, որ իրականացվող միջոցառումները հայկական սփյուռքի ներկայացուցիչների, ինչպես նաև սփյուռքից դուրս  հաջողակ և հեղինակություն ունեցող մարդկանց  միջև կապերի ամրապնդման հարթակ կդառնան, միաժամանակ կնպաստեն Հայաստանի իմիջի բարձրացմանը, ազգային ինքության պահպանմանը, բազմադարյա մշակույթի և հնագույն լեզվի  հանրահռչակմանը։