Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 30-05-2019
Երիտասարդական աշխատողի վերապատրաստման դասընթացի մասնակիցների ընտրության մրցույթ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից երիտասարդական աշխատողների համար իրականացվող վերապատրաստման ծրագիրը կկայանա 2019 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին:

Դասընթացի առկա (face to face) հանդիպումները անցկացվելու են 2019 թվականի սեպտեմբերի 6-8-ը, հոկտեմբերի 11-13-ը և նոյեմբերի 13-15-ը Հայաստանի Հանրապետության 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում: Դասընթացների միջակայքում կիրականացվեն ինքնուրույն աշխատանքներ: Մասնակիցը պարտավոր է հավաստել իր մասնակցությունը դասընթացների բոլոր փուլերին: 

2019 թվականի նոյեմբերի 16 ին դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու երիտասարդական աշխատողի վերապատրաստման փորձ ունեցող եվրոպական երկրներից հրավիրված միջազգային և տեղական փորձագետների հետ, որոնք կներկայացնեն երիտասարդական աշխատանքի իրենց երկրների փորձը:

Վերապատրաստումն իրականացնելու համար հիմք է ծառայելու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 29-ի № 301-Ա/1 հրամանով հաստատված «Երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագիրը»: 

Դասընթացին կարող են մասնակցել երիտասարդների կամ երիտասարդական խմբերի հետ, ինչպես նաև երիտասարդության հիմնախնդիրների լուծմանն ուղղված աշխատանք իրականացնող կազմակերպությունների կամ այլ մարմինների ներկայացուցիչներ: 

Դասընթացներին ամբողջական մասնակցություն ունեցած և դասընթացի ընթացքում բոլոր առաջադրանքները կատարած երիտասարդական աշխատողները կստանան վկայական: 

Հայտերի ընտրության ժամանակ նախապատվություն կտրվի ՀՀ մարզերը ներկայացնող երիտասարդական աշխատողներին՝ պահպանելով մարզային ներկայացվածության և սեռային բալանսները: 

Եթե ցանկություն ունեք մասնակցելու երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագրին, ապա խնդրում ենք մինչև 2019 թվականի հունիսի 20-ը erit.msy@gmail.com էլ. հասցեով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ներկայացնել հայերենով գրված Ձեր ինքնակենսագրականը (CV-ն) և դասընթացին մասնակցության հայտը (կից ձևի համաձայն) և երաշխավորագիր այն կազմակերպության կողմից, որը Դուք ներկայացնում եք: Երաշխավորագրում պարտադիր պետք է նշված լինեն թե՛ Ձեր գործառույթները կազմակերպությունում և թե՛ կազմակերպությունը ինչպես է տեսնում Ձեր հետագա գործունեությունը: