Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ ԵԱԴ-ից
Տեղադրվել է 26-05-2019
Երիտասարդական աշխատանքի քաղաքականության խնդիրները՝ ԵԱԴ-ի ուշադրության կենտրոնում
ԵԽ նախարարների խորհրդի՝ երիտասարդական աշխատանքի CM/Rec(2017/4) հանձնարարականը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին դարձավ քննարկման առանցքային թեմա Երեւանում եւ ՀՀ մարզերում ապրող եւ գործունեություն ծավալող երիտասարդական աշխատողների համար։

Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնությունը, մարզային եւ երևանաբնակ շուրջ երեք տասնյակ երիտասարդների մեկտեղելով, կազմակերպել էր «We Recommend Youth Work» խոսուն խորագրով մեկօրյա սեմինար։ Միջոցառման կազմակերպիչները մարտի 11-ից 15-ը մասնակցել էին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երիտասարդական կենտրոնում կայացած երիտասարդական աշխատանքի քաղաքականությանը նվիրված ուսումնական ծրագրի, որի շրջանակում ստացած իրենց գիտելիքները եւ հմտությունները փոխանցեցին սեմինարի մասնակիցներին։

«Այսօր մեզ էին միացել ինչպես մայրաքաղաք Երեւանից, այնպես էլ մարզաբնակ մի շարք պայծառ երիտասարդներ։ Հավաքվել էինք քննարկելու, թե ով է երիտասարդական աշխատողը, ինչպիսին է նրա գործառույթները, ինչ է երիտասարդական աշխատանքը, ինչ ենք հասկանում, երբ կիրառում ենք երիտասարդական քաղաքականություն բառակապակցությունը։ Կարծում եմ, որ սեմինարի մասնակիցների համար արդեն պարզ է, թե ինչու է կարեւոր խոսել երիտասարդական աշխատանքի մասին եւ այն հնարավորինս դարձնել ճանաչված։ Բացի այդ, մասնակիցների համար այժմ պարզ է, թե ինչպես երիտասարդը կարող է ջատագովություն անել իր իսկ խնդիրների լուծման համար»,- ասաց Երիտասարդական ակումբների դաշնության միջազգային քարտուղար Դիանա Եղիազարյանը։



Սեմինարի մասնակիցները խոսեցին նաեւ Եվրոպայի խորհրդի գործունեության մասին, նշեցին, թե ինչպիսի դեր ունի կառույցը հատկապես հայ երիտասարդության կյանքում։ Կազմակերպիչները ներկաներին ծանոթացրին անեւ ԵԽ նախարարների խորհրդի՝ երիտասարդական աշխատանքի վերաբերյալ 2017 թ.-ին ընդունած հանձնարարականին, որը, ի դեպ, առաջին անգամ հենց իրենք են հայերեն թարգմանել։ Արդյունքում բուռն քննարկում ծավալվեց փաստաթղթում առկա մի շարք կետերի շուրջ։

Հատկանշական է, որ 2017 թ.-ին ԵԽ նախարարների խորհրդի 1287-րդ ժողովի ժամանակ երիտասարդական աշխատանքի վերաբերյալ հանձնարարական /CM/Rec(2017)4/ է ընդունվել, որով խրախուսվում է ԵԽ անդամ պետություններին զարգացնել եւ ուժեղացնել երիտասարդական աշխատանքի քաղաքականությունն ու փորձը։

Սեմինարի մասնակիցները որոշեցին հետագայում ՀՀ-ում երիտասարդական քաղաքականության մշակման փուլում առավել ակտիվորեն ներգրավվել հանրային քննարկումներում ինչպես Երեւան քաղաքում, այնպես էլ երկրի մարզերում։ Միջոցառման ավարտին ակտիվ մասնակիցներին նաեւ հավաստագրեր տրվեցին։